Ըստ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի,
միայն այդ դեպքում Ադրբեջանը կդադարի զբաղվել քարոզչությամբ եւ կփորձի խնդիրը կարգավորել:
Երեկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում
ԼՂ հակամարտությանն առնչվող սկզբունքային նշանակության հայտարարություններ է արել,
որոնք, ըստ էության, չեն տեղավորվում մասնավորապես ՀՀ իշխանությունների կողմից մինչ
այս կարգավորման բանակցությունների վերաբերյալ արված գնահատականների շրջանակներում:
Հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ ԼՂՀ նախագահի հոռետեսությունն
ու ՀՀ իշխանությունների լավատեսական հայտարարությունները, որոնք արվեցին դեռ մինչեւ
Ռամբույեում կայացած հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումներից հետո,
ինչպես երեւում է, ԼՂՀ եւ ՀՀ ղեկավարների տեսակետներում եղած միայն առաջին հակասություններն
էին: Այսպես, անդրադառնալով հակամարտության կարգավորմանը, «Ազատություն» ռ/կ-ի
փոխանցմամբ, Ա. Ղուկասյանն ասել է, թե՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկա ակտիվ
բանակցային պրոցես, չեմ կարծում, որ մեկ ամսվա կամ մեկ տարվա ընթացքում հնարավոր
է այդ բոլոր հարցերը կարգավորել» ու հավելել է, թե՝ «այն, ինչ տեղի է ունենում այսօր
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» ինքը բանակցային պրոցես չի համարում: «Դրանք ուղղակի
հանդիպումներ են ամիսը մեկ կամ երկու-երեք ամիսը մեկ՝ արտգործնախարարների, չորս-հինգ
ամիսը մեկ՝ նախագահների միջեւ: Դա չի կարելի համարել բանակցային պրոցես: Այսինքն`
բանակցային պրոցեսը, որը տեղի էր ունենում Մինսկի խմբի շրջանակներում, այսօր բացակայում
է»,- ասել է ԼՂՀ նախագահն ու ընդգծել, որ «միայն բանակցային պրոցեսում եւ ռեալ ֆորմատով՝
երբ բանակցություններին կմասնակցի նաեւ ԼՂ-ն, մենք կարող ենք ինչ-որ ելք գտնել այս
իրավիճակից դուրս գալու համար: Ես այսպիսի մի բանաձեւ ունեմ. երբ Ադրբեջանը խոսում
է միայն Հայաստանի հետ՝ առանց ԼՂ-ի, Ադրբեջանը զբաղվում է քարոզչությամբ: Երբ Ադրբեջանը
սկսի խոսել Ղարաբաղի հետ՝ ինձ համար սա ազդանշան կլինի, որ Ադրբեջանը փորձում է հարցը
կարգավորել»: Պատասխանելով այն հարցին, թե՝ հնարավո՞ր է համարում, որ ԼՂ-ն
մասնակցի բանակցություններին, կամ Ադրբեջանը սկսի խոսել Ղարաբաղի հետ, Ա. Ղուկասյանն
ասել է. «Ղարաբաղի՝ բանակցային պրոցեսի մեջ մտնելու մի ձեւ կա: Դա այն է, որ Հայաստանը
հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ: Ուրիշ ելք չկա: Բնական է, որ Ադրբեջանը շահագրգիռ
է բանակցել, խոսել միայն Հայաստանի հետ, որովհետեւ այդ ֆորմատից իրենք քարոզչական
լավ էֆեկտ ունեն. հեշտ է ապացուցել, որ Հայաստանն ագրեսոր է, որ Հայաստանը գրավել
է Ադրբեջանի տարածքները եւ այլն: Ու քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ՝
առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել ԼՂ-ի հետ: Սա շատ հստակ
է, շատ պարզ»: Արդյոք այդ դեպքում բանակցություններն ընդհանրապես չե՞ն դադարի:
«Ես հասկանում եմ, որ այստեղ կան բարդություններ. եթե Հայաստանը հրաժարվի
բանակցել Ադրբեջանի հետ, որոշ ժամանակ ընդհանրապես ոչ մի բան չի լինի, եւ սա էլ վտանգավոր
է պրոցեսի համար, որովհետեւ Ադրբեջանը դեռ պետք է հասունանա, որ նորից վերադառնա
այն ֆորմատին, որից մենք սկսել ենք: Ես գտնում եմ, որ այս ընտրությունը Հայաստանի
ղեկավարության ձեռքում է: Իրենք պետք է ընտրեն՝ կամ շարունակել բանակցային պրոցեսը՝
հույսով, որ գուցե մի տարբերակ կգտնվի, որը համեմատաբար ձեռնտու կլինի բոլոր կողմերին,
կամ կտրուկ քայլերի դիմել՝ հրաժարվելով խոսել Ադրբեջանի հետ, մինչեւ այն պահը, որ
Ադրբեջանը հասկանա, որ առանց Ղարաբաղի այս խնդիրը լուծել չի լինի»,- ձեւակերպել է
Ա. Ղուկասյանը: Վերջինիս ասելով, այս մոտեցմանը տեղյակ են նաեւ Հայաստանի իշխանությունները,
սակայն դրա մասին չէր բարձրաձայնվում, «որովհետեւ միջնորդները մի քանի տարի շարունակ
ասում էին, որ այս ձեւաչափով՝ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցելով, ավելի շատ զիջումներ
կարող է անել, քան՝ եթե Ղարաբաղը մասնակցի այդ բանակցություններին: Այսինքն` մեզ
հանգստացնում էին դրանով: Բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ: Ադրբեջանի բառապաշարը
չի փոխվում: Մենք բավական մեծ համբերություն ենք ունեցել: Ադրբեջանը նույն տերմիններն
է օգտագործում՝ «տարածքային ամբողջականություն», «Ղարաբաղը մեր անբաժանելի մասն է»:
Մեր համբերության բաժակն արդեն լցվում է»: Համբերության բաժակը լցվելուն շա՞տ
է մնացել, թե՞ քիչ: «Ազատության» այս հարցադրմանն ի պատասխան՝ Ա. Ղուկասյանը հայտարարել
է. «Մենք պետք է ակտիվացնենք մեր քաղաքականությունը: Ես գտնում եմ, որ կա կարգավորում,
եւ կա Ղարաբաղի միջազգային ճանաչման հարց, եւ այստեղ մենք, ես չեմ բացառում նաեւ
Հայաստանը, ավելի ակտիվ պետք է գործենք: Ես գտնում եմ, որ եթե այսպես շարունակվի,
եթե մենք տեսնենք, որ Ադրբեջանը, իրոք, որեւէ զիջումների պատրաստ չէ, նա ուզում է
միմիայն ստանալ, մենք պետք է արդեն հարց դնենք, որ Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը՝
սա մեկ: Երկրորդ՝ Հայաստանի օգնությամբ մենք պետք է փորձենք աշխատել ամբողջ աշխարհում
ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար, որովհետեւ մեր սեփական հնարավորությունները սահմանափակ
են: Լինելով չճանաչված պետություն՝ մենք ներկայացված չենք որեւէ միջազգային կազմակերպությունում,
չունենք դեսպանություններ, եւ, բնական է, սա բարդացնում է մեր աշխատանքը»: Արդյոք
հասարակությունները պատրա՞ստ են ընդունել խնդրի կարգավորման համար առաջարկվող տարբերակները:
ԼՂՀ նախագահի համոզմամբ, «ստեղծված է անվստահության մթնոլորտ, չկա որեւէ շփում, Ադրբեջանում
ամեն օր խոսում են՝ «հայը մեր թշնամին է, մենք պետք է ուժով ազատագրենք մեր հողերը,
հայերին պետք է քշել Ղարաբաղից»: Այս ֆոնի վրա խոսել հարցի կարգավորման մասին, գտնում
եմ, որ լուրջ չէ: Այս խնդիրը հնարավոր է կարգավորել փոխվստահության մթնոլորտում,
երբ կողմերը լսում են իրար եւ հավատում, որ մեջքից իրենց հարված չի հասցվելու: Այս
մթնոլորտը, դժբախտաբար, չկա»: Պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ Հ.
Գ. Երեկ մենք փորձեցինք պատկան մարմիններից ստանալ ՀՀ ղեկավարության մեկնաբանությունը
Ա. Ղուկասյանի այս հայտարարությունների առնչությամբ: Պարզվեց, որ դրանք անակնկալ
էին նաեւ հենց այդ պատկան մարմինների համար, ուստի՝ մեկնաբանություններ առայժմ չտրվեցին: