Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀԱՆԴԻՊԵՆ

Փետրվար 21,2006 00:00

ԿՀԱՆԴԻՊԵՆ «ՍԱՂԱԹԵԼԻ ԿԼՈՒԲՈՒՄ» Ավարտվեց ՀՀ փաստաբանների պալատի 3-րդ ընդհանուր ժողովը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի փաստաբանների պալատի 3-րդ ընդհանուր ժողովին լրատվամիջոցները չէին հրավիրված, թեեւ ինչպես փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, այնպես էլ Ամերիկայի իրավաբանների միության ներկայացուցիչ տիկին Սիմփսոնը կարեւորում էին թափանցիկությունը: Ըստ վերջինիս, «թափանցիկությունը կնպաստի հանրության վստահության ձեռքբերմանը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ»: Օրակարգի 5 հարցերից հանվեց երրորդը՝ փաստաբան Վահե Գրիգորյանի հարցը: Ինչպես հայտնի է, Վահեն 4,5 ամիս պահվեց ԱԱԾ մեկուսարանում: «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում դատարանի այն կազմին, որը օրենքից բխող որոշում կայացրեց»,- ասաց պալատի նախագահը: Վահե Գրիգորյանին գործընկերները ծափերով դիմավորեցին: Վերջինս մեր մասնավոր զրույցի ժամանակ հայտնեց, որ առաջիկա օրերին կհրավիրի մամուլի ասուլիս եւ շնորհակալություն հայտնեց «Առավոտին»՝ իր խնդիրը լուսաբանելու համար: 474 փաստաբաններից գրանցվել էին 240-ը: Փաստաբանները հաստատեցին պալատի կանոնադրությունն ու Վարքագծի կանոնագիրքը: Ռ. Սահակյանը տեղեկացրեց, որ իր օրոք 3,5 ամսում խորհրդի 6 նիստ են գումարել: Պալատի նախագահի նախընտրական խոստումը, այն է՝ դրամաշնորհներ եւ գումարներ բերելու, հաջողվել է. պալատի 2,5 մլն եվրո ծրագիրը հաստատվել է: «Ունենք լուրջ պրոբլեմներ նստավայրի հետ կապված»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ փաստաբանները պետք է իրենց դպրոցում վերապատրաստվեն եւ ունենան սերտիֆիկատ: Բանավոր քննությունների համար առաջարկվելու է 2000 թեստ: «Ձեր ասուլիսները հրավիրեք մեզ մոտ: Գործում է «Սաղաթելի կլուբը» եւ 2 շաբաթը մեկ ակումբի նիստ ենք անում»,- շարունակեց Ռ. Սահակյանը՝ նկատի ունենալով Փաստաբանների պալատի սենյակներից մեկը, որն իր անունն է ստացել Շիրվանզադեի դրամայում հիշատակված ակումբի օրինակով: Պալատի նախագահը զերծ չմնաց նաեւ գործընկերներին քննադատելուց. «Գիտեմ փաստաբանի, որը իր վստահորդներին «Մալիբուում» է ընդունում»: Այնինչ փաստաբաններից 249-ը իր 2000-ական դրամ տարեկան անդամավճարը չէր վճարել, իսկ ծախսերը շատ են: Օրինակ, միայն հունվարին հեռախոսակապից օգտվելը 53 հազար դրամ է կազմել: «Փաստաբաններին պետք է հանել դատարաններից, նրանք պետք է ունենան օֆիս»,- նշեց պարոն Սահակյանը: Մինչ պալատի նախագահն իրենց խնդիրներից էր խոսում, պատրաստվում էին քվեաթերթիկները՝ պալատի որակավորման եւ կարգապահական հանձնաժողովների թափուր մնացած անդամների համար: Ռ. Սահակյանը որակավորման հանձնաժողովի համար առաջարկեց իր երբեմնի մրցակցի՝ Ենոք Ազարյանի թեկնածությունը, որը 195 կողմով (21 անվավեր) ընտրվեց: Փակ գաղտնի քվեարկությամբ կարգապահական հանձնաժողովն էլ 194 կողմով ունեցավ իր անդամը՝ Արթուր Ալիխանյանը: Փաստաբանների համերաշխության դրսեւորման մեկ օրինակ էլ իրենց գործընկերներին՝ Զարուհի Դանիելյանին եւ Արմեն Մանուկյանին շնորհավորելն էր՝ ծննդյան օրվա կապակցությամբ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել