Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռումինիան

Փետրվար 21,2006 00:00

Ռումինիան տեխնիկական պարտություն է պահանջում «Telesport.ru» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ ռումինական մամուլը մի փաստ է բացահայտել, որը կարող է ազդել աշխարհի առաջնության եվրոպական ընտրական 1-ին խմբում ֆուտբոլի ազգային հավաքականների վերջնական դասավորության վրա: «Գազետա սպորտուրիլոր» թերթում հրապարակված տեղեկատվության համաձայն, «Փյունիկի» եւ ազգային հավաքականի նախկին դարպասապահ, կամերունցի Բետե Ապուլան Հայաստանի քաղաքացիություն չի ունեցել, հետեւաբար, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին մասնակցել է առանց դրա իրավունքն ունենալու: Ապուլան Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ հանդես է եկել հիմնական կազմում, չորս խաղում էլ նստած է եղել պահեստայինների նստարանին: Թխամորթ ֆուտբոլիստը ներկայումս տեղափոխվել է Ռումինիայի «Ռապիդ», ու թիմում հայտավորված է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հանդիպումներին մասնակցելու համար: Իսկ այս ամբողջ պատմությունը ի հայտ է եկել այն բանից հետո, երբ ՀՖՖ-ի հայտարարությանը, թե չունի Բետեի տրանսֆերի սերտիֆիկատ, «Ռապիդը» պատասխանել է, թե այն ստացել է Կամերունից: Ընդ որում, Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցնում է, թե երբեք ֆուտբոլիստին արտասահման չի ուղարկել: Ռումինական մամուլի կարծիքով, հիմա Հայաստանին պետք է տեխնիկական պարտություն գրանցել Ռումինիայի հետ խաղի համար, որը Չեխիայի փոխարեն աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս կբերեր հենց Ռումինիային: Այդուհանդերձ, Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան գտնում է, որ արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ, քանի որ բողոքարկելու համար արդեն ուշ է: Պակաս սկանդալային չէ նաեւ այն, որ «Փյունիկը» Բետեի տրանսֆերի համար «Ռապիդից» դրամ է պահանջում: Իսկ վերջինը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ հայկական ակումբում անօրինական հանդես եկած ֆուտբոլիստի համար չի վճարի: Իսկ «Սովետսկի սպորտն» այս առիթով մեջբերում է ազգությամբ ռումինացի, Հայաստանի ազգային հավաքականի ու «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցայի, որ ներկայումս գլխավորում է Քուվեյթի ազգային հավաքականը, խոսքերը: Նա, իբր, հայտարարել է, թե Հայաստանում ամեն բան հնարավոր է եւ նմանատիպ խառնաշփոթներն իր համար նորություն չեն: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել