Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԿՔԱՇՎԵՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ԱԺ դերի մեծացումը գովազդող կոալիցիան դեմ է նիստերի հեռարձակմանը Եկող շաբաթ սկսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում, ըստ ամենայնի, կքննարկվի նաեւ ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որ պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: «Արդարություն» խմբակցությունը եւ «Ազգային միաբանությունը» մի շարք առաջարկներ են արել այս կապակցությամբ, եւ եթե դրանք ընդունվեն, ընդդիմադիր խմբակցությունները, թերեւս, կողմ կլինեն նոր կանոնակարգին: Մեզ հետ զրույցում պատմելով իրենց առաջարկությունների մասին՝ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Ես պնդել եմ, եւ դա իրենք ընդունեցին, որ կառավարության ծրագրի վերաբերյալ պետք է ընթանա սովորական քննարկում, այսինքն՝ պատգամավորները եւ խմբակցությունները եւս ելույթներ պետք է ունենան: Կոալիցիան գրել էր, որ միայն հարցեր է կարելի տալ: Մեր այս առաջարկն ընդունվեց, սակայն կարծես չընդունվեց մեր մյուս առաջարկը, որ հեռարձակվի կառավարության ծրագրի ընդունումը»: Հաջորդ առաջարկը վերաբերում է հարցապնդումներին: Եթե մինչ սահմանադրական փոփոխությունների ընդունումը նույն կոալիցիան առիթը բաց չէր թողնում գովազդելու, որ փոփոխություններով մեծանում է ԱԺ-ի դերը, խոսում էին այն մասին, որ այն կարող է վերահսկողություն իրականացնել կառավարության գործունեության նկատմամբ եւ այլն, հիմա արդեն իշխանամետ խմբակցությունները դեմ են հարցապնդումների հեռարձակմանը: Փաստարկելով հեռարձակելու մասին իր առաջարկը՝ Վիկտոր Դալլաքյանը հարցնում է. «Ինչո՞ւ անհատ պատգամավորի եւ կառավարության հարց ու պատասխանը ցուցադրվում է, իսկ սա, երբ ԱԺ-ն կարող է նաեւ որոշում ընդունել՝ չպետք է ցուցադրվի: Հեռուստատեսությամբ ցուցադրելու մասին մեր առաջարկը սվիններով ընդունվեց»: Հարցապնդումների մասին եւս մեկ մանրամասն. եթե կոալիցիան կանոնակարգային իր փոփոխություններում գրել է, որ նստաշրջանի ընթացքում կառավարությանը հարցապնդումով կարելի է դիմել ոչ ավելի, քան 2 անգամ, ընդդիմությունն ասում է՝ ամեն նիստի էլ կարելի է դիմել հարցապնդմամբ, քանի որ դա կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն է: Վիկտոր Դալլաքյանի հաշվարկներով, առաջարկվող փոփոխություններում միայն 1 հարցապնդման համար տրամադրվելու է 20 ժամ. «Այսինքն՝ իրենց գրածն անհեթեթություն է, մենք առաջարկում ենք հարցապնդում ներկայացնող խմբակցությանը տրամադրել 10 րոպե, կառավարության ներկայացուցչին եւս 10 րոպե, եզրափակիչ ելույթի համար՝ 5-ական րոպե, ընդհանուրը՝ 30 րոպե: Եվ մյուս խմբակցություններին կտրվի 5-ական րոպե ելույթի համար, բոլորը միասին՝ 60 րոպե: Այսինքն՝ մեկ նիստի ընթացքում այս հարցը կարող է կարգավորվել»: Մինչ ընդդիմությունը սպասում է, որ կոալիցիան իր առաջարկները ընդունել-չընդունելու մասին պատասխան կտա 2 օրվա ընթացքում, երեկ արդեն «Փակագիծ» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ի համար անընդունելի են պատգամավորների հարցապնդումները կառավարությանն ուղղված հարցերի օրինակով նկարահանելն ու ցուցադրելը: Նախ, որովհետեւ «այդքան փող չկա», եւ հետո «հարցապնդումները կարող են մի քանի նիստ տեւել: Գալուստ Սահակյանը նախընտրելի է համարում այլ տարբերակ՝ «Խորհրդարանական ժամում» դրան 10-15 րոպե հատկացնելը»: Գործող Կանոնակարգի 45-րդ հոդվածում նշված է, թե կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողն ինչ պատժամիջոցներ է ձեռնարկում՝ զգուշացում անուն-ազգանունը հրապարակելով, խոսափողի անջատում, 1 նիստում խոսափողով հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում նիստերի դահլիճից՝ մինչեւ տվյալ օրվա ավարտը, եւ զրկում մինչեւ 6 օր ԱԺ նստավայր մտնելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում: Սա այսօր դեռ գործող Կանոնակարգից է, իսկ այժմ առաջարկվում է վերջին կետը հանել, եւ կոալիցիան կարծես խոստացել է դա հանել: Նկատեցինք, որ այս վերջին կետը կառավարության առաջարկով Կանոնակարգում մտցվել է այն ժամանակ, երբ պարոն Դալլաքյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն էր: Ի պատասխան մեր այս դիտարկման՝ Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Եվ այն ժամանակ, եւ այսօր ես այն կարծիքին եմ, որ անթույլատրելի է եւ կոռեկտ չէ, երբ կառավարությունը նախաձեռնում է ԱԺ Կանոնակարգային փոփոխություններ: Հենց այդ հարցի հետ կապված ես ժամանակին 33 ստորագրություն եմ հավաքել, եւ մենք դեմ ենք արտահայտվել այդ փոփոխություններին»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ