Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարգեւատրվեցին

Փետրվար 21,2006 00:00

Պարգեւատրվեցին մայրենին անաղարտ պահողները ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, փետրվարի 21-ը հայտարարվել է մայրենի լեզվի պահպանման օր: Այս տարվանից մայրենիի տոնը կնշվի նաեւ Հայաստանում: Այդ օրը ՀՀ դպրոցներում կկազմակերպվեն բաց դասեր եւ զանազան միջոցառումներ՝ նվիրված մայրենի լեզվին: Մայրենիի տոնի առիթով երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ԱԺ կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր միջոցառում: Ըստ կազմակերպչի, մայրենիի նկատմամբ անտարբերությունը նման է դասալքության, երբեմն՝ դավաճանության: «Մենք պետք է մայրենիի նկատմամբ անսահման սեր եւ հոգածություն ցուցաբերենք: Դրանցից մեկը՝ պետական տոնացույցում մեր անկախության, հանրապետության, հաղթանակի տոների կողքին ունենալ մայրենիի տոնը: Մայրենին դասվել է սրբության սրբոցների դասին: Մենք պարտավոր ենք պահել, պահպանել, սովորել եւ օգտագործել մեր մայրենին»,- նշեց Հ. Հակոբյանը: Անդրադառնալով արեւմտահայերենի եւ արեւելահայերենի միաձուլման խնդրին, նշեց. «Խնդիրն իրոք առկա է, սակայն չէի ուզենա, որ մենք հակադրվենք եւ այսպիսի հակադրություն առաջանա մեր լեզվի նկատմամբ: Մեր լեզվի երկու ճյուղերն են, եւ այդ հարցերը ավելի հեշտ ձեւով կարող են լուծվել: Ես կարծում եմ, որ արդեն 12-ամյա դպրոցի 8-րդ կամ 9-րդ դասարանում պետք է մեսրոպյան ուղղագրություն ուսուցանել մեր երեխաներին՝ անգլերենի, ֆրանսերենի եւ ռուսերենի կողքին»: Երեկ տոնի առիթով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, շնորհակալագրերով պարգեւատրվեցին մեր մայրենին անաղարտ պահող 12 անձինք: Հ. Հակոբյանը նշեց, որ եթե 100-ներով եւ 1000-ներով էլ նման պարգեւներ հանձնվեին, միեւնույն է, քիչ կլիներ: Վարչապետի շնորհակալագրին արժանացան արձակագիր, նկարիչ Աղասի Այվազյանը, հենց Հրանուշ Հակոբյանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը, ՀՀ առաջին հաղորդավարուհի Նառա Շլեպչյանը եւ այլք: Մայրենիի համար շնորհակալագրեր էր պատրաստել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նրա խոսքը երազների շարքից էր. «Մեր քաղաքակրթությունը միգուցե այն աստիճանի հասնի, ինչպես Ֆրանսիայում է, տարեվերջին հանրապետության նախագահը տուգաներ հատկապես պետական պաշտոնյաներին, որոնք տարվա ընթացքում աղավաղել են մայրենին»: Հ. Հակոբյանը խոստացավ, որ կհասնեն նրան, որ մեր երկրում նույնիսկ պատիժներ կսահմանեն: Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է հասնել նրան, որ պատժվեն այն մարդիկ, որոնք կոպիտ ժարգոնային արտահայտությունները հեռուստատեսային գովազդների միջոցով «խցկում» են եթեր: Տեսչության պետը ասաց, որ գովազդի մասին օրենքում նշվում է միայն, որ գովազդի լեզուն հայերենն է: «Հիմա նոր օրենքի նախագիծ ենք պատրաստել, որը կառավարությունում է եւ վարչապետի հանձնարարությամբ մեկ անգամ եւս վերամշակվում է: Նոր օրենքի ընդունումից հետո այդ օրենսդրական բացերը կվերանան»,- նշեց Լ. Միրզոյանը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆՀ. Գ. Գովազդի լեզվի եւ «Լեզվի մասին» օրենքի խախտման դեպքերի մասին կարդացեք մեր թերթի շաբաթ օրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել