Մարզական
լրագրողներ Սլավա Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը Իտալիայից հաղորդում են Հայաստանը
ներկայացնող գեղասահքի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան երկյակը օլիմպիական
ելույթը 24 զույգերի պայքարում 137,99 միավորների ընդհանուր գումարով ավարտեց 20-րդ
արդյունքով: Կամավոր ծրագրի կատարումից հետո զրուցեցինք մարզիկների եւ նրանց մարզիչ
Ալեքսեյ Գորշկովի հետ: Անաստասիա Գրեբյոնկինա -Մեր ելույթը գնահատում եմ լավ:
Անձամբ ես գոհ եմ ինձնից: Փետրվարի 3-ին լուրջ վնասվածք էի ստացել ու մտավախություն
կար, որ չեմ կարողանա ելույթ ունենալ: Բայց շատ էի ուզում պարել ու հուսախաբ չանել
Հայաստանին ու մեր երկրպագուներին: Տեխնիկական լուրջ սխալներ թույլ չտվեցինք: Մարզավիճակի
հետ խնդիրներ չունեցող մյուս զույգերն ընկնում էին «հասած խաղողի պես», իսկ մենք
չընկանք: Եթե պարտադիր ծրագրի ժամանակ վիճակահանությամբ առաջինը չլինեինք, արդյունքը
մի փոքր ավելի բարձր կլիներ: Իսկ լուրջ արդյունքի մասին խոսել առայժմ չի կարելի:
Դրա համար մրցավար պետք է ունենալ: Վազգեն Ազրոյան- Այո, մրցավարի ներկայությունը
պարտադիր է: Բերեմ միայն երկու օրինակ: Ադրբեջանի զույգը երկար տարիներ եղել է լավագույն
տասնյակում: Այստեղ՝ Թուրինում, նրանց մրցավարը որակազրկվեց ու հետեւանքը եղավ այն,
որ զույգը զբաղեցրեց ընդամենը 19-րդ տեղը: Մյուս օրինակը. Ռուսաստանը ներկայացնող
Յանա Խոխլովա-Սերգեյ Նովիցկի զույգին 2005 թվականին Օսակայում հաղթեցինք մեծ առավելությամբ
եւ գրավեցինք 3-րդ տեղը: Այն ժամանակ մենք Հայաստանից մրցավար ունեինք: Թուրինում
մենք մրցավար չունենք եւ տեսեք մենք որտեղ ենք, նրանք՝ որտեղ: Ալեքսեյ
Գորշկով- Ապրեն Նաստյան ու Վազգենը: Ես վախենում էի, որ վնասվածքից հետո նրանք չեն
կարողանա պարել: Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Նաստյան քայլել անգամ
չէր կարողանում: Մի ամբողջ շաբաթ նրանք սառույց չտեսան: Բայց հավաքվեցին ու շատ լավ
ելույթ ունեցան: Շնորհակալ եմ: Ես ու իմ գործընկերներից շատերը վստահ ենք, որ առաջիկա
չորս տարիներին այս գեղեցիկ զույգը շատ կաճի ու 2010 թվականին Վանկուվերում կայանալիք
խաղերում ավելի բարձր տեղ կգրավի: Միայն թե, դրա համար շատ բան պետք է անել՝ սկսած
մրցավարի խնդրից, բարոյական աջակցությունից, որպեսզի իմանան, որ իրենց թիկունքում
երկիր է կանգնած, մինչեւ տեխնիկական հարցերի լուծումը: Այդ դեպքում այս զույգը կարող
է նույնիսկ մեդալների համար էլ պայքարել: Մանավանդ որ, նրանցից առաջ գտնվողներից
մի քանիսի համար սա վերջին ելույթն էր սիրողական գեղասահքում, իսկ ոմանք էլ հրաժեշտ
են տալու աշխարհի հաջորդ առաջնությունից հետո:Թուրինում պարային զույգերի մրցապայքարում
օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեցին ռուսաստանցիներ Տատյանա Նավկան ու Ռոման Կոստոմարովը:
Պատվո պատվանդանի 2-րդ եւ 3-րդ աստիճանին համապատասխանաբար բարձրացան Միացյալ Նահանգների
Թանիթ Բելբին-Բենջամին Ագոստո եւ Ուկրաինայի Ելենա Գրուշինա- Ռուսլան Գոնչարով զույգերը: