Մայր
աթոռի նախկին միաբանի բաց նամակը Մայր աթոռ այսօր լուրջ ճգնաժամ է ապրում:
Բազմաթիվ հիմնախնդիրներից մեկն է հոգեւորականներ պատրաստելու գործընթացը, որը եկեղեցու
առաքելության իրականացման կարեւոր նախապայմաններից է: Տվյալ խնդրին առիթ եմ ունեցել
անձամբ առնչվելու, երբ ոչ հեռավոր անցյալում Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչն էի
եւ միաժամանակ Գեւորգյան ճեմարանում ընդհանուր եկեղեցու պատմություն էի դասավանդում:
Չափազանց տխրում ես, երբ լսում ես, որ ճեմարանականներից ոմանք, երկար տարիներ սովորելուց
հետո, չնչին կարգապահական խնդիրների պատճառով հեռացվում են: Վանական դպրոցները միշտ
էլ խստապահանջ են եղել, սակայն, երբ վերին օղակների հետ անձնական խնդիրներ ունենալու
պատճառով ավարտական լսարաններից հիանալի երիտասարդներ են հեռացվում, ցավ ես ապրում:
Ակնհայտ է, որ նշված պարագաներում տվյալ ուսանողների հանդեպ վերեւներից եկող յուրահատուկ
թշնամանք կա (երեւի թե սեփական մտածելակերպ ունենալու համար), իսկ հրապարակվող պրիմիտիվ
մեղադրանքները միայն պատրվակներ են: Այլապես ինչո՞ւ արտաքսվող տղաները հետապնդվում
են իրենց հետագա ողջ կյանքում: Ներկայիս կաթողիկոսի կեցվածքը նման հարցերում շատ
հստակ է: Սակայն ոչ միայն ուսանողներն են հայտնվում նման դժբախտ իրավիճակում,
այլ նաեւ հոգեւորականները: Նրանց նկատմամբ կիրառվում է վտարման գրեթե նույն մեթոդը՝
ավելի մշակված եղանակով, որը կոչվում է հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակել:
Հիշենք միայն Մաշտոց աբեղա Ժոռոյանի դեպքը: Գեւորգյան ճեմարանը գերազանց առաջադիմությամբ
ավարտելուց հետո նա Գարեգին Առաջին կաթողիկոսի կողմից ուղարկվեց Վիեննա, որտեղ փայլուն
գնահատականներով ավարտելով աստվածաբանության ֆակուլտետը՝ ստացավ մագիստրոսի աստիճան:
Թե հայ, թե ավստրիացի ականատեսների վկայությամբ, իրենց կյանքում նման սրբակենցաղ
հոգեւորական եւ ազնիվ անձնավորություն երբեւէ չեն տեսել: Այսօր նա մեր եկեղեցուց
վտարված է, որովհետեւ ներկայիս կաթողիկոսի կողմից կարգալույծ է արվել անհնազանդության
մեղադրանքով: Նույնատիպ դեպք կատարվեց ինձ հետ: Դու որոշակի պարտականություն
ունես, ասենք՝ ասպիրանտ ես համալսարանում (Հ. Հարությունյանը սովորում է Գերմանիայի
Մյունսթերի համալսարանում եւ մի քանի ամսից պիտի ստանա դոկտորի կոչում- խմբ.): Հանկարծ
կաթողիկոսը հիշում է քո մասին եւ կարգադրում, որ թողնես ամեն բան, գաս եւ մեկ այլ
պաշտոնի անցնես: Դու ասում ես, որ ուսմանդ ավարտին գրեթե բան չի մնացել եւ պատրաստակամությունդ
ես հայտնում այն վերջացնելուց հետո գալ Մայր աթոռ եւ ստանձնել պաշտոնդ: Ներկայիս
հայրապետի համար նման պատասխանն անընդունելի է, հավասարազոր անձնական վիրավորանքի:
Գրածդ բոլոր բացատրական նամակներդ, անգամ պրոֆեսորներիդ միջամտությունն անօգուտ է:
Անձնական վիրավորանքը վերածվում է բացահայտ թշնամության, եւ ապա մի գրություն ես
ստանում Էջմիածնից, ուր մոտավորապես հետեւյալն է ասվում. «եթե հենց հիմա չեկար…»:
Ընկնում ես երկընտրանքի մեջ. եթե գնամ, ապա կրթությունս ջուրն է ընկնելու եւ օտարների
աչքին մեր եկեղեցու պատիվն է խայտառակվելու: Իսկ եթե չգնամ, կաթողիկոսը ինձ չի ների:
Որոշում ես գնալ: Երբ հասնում ես Մայր աթոռ, արդեն շատ ուշ է, հայրապետը հայտնում
է, որ քեզ այլեւս կյանքում չի ներելու: Մտածում ես՝ գոնե ուսումդ վերջացնել: Երբ
վերստին տեղդ ես հասնում եւ փորձում ավարտաճառիդ վրա կենտրոնանալ, հանկարծ մամուլում
հրապարակվում է՝ «հնազանդության ուխտի խախտման» պատճառաբանությամբ կարգալույծ հռչակվելուդ
հայրապետական հաղորդագրությունը: Մեր բոլոր եկեղեցականներն էլ գիտեն այս ամենը:
Յուրաքանչյուր եպիսկոպոս լսել է հայր Մաշտոցի անարդար պատժման, անհամար ճեմարանականների
անհիմն հեռացումների եւ Երուսաղեմի ընծայարանում ծեծվող աշակերտների մասին, սակայն
բոլորն էլ լռում են: Ոչ Եպիսկոպոսաց դասը, ոչ Գերագույն հոգեւոր խորհուրդը, ոչ էլ
Միաբանական ժողովը չեն ուզում որեւէ միջամտություն կատարել, որովհետեւ մեծամասնությունը
վախենում է, ոմանք էլ անտեղյակ են ձեւանում կամ վերածվում կամակատարների: Ես վստահ
եմ, որ եթե այսպես շարունակվի, ապա պատմությունը դատապարտելու է ներկայիս հոգեւոր
դասին, որովհետեւ ներկայիս կաթողիկոսը, դժբախտաբար, այլեւս չի գիտակցում, որ ինքը
պարզապես շեղվել է ճշմարտությունից եւ հայ եկեղեցու անվան հետ է խաղում: Շատ եմ ցավում,
որ մեր եկեղեցու ներքին խոհանոցին վերաբերող խնդիրները պարտադրված եմ այսօր հրապարակելու,
սակայն եթե մենք իսկապես հավակնում ենք ազգային եկեղեցի կոչումին, ապա ազգը պետք
է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում եկեղեցու ծոցում եւ ինչ ճակատագրի են արժանանում
մեր ժողովրդի նվիրատվություններով կրթվող երիտասարդները: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մայր աթոռի նախկին միաբան Չփորձելով ազդել ընթերցողի
կարծիքի վրա՝ այնուամենայնիվ նշենք, որ հոգեւորականի ծառայությունը, մեր տեսակետից,
խստագույն կարգապահություն է պահանջում, այլապես իմաստ չունի: Պատրաստակամ ենք հրապարակել
նաեւ Մայր աթոռի պարզաբանումները: