Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ

Փետրվար 21,2006 00:00

ՀԱՅ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ Վախթանգ Դարչինյանի մենամարտը Հայաստանում կդիտենք ուղիղ հեռարձակմամբ «Red Stars Boxsing» ընկերության ղեկավար Էդուարդ Ղումաշյանը «AllBoxing.ru»-ի ինտերնետային կայքին տեղեկացրել է, որ մարտի 3-ին ԱՄՆ-ի Սանտա-Անա քաղաքի «Չումաշ» կազինոյում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի կենտրոնական իրադարձությունը լինելու է թեթեւագույն (մինչեւ 50,802 կգ) քաշային կարգում IBF-ի չեմպիոնական տիտղոսի համար վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանի (մականունը՝ Կատաղի Ցուլ), որը վերջին տարիներին բնակվում եւ մարզվում է Ավստրալիայի Պերս քաղաքում, ու ֆիլիպինցի Դիոսադո Գաբիի (մականունը՝ Պրինց) միջեւ կայանալիք մենամարտը: Է. Ղումաշյանը տեղեկացրել է նաեւ, որ այդ մենամարտը ուղիղ հեռարձակմամբ դիտելու են չորս երկրներում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հայաստանում եւ Ֆիլիպիններում: Հայ մարզասերներին հիշեցնենք, որ Վախթանգը պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվել է 2000 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացված ամառային օլիմպիական խաղերից հետո ու անցած վեց տարիներին խոշոր հաջողությունների է հասել: Այս ընթացքում նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 24 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել է մրցակիցներին: Ընդ որում, 19 մենամարտ նա ավարտել է ժամկետից շուտ՝ կամ նոկաուտով, կամ մրցավարն է դադարեցրել մարտը նրա ունեցած բացահայտ առավելության համար: Ինչ վերաբերում է ապագա մրցակցին՝ Դիոսադո Գաբիին, նա հայ բռնցքամարտիկից տարիքով մեծ է եւ փորձառու. անցկացրած 29 մարտից 26-ը գրանցել է իր օգտին (18 նոկաուտ), կրել է երկու պարտություն եւ մեկ մարտում էլ գրանցվել է ոչ-ոքի: Մեկ օր հետո՝ մարտի 4-ին, Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի EWE-Arena-ում կրկին IBF-ի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի հայաստանցի մեկ այլ բռնցքամարտիկ՝ միջին քաշային (մինչեւ 72,574 կգ) Արթուր Աբրահամը: Նրա մրցակիցը լինելու է Ավստրալիայի ներկայացուցիչ Շենան Թեյլորը: 26-ամյա Արթուրը, ինչպես եւ Վախթանգը, պրոֆեսիոնալ ռինգում չի ճաշակել պարտության դառնությունը: Նա իր 19 մարտերում էլ առավելության է հասել մրցակիցների նկատմամբ, որոնցից 7-ը՝ նոկաուտով: Հայ մարզասերները, անշուշտ հիշում են նրա վերջին մենամարտը, որ կայացավ անցած տարվա դեկտեմբերի 10-ին՝ Լայպցիգում: Այդ օրը հայ բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում հուժկու հարվածով ռինգի հատակին տապալեց նիգերիացի Կինգսլի Իկեկեին ու նվաճեց IBF-ի վարկածով չեմպիոնի տիտղոսը: Մի հետաքրքիր մանրամասն այդ մարտից առաջ «Fightnews» հանդեսին Արթուրի տված հարցազրույցից: Լրագրողը հարցրել է. «Իկեկեի պրոումոթերն ասել է, թե դու մեծ ու երկար քիթ ունես եւ Կինգսլին քթիդ վրա անմոռանալի հետք կթողնի», որին Արթուրը դիպուկ պատասխանել է, «Նա անչափ երջանիկ կլինի, եթե ամբողջ մարտի ընթացքում գեթ մեկ անգամ դիպչի քթիս: Սա հայկական քիթ է, որին հարվածելը հեշտ չէ: Շատերն են փորձել: Բայց՝ անարդյունք»: Հուսանք, որ Շենան Թեյլորն էլ կարժանանա Իկեկեի ճակատագրին, թեեւ անցկացրած 48 մենամարտում տարել է 42 հաղթանակ (28-ը՝ նոկաուտով), կրել ընդամենը 4 պարտություն եւ արել 2 ոչ-քի: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել