Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ տրամաբանական թեկնածու

Փետրվար 22,2006 00:00

Երեկ Գավառի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը: Ուրբաթ ընտրություններ կլինեն Ճարտարապետաշինարարական համալսարանում:

Նա ԱԺ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի զարմուհին է եւ նշյալ բուհի խորհրդի նախագահ Հրանտ Հակոբյանի (Հրանուշ Հակոբյանի հոր) թոռնուհին: Կլանային կապերը հաշվի առնելով՝ դեռ վաղուց էին լուրեր պտտվում, որ միակ թեկնածուն հենց Ռ. Հակոբյանն է լինելու: Սակայն չենք ուզում այսպիսով տիկին Հակոբյանի վաստակը նսեմացնել: Նա «թռիչքներով» է ավարտել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը, հիմնադրման պահից աշխատում է Գավառի համալսարանում, իրեն լավ է դրսեւորել նաեւ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում, որտեղ աշխատել է որպես իրավագիտության ֆակուլտետի դեկան: Բուհի խորհրդի անդամ, Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի գլխավոր մասնագետ Կարեն Մելքոնյանի կարծիքով, շատ արժանավոր թեկնածու է ու խորհրդի անդամների կողմից ընտրվել է միաձայն: Պրն Մելքոնյանը տիկին Հակոբյանի ով լինելու հանգամանքը բոլորովին չի կապում միակ հավակնորդը լինելու փաստի հետ. «Ոչ մի արգելք չկար, թող ուրիշներն էլ դիմեին: Ռուզաննա Հակոբյանը բավական ուշ է դիմել այդ տեղի համար, եւ մինչ այդ էլ ոչ ոք չէր դիմել»,- ասում է նա: Մեզ հետ զրույցում Ռ. Հակոբյանը եւս ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ինքը միայն 18-րդ օրն է հայտ ներկայացրել. «Մեկ ամիս գործերի ընդունման ժամկետն էր, թող դիմեին»:

Ուրբաթ օրը ռեկտորի ընտրություն կլինի Ճարտարապետաշինարարական համալսարանում: Այստեղ ռեկտորի պաշտոնի համար հայտ են ներկայացրել տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ Հովհաննես Թոքմաջյանը, Արսեն Առուստամյանը եւ Սերգեյ Մինասյանը: Երեքն էլ երկար տարիներ դասավանդում են բուհում: Սակայն թեկնածուների մասին «Առավոտի» հետ խոսելիս բուհի խորհրդի նախագահ, նախկին ռեկտոր Արեստ Բեգլարյանը նույնիսկ չնշեց էլ, որ Ս. Մինասյանը դասավանդում է բուհում: Անգամ զարմանք հայտնեց, որ վերջինս հավակնում է այդ պաշտոնին: Նշենք, որ Ս. Մինասյանը ԿԳՆ աշխատակազմի ղեկավարն է եւ 30 տարի է՝ դասավանդում է արդյունաբերական ջերմաէներգետիկայի ամբիոնում, դեռ այն ժամանակվանից, երբ ճարտարապետաշինարարականն ու ճարտարագիտականը առանձնացված չէին:

Իսկ թե ինչու պրն Մինասյանին Արեստ Բեգլարյանը բուհին մոտ մարդ չի համարում, ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը բացատրեց այն հանգամանքով, որ Ա. Բեգլարյանն ունի իր նախընտրելի թեկնածուն, եւ իրեն, մեղմ ասած, չի սատարում: Միաժամանակ, պրն Մինասյանը նշում է, որ իրենց մեջ անձնական որեւէ խնդիր չկա: Արեստ Բեգլարյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ իր նախընտրելի թեկնածուն Հովհաննես Թոքմաջյանն է, ով ոլորտին մոտ մարդ է, մեծ շինարար, ունի բազամաթիվ պաշտպանած ուսանողներ:

Սերգեյ Մինասյանն իր հերթին ներկայացրեց իրեն: Նա ունի Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետի կոչում, ճարտարագիտական ակադեմիայի նախագահն է, ունի 100-ից ավելի գիտական աշխատանքներ:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել