Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅ

Փետրվար 21,2006 00:00

«ՀԱՅ ԿԻՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԱՄՆ-ՈՒՄ Հայկական ֆիլմերի փառատոն՝ Սան Ֆրանցիսկոյում Երեւանյան կինոթատրոններում (մասնավորապես՝ «Մոսկվա» եւ «Նաիրի») կարծես ավանդույթ է դարձել հայ կինոռեժիսորների աշխատանքներին անդրադառնալ փառատոնից փառատոն կամ մրցույթից մրցույթ («Ոսկե ծիրան», «Ես եմ», «Կին», «Մասնավոր հայացք»): Վերջին տարիներին, երբ շարժ եղավ հայ կինոարվեստում, կինոթատրոնների էկրաններին բարձրացան Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա», Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա», «Որոգայթ», Զոհրաբ Բեկ Գասպարենցի «Առաքել» ֆիլմերը, այն էլ կարճ ժամանակով: Մինչդեռ արտերկրում ապրող ու ստեղծագործող հայազգի կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանի «Արարատը», Ալեքսանդր Աթանեսյանի «Սրիկաները» նկարները ցուցադրվեցին երկար ժամանակ: Տեղացի կինոռեժիսորները հավանաբար ճիշտ են նկատում, որ պետք է լինել սփյուռքահայ, որպեսզի նկարահանած ժապավենը առաջին արձագանքները հայրենիքում գտնի, հետո նոր՝ արտերկրում: «Առավոտը» անդրադարձել է հայաստանցի կինոռեժիսորների աշխատանքներին, ինչպես նաեւ նրանց ֆիլմերի (այդ թվում եւ վավերագրական) մասնակցությանը կինոփառատոներին ու մրցույթներին: Փետրվարի վերջին Սան Ֆրանցիսկոյում կկայանա հայկական ֆիլմերի 4-րդ փառատոնը, որ կազմակերպել է տեղի հայ համայնքը՝ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետ: Վավերագրող կինոռեժիսոր Մարիամ Օհանյանի «Հայ կինը եւ քաղաքականությունը» վավերագրական ֆիլմը եւս կմասնակցի հիշյալ փառատոնին: Ի դեպ, ոչ Մարիամը, ոչ էլ հայկական կինոաշխարհի հայտնի գործիչները (այդ թվում՝ Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, Ազգային ֆիլմադարանի ղեկավար Գարեգին Զաքոյանը) փառատոնի անցկացման ժամկետների մասին ոչինչ չգիտեին: Ինչ վերաբերում է Մ. Օհանյանին, հայ կինոհանդիսատեսը նրան հիմնականում ճանաչում է որպես հայաստանյան «Կին» փառատոնի տնօրեն, մինչդեռ վերջինս վեց ֆիլմի հեղինակ է ու մասնակից Իրանի, Անապայի հեղինակավոր կինոփառատոների: Մեզ հետ զրույցի սկզբում կինոռեժիսորը նշեց, որ եթե այսօր Հայաստանում կինոարտադրություն կա, ապա դա վավերագրական կինոն է, որը մրցունակ է համաշխարհային շուկայում, ավելի քան խաղարկայինը: Ըստ Մ. Օհանյանի, Հայաստանում կինոարտադրությանը ֆինանս չի տրամադրվում, չեն նկարվում բարձրակարգ ֆիլմեր ու, բնականաբար, շուկա էլ չկա. «Պետք է ձեւավորենք այդ շուկան: Անհրաժեշտ է փոքր ֆիլմերին ուշադրություն դարձնել (նկատի ունի վավերագրական, կարճամետրաժ նկարները- Ս. Դ.) եւ, համոզված եմ, որ դրանք գումար կբերեն: Գուցե այդ դեպքում պետությունը աջակցի մեզ մեծ՝ լայնամետրաժ խաղարկային ֆիլմեր նկարահանելու: Եվ ամենացավալին՝ մեզանում վերացել է մեծ էկրանով ֆիլմ դիտելու կուլտուրան»: Կինոռեժիսորը առաջարկում է ստեղծել ֆորում կամ ինտերնետում բացել կայք, որտեղ կցուցադրվեն, կխոսվեն եւ տեղ կգտնեն հայաստանցի կինոռեժիսորների գործերը. «Սա մեծ հաշվով պահանջում է պետության որոշակի աջակցություն, որի առկայության դեպքում կձեւավորվի լուրջ ֆիլմ դիտելու մշակույթը»: Ըստ մեր զրուցակցի, պարտադիր չէ, որ ֆիլմերը ցուցադրվեն մեծ դահլիճներում. «Թող լինեն փոքր սրահներ, որտեղ կկայանան ֆիլմերի ցուցադրությունները, քննարկումները եւ միայն այդ միջոցով կձեւավորվի կինոհանդիսատես»: Խոսելով պետական աջակցության մասին, Մ. Օհանյանը բերեց Ֆրանսիայի օրինակը. «Այդ երկրի կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի միայն 30%-ն է արտերկրի արտադրության: Այսկերպ են վարվում ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ Եվրոպայի այլ երկրներում, առաջինը ներկայացնելով իրենց կինոարտադրանքը, հետո նոր՝ դրսինը»: Թե ինչու երեւանյան կինոթատրոններում չի ցուցադրվում մեր կինոարտադրանքը՝ կանդրադառնանք առաջիկայում, իսկ Մ. Օհանյանին զրույցի վերջում ուղղված հարցին՝ ինչպե՞ս անել, որ 21-րդ դարում ունենանք ֆիլմ դիտելու կուլտուրա, նա խորհուրդ տվեց TV-ներով ժամանակ առ ժամանակ ցուցադրել խորհրդային տարիներին ստեղծված կինոռեժիսոր Ալլա Սուրիկովայի «Մարդը Կապուցիների պուրակից» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը՝ կինոմեխանիկը ամերիկյան խուլ գյուղերից մեկում առաջին անգամ ֆիլմ է ցուցադրում. «Առաջին անգամ կինո են բերում այդ վայրը, մարդիկ սկսում են դիտել, ընկալել եւ այդպես հիմք է դրվում կինո դիտելու մշակույթի»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել