Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԿՔԱՇՎԵՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ

Փետրվար 22,2006 00:00

ԱԺ
դերի մեծացումը գովազդող կոալիցիան դեմ է նիստերի հեռարձակմանը Եկող շաբաթ
սկսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում, ըստ ամենայնի, կքննարկվի նաեւ ԱԺ Կանոնակարգ-օրենքում
փոփոխություններ կատարելու հարցը, որ պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:
«Արդարություն» խմբակցությունը եւ «Ազգային միաբանությունը» մի շարք առաջարկներ են
արել այս կապակցությամբ, եւ եթե դրանք ընդունվեն, ընդդիմադիր խմբակցությունները,
թերեւս, կողմ կլինեն նոր կանոնակարգին: Մեզ հետ զրույցում պատմելով իրենց առաջարկությունների
մասին՝ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Ես պնդել
եմ, եւ դա իրենք ընդունեցին, որ կառավարության ծրագրի վերաբերյալ պետք է ընթանա սովորական
քննարկում, այսինքն՝ պատգամավորները եւ խմբակցությունները եւս ելույթներ պետք է ունենան:
Կոալիցիան գրել էր, որ միայն հարցեր է կարելի տալ: Մեր այս առաջարկն ընդունվեց, սակայն
կարծես չընդունվեց մեր մյուս առաջարկը, որ հեռարձակվի կառավարության ծրագրի ընդունումը»:
Հաջորդ առաջարկը վերաբերում է հարցապնդումներին: Եթե մինչ սահմանադրական փոփոխությունների
ընդունումը նույն կոալիցիան առիթը բաց չէր թողնում գովազդելու, որ փոփոխություններով
մեծանում է ԱԺ-ի դերը, խոսում էին այն մասին, որ այն կարող է վերահսկողություն իրականացնել
կառավարության գործունեության նկատմամբ եւ այլն, հիմա արդեն իշխանամետ խմբակցությունները
դեմ են հարցապնդումների հեռարձակմանը: Փաստարկելով հեռարձակելու մասին իր առաջարկը՝
Վիկտոր Դալլաքյանը հարցնում է. «Ինչո՞ւ անհատ պատգամավորի եւ կառավարության հարց
ու պատասխանը ցուցադրվում է, իսկ սա, երբ ԱԺ-ն կարող է նաեւ որոշում ընդունել՝ չպետք
է ցուցադրվի: Հեռուստատեսությամբ ցուցադրելու մասին մեր առաջարկը սվիններով ընդունվեց»:
Հարցապնդումների մասին եւս մեկ մանրամասն. եթե կոալիցիան կանոնակարգային իր փոփոխություններում
գրել է, որ նստաշրջանի ընթացքում կառավարությանը հարցապնդումով կարելի է դիմել ոչ
ավելի, քան 2 անգամ, ընդդիմությունն ասում է՝ ամեն նիստի էլ կարելի է դիմել հարցապնդմամբ,
քանի որ դա կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն է: Վիկտոր Դալլաքյանի
հաշվարկներով, առաջարկվող փոփոխություններում միայն 1 հարցապնդման համար տրամադրվելու
է 20 ժամ. «Այսինքն՝ իրենց գրածն անհեթեթություն է, մենք առաջարկում ենք հարցապնդում
ներկայացնող խմբակցությանը տրամադրել 10 րոպե, կառավարության ներկայացուցչին եւս
10 րոպե, եզրափակիչ ելույթի համար՝ 5-ական րոպե, ընդհանուրը՝ 30 րոպե: Եվ մյուս խմբակցություններին
կտրվի 5-ական րոպե ելույթի համար, բոլորը միասին՝ 60 րոպե: Այսինքն՝ մեկ նիստի ընթացքում
այս հարցը կարող է կարգավորվել»: Մինչ ընդդիմությունը սպասում է, որ կոալիցիան
իր առաջարկները ընդունել-չընդունելու մասին պատասխան կտա 2 օրվա ընթացքում, երեկ
արդեն «Փակագիծ» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց,
թե ՀՀԿ-ի համար անընդունելի են պատգամավորների հարցապնդումները կառավարությանն ուղղված
հարցերի օրինակով նկարահանելն ու ցուցադրելը: Նախ, որովհետեւ «այդքան փող չկա», եւ
հետո «հարցապնդումները կարող են մի քանի նիստ տեւել: Գալուստ Սահակյանը նախընտրելի
է համարում այլ տարբերակ՝ «Խորհրդարանական ժամում» դրան 10-15 րոպե հատկացնելը»:
Գործող Կանոնակարգի 45-րդ հոդվածում նշված է, թե կարգազանց պատգամավորի նկատմամբ
նիստը վարողն ինչ պատժամիջոցներ է ձեռնարկում՝ զգուշացում անուն-ազգանունը հրապարակելով,
խոսափողի անջատում, 1 նիստում խոսափողով հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում
նիստերի դահլիճից՝ մինչեւ տվյալ օրվա ավարտը, եւ զրկում մինչեւ 6 օր ԱԺ նստավայր
մտնելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում: Սա այսօր
դեռ գործող Կանոնակարգից է, իսկ այժմ առաջարկվում է վերջին կետը հանել, եւ կոալիցիան
կարծես խոստացել է դա հանել: Նկատեցինք, որ այս վերջին կետը կառավարության առաջարկով
Կանոնակարգում մտցվել է այն ժամանակ, երբ պարոն Դալլաքյանը ԱԺ պետաիրավական հարցերի
հանձնաժողովի նախագահն էր: Ի պատասխան մեր այս դիտարկման՝ Վիկտոր Դալլաքյանն ասաց.
«Եվ այն ժամանակ, եւ այսօր ես այն կարծիքին եմ, որ անթույլատրելի է եւ կոռեկտ չէ,
երբ կառավարությունը նախաձեռնում է ԱԺ Կանոնակարգային փոփոխություններ: Հենց այդ
հարցի հետ կապված ես ժամանակին 33 ստորագրություն եմ հավաքել, եւ մենք դեմ ենք արտահայտվել
այդ փոփոխություններին»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել