Վլադիմիր Վլադիմիրովիչի Բաքու կատարած այցը միայն որոշ արտաքին ատրիբուտներով է հիշեցնում Ռոբերտ Քոչարյանի ամենավերջին ուղեւորությունը Մոսկվա:
Մեկը գնացել էր ոչ բարով բացելու Հայաստանի տարին Ռուսաստանում, մյուսը ժամանել է Բաքու, իբրեւ թե՝ այնտեղ ՌԴ-ի տարին բացելու նպատակով: Պետք է խոստովանենք, սակայն, որ ռուսներին Հայաստանի տարին հետաքրքրում է ճիշտ նույնքան, որքան ադրբեջանցիներին հետաքրքիր է Ռուսաստանինը: Իրականությունն այն է, որ այդ՝ հիմնականում ապաշնորհ պետական ցուցադրանքների քողի տակ կազմակերպվող այցերը հետապնդում են շատ կոնկրետ քաղաքական նպատակներ, ու հանգամանքը, թե տվյալ դեպքում ով ում տարին է բացում, թեեւ խորհրդանշական է, բայց ամենեւին զուրկ չէ ենթատեքստից:
Այսպես. ՌԴ-ում Հայաստանի տարվա բացման օրերին Երեւանում դեռեւս չէին մեռել հույսերը, որ մեր ստրատեգիական եղբայրները, այնուամենայնիվ, գթասիրտ կգտնվեն ու կհամաձայնեն գազը մեզ վաճառել ավելի էժան, քան վաճառում են իրենց ստրատեգիական թշնամի Վրաստանին: Հայ քաղաքական միտքը Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը, ըստ էության, դիտարկում եւ համապատասխանաբար կարեւորում էր հատկապես այդ, այլ ոչ թե «Հայաստանի տարի» կոչված ինքնանվաստացման համատեքստում: Ու երբ մենք ասում ենք «խորհրդանշական», ապա առաջին հերթին նկատի ունենք այն, որ մեկնող, տարի բացող, հետեւաբար եւ՝ ինչ-որ բանի ակնկալիք ունեցողի ու ինչ-որ բան խնդրողի դերում վերոնշյալ դեպքում հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանը: Մինչդեռ մյուս պարագայում մեկնողի եւ տարի բացողի դերում Վլադիմիր Պուտինն է, ինչը, կամա թե ակամա, մտածել է տալիս, որ հենց նա էլ հանդիսանում է, պատկերավոր ասած, ստվերային ակնկալիքների հիմնական կրողը: Հարց է ծագում. ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Ռուսաստանը Ադրբեջանից՝ ինքնաբավ մի երկրից, որի պարագայում, ի դեպ, Կրեմլի «գազային» խեղկատակությունները չեն անցնում: Դրանք բազմաթիվ են: Օրինակ, Մոսկվային դուր չի գալիս Ադրբեջան-ԱՄՆ խորացող բազմաշերտ համագործակցությունը (հատկապես դրա ռազմաքաղաքական բաղադրիչը), որը «Բաքու-Ջեյհանից» հետո թռիչքաձեւ բարձրացել է որակապես նոր մակարդակի: Մոսկվային, բնականաբար, մտահոգում են նաեւ Ադրբեջանի էներգետիկ գերնախագծերն ու դրանց համատեքստում՝ կասպյան էներգակիրների՝ Եվրոպա տարանցման մենաշնորհային դիրքի հավանական կորուստը: Լծակ, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, Կրեմլի արտաքին քաղաքական զինանոցի ամենահիմնական գործիքներից է: Ուստի ենթադրելի է, որ Պուտինն Ալիեւին հորդորելու է եթե չփոխել աշխարհաքաղաքական դիրքորոշումը, ապա գոնե չփոխել նաեւ (կամ դանդաղ փոխել) տարածաշրջանում գերտերությունների ազդեցության փաստացի բալանսը:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ի տարբերություն «ֆորպոստ» Հայաստանի, Ռուսաստանը չի կարող Ադրբեջանի հետ խոսել նույն՝ վերջնագրային լեզվով, մինչդեռ մատուցվելիք ինչ-ինչ ծառայությունների դիմաց Բաքվում, վստահաբար, գին են պահանջելու: Իսկ այժմ փորձեք կռահել, թե ինչ տեսք է ունենալու այդ պահանջը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ