«Նոր
Նորք» ուսավանի 4-րդ եւ 5-րդ մասնաշենքերի բնակիչները փետրվարի 8-ից կարող էին փողոցում
հայտնվել, եթե չլիներ նրանց հետեւողական պայքարն իրենց իրավունքների համար: Մինչեւ
2000թ. հանրակացարանում բնակվում էին եւ ուսանողներ, եւ ընտանիքներ: Հետո, երբ հանրակացարանը
դարձավ փակ բաժնետիրական ընկերություն, ուսանողներին տարհանեցին: Հանրակացարանի 6
մասնաշենքերից 1-ինը եւ 2-րդ-ը տրամադրվել է փախստականներին, 3-րդը՝ պաշտպանության
նախարարությանը, 6-րդ մասնաշենքը, բնակիչների ասելով՝ վաճառել են պարսիկներին: Ի
դեպ, այդ մասնաշենքը իր բարեկարգ տեսքով տարբերվում է մյուսներից: Հանրակացարանի
4-րդ եւ 5-րդ մասնաշենքերում էլ տեղավորվել է պայմանագրային հիմունքներով բնակվող
շուրջ 400 ընտանիք: Կան մեկ կամ երկու սենյակներ զբաղեցնողներ, յուրաքանչյուր սենյակի
ամսական բնակվարձը 3000 դրամ է: Մեր այցի ժամանակ բնակիչներից շատերը խոստովանեցին,
որ ամիսներով բնակվարձ չեն վճարել: Բնակչուհի Նոնան, օրինակ, չի վճարում՝ մինչեւ
շենքը չսեփականաշնորհվի: Շենքում ապրում են նաեւ սոցիալապես ծանր վիճակում գտնվող
մարդիկ՝ հաշմանդամներ, պատերազմի մասնակիցներ, զոհվածների ընտանիքներ: Նրանք սենյակները
ստացել են ԿԳ նախարարության միջնորդագրով: Բնակչուհի Լաուրա Ղազարյանն ասաց, որ շենքը
«անտերության է մատնված», ջրի, հոսանքի ու աղբի համար վճարում են, իսկ սանիտարահիգիենիկ
վիճակն անտանելի է: Փետրվարի 4-ին մուտքի դռանը հայտարարություն փակցվեց,
որ 5-րդ մասնաշենքը աճուրդի է դրվել: Փետրվարի 8-ին աճուրդը պետք է կայանար, եթե
բնակիչները բողոքով այն չկանգնեցնեին: Բանն այն է, որ հանրակացարանը էլեկտրաէներգիայի
շուրջ 43 մլն դրամ պարտք ունի՝ կուտակած դեռեւս ուսանողների օրոք: Բնակիչները չեն
հասկանում, թե ինչո՞ւ միայն իրենք պետք է մարեն հին պարտքը, չէ՞ որ հանրակացարանն
ունի 6 մասնաշենք: Պետրոսյան Արմենուհին ասաց, որ երբ ընտանիքներ են հաստատվել այստեղ,
բնակիչներից շատերը մարել են նախորդների հոսանքի պարտքերը, թեպետ կասկածում են, որ
«տնօրենն այնքան միամիտ չէր, որ առանց վճարելու ուսանողներին բաց թողներ»: Նույն
խնդիրը նաեւ ջրի մասով է՝ 2005-ի ամռանը ջրմուղից եկել են մարդիկ եւ ասել, որ բնակիչները
իրենց հսկայական գումար են պարտք: Թագուհու կտրոնի վրա, օրինակ, 64800 դրամ պարտք
կա, թեպետ աշնանից տեղադրված ջրաչափերի ցուցմունքով նա պարտաճանաչ վճարում է: Տասնյակ
հազարների է հասնում նաեւ մյուսների վարձը: Այս առումով ՓԲԸ տնօրեն Արշավիր Կարապետյանը
մեզ ոչինչ չասաց: Նա պարզաբանումներ տվեց հիմնականում աճուրդի վերաբերյալ. «Հանրակացարանում
ապրողների մեծ մասը սեփականություն ստանալու ակնկալիքով է այստեղ հայտնվել: Մեծ թիվ
են կազմում նաեւ սոցիալապես անապահովները, ովքեր այլ տեղ չունեն գնալու: Հանրակացարանը
հսկայական գումար է պարտք էլեկտրացանցին, նա էլ՝ «Հայգազարդին», որն էլ դատարան է
դիմել՝ պարտքը ստանալու համար: Դատարանն էլ ուղարկել է հարկադիր ակտերի կատարման:
Հիմա կառավարությանը խնդրում ենք, որ միջնորդի «Հայգազարդին»՝ պարտքը մարելու ժամանակ
տալ բնակիչներին: Հանրակացարանը պատկանում է կրթության եւ գիտության նախարարությանը,
գույքը պետությանն է: Կառավարությունը պետք է մեզ վճարեր դոտացիաներ, բայց այն մենք
չենք ստացել եւ, քանի որ կուտակված էլեկտրաէներգիայի վարձը չէին հարկադրել վճարել,
մենք չէինք պարտադրում բնակիչներին»: Հանրակացարան կատարած մեր այցից մի քանի
օր անց՝ երեկ, բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի մոտ,
որը շարունակեցին նախագահի նստավայրում: Նրանք պահանջում էին իրենց նվիրաբերել զբաղեցրած
տարածքները, որի դիմաց պատրաստ են 3-5 տարվա ընթացքում մարել կուտակված պարտքերը,
իսկ մինչ այդ հարկադիրի կալանքից ազատել իրենց մասնաշենքերը, որպեսզի կարողանան տեղեկանքներ
ստանալ: Բողոքավորներին ընդունել է կառավարության ֆինանսատնտեսական վարչության աշխատակից
Արթուր Սողոմոնյանը եւ խոստացել՝ «կզբաղվենք ու արդեն զբաղվում ենք»: Ցուցարարները
միաբերան պնդում էին, որ բոլորը պատրաստ են իրենց ընդառաջելու՝ խանգարողն իրենց տնօրենն
է: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ԴԻԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ