Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրին տեր զգո՞ւմ են երիտասարդները

Փետրվար 21,2006 00:00

Երկրին տեր զգո՞ւմ են երիտասարդները Մեր հարցախույզի արդյունքները «Էս սարն իմն է, էս ծառն իմն է…»։ Հայտնի «Չարի վերջը» հեքիաթի արդեն տեր ունեցող սար ու ծառին այսօր ավելացել են նաեւ «էս թաղն իմն է, էս հողն իմն է, էս երկիրն իմն է» արտահայտությունները։ Երկիրը մերն է, բոլորինս, մենք մեր երկրի տերն ենք։ Ով տեր լինի-չլինի, միեւնույն է, ինչպես ասում են՝ վաղը մյուս օրը երկրի տերը երիտասարդ սերունդն է լինելու։ Ինչքանո՞վ են երիտասարդներն իրենց երկրի ապագա տերեր համարում, փորձեցինք պարզել մեր փոքրիկ հարցախույզի միջոցով։ «Տեր ենք լինելու, իհարկե, թողնենք մեր երկրին թուրքե՞րը գան տիրանան։ Այսքան պայքարել ենք, պայքարը կիսատ չենք թողնի։ Ես ոչ միայն իմ երկրին, նաեւ իմ խոսքերին եմ տեր»,- տիրաբար ասաց ԵՊՃՀ ուսանող Մանուկ Հովհաննիսյանը։ «Եթե ապրում եմ իմ երկրում, ապա այդ երկրի տերն եմ։ Զբաղվում եմ սպորտով՝ կարատեով, փորձում եմ արժանավայել ներկայացնել մեր երկիրը սահմաններից դուրս»,- ուսանողուհի Քրիստինե Վարդանյանը որոշել է այսպես տիրություն անել մեր հայրենիքին։ Մեկ այլ ուսանողի՝ Կարլեն Ասլանյանի կարծիքով, տեր լինելու առաջին նախապայմանը պետականությունը, օրենքները, ուրիշի իրավունքները հարգելն է։ «Հայրենիքի համար բարիք պետք է գործել՝ սակայն երկրի բարիքներից օգտվելու ակնկալիքով»,- ավելացրեց Կարլենը: Մի ուսանողուհի էլ հպարտորեն ասաց, որ ինքն այնքանով է երկրին տեր, որ դեռ չի լքել այն։ Երբ փոխվեն երկրի այսօրվա տերերը, եւ նոր սերունդը ղեկն իր ձեռքը վերցնի, խնդիր չենք ունենալու: «Որպես ապագա սոցիոլոգ՝ մեծ պարտականություն եմ զգում հասարակության մեջ փոփոխություններ կատարելու, բարեկեցիկ կենցաղ ձեւավորող նոր արժեքներ ու նորմեր ստեղծելու հարցում»,- ասաց Անի Սահակյանը։ Որտեղ լավատեսությունը՝ այնտեղ էլ հոռետեսությունը։ Երիտասարդների ոչ լավատես թեւը արդեն վայր է դրել զենքերը եւ հայտարարում է՝ «համատարած լղոզվածության մեջ լավը վատից տարբերելն անհնար է»: «Ինձ այս երկրի ապագա տերը չեմ զգում։ Մարդկանց հետ շփվելով՝ հասկացել եմ, որ դառնալով պաշտոնյա, կորցնում են մարդկային լավագույն արժանիքները։ Օբյեկտիվությունը տեղի է տալիս։ Ամեն ինչի մեղքը աթոռինն է»,- այսպիսի երկրի՝ ուսանողուհի Լիլիթ Հովհաննիսյանը ի վիճակի չէ տեր լինելու։ Դժգոհելն ամենահեշտն է, իսկ լուծում գտնելը շատերի համար՝ արդեն անկարելի: «Մեր իշխանություններն այնպես են քանդել երկիրը, որ ապագայում մեզ համար շատ դժվար կլինի այդ ամենը վերականգնել»,- մտահոգված էր Կարինե Հունանյանը։ Իսկ Կարեն Հակոբյանի կարծիքով էլ՝ «Ոչ թե մեկս մյուսի գլխին տեր լինենք, այլ միասին մենք մեր գլխի տերը լինենք»։ Ովքեր էլ լինեն տերերը, մեկ է՝ մենք են վաղվա տերը… Թերեւս երիտասարդների մեծամասնությունը այսօր ապրում է այս խորին համոզմամբ։ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել