Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքեր

Փետրվար 21,2006 00:00

Ովքեր եւ ինչպես են պայքարել գիտության դեմ «ԳԱԱ արհմիությունները նախագահության գրպանում են» հոդվածին ի պատասխան Փետրվարի 14-ին տեղադրել եք նաեւ հոդված այն մասին, որ իբրեւ թե ԳԱԱ միավորված արհկոմիտեն զբաղվում է աշխատավարձերի ժամանակին տալու հարցով: Իրականությունն այլ է. նա դա էլ չի անում: Այդ մեռելածին կազմակերպությունը, ինչպես միշտ, կատարում է միայն շարքային ստատիստի դեր: Մեր հացն ուտում են, մեր դեմ չարագործություն անում: Օրինա՞կ: Այսօր փետրվարի 16-ն է, սակայն մինչ օրս հունվարի աշխատավարձ չենք ստացել, պարտատերերն էլ ամեն օր ահաբեկում են. կփակեն գազը, կանջատեն հեռախոսը, հոսանքը եւ այլն: Ուտելու մասին էլ չեմ խոսում: Իսկ այդ՝ իբրեւ թե մեր աշխատավարձի տալը «ժամանակին ապահովող» օղակը զբաղված է դատարկ խոսակցություններով: Ի դեպ, նրանք մենակ չեն այդ գործում: Օրերս այդպիսի մի «շեդեւր» է թողարկել նաեւ Հայկական առաջին հեռուստաալիքը: Այդ մի հաղորդումը միանգամից բոլորին «չոռ» ասեց: Նրա մասնակից ակադեմիկոսները ոչ միայն չկարողացան (արդեն քանիերորդ անգամ անճարակ գտնվեցին) համոզել հեռուստադիտողներին, որ ԳԱԱ-ն քանդել չի կարելի, այլ առաջարկեցին (ակադեմիկոսների մեկի բերանով) Հայաստանի գիտությունը մի այլ փակուղի տանելու ճանապարհ ընտրել: Նրանք կարծում են, թե գիտության առաջընթաց կարելի է ապահովել, եթե վարչապետին կամ պրեզիդենտին կից կազմակերպվի ինչ-որ մի կոմիտե, որն զբաղվի գիտության եւ տեխնոլոգիաների խնդիրներով: Իսկ Ազգային ժողովի նախագահն ու Ազգային անվտանգության քարտուղարն ինչո՞ւ են անտեսվում՝ մնում է անհասկանալի: Հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչ գիտական խնդիր լուծել կարողացող ակադեմիկոսներ են, որ չեն հասկանում, որ այդ նույն ԳԱԱ-ն, այն նույն գիտության եւ կրթության նախարարությունը եւ նրա ԲՈՀ-ը հենց այդ «մեծապատիվ ազգային ջոջերին» կից են ստեղծված: Փոխանակ ինքը՝ երկրի ղեկավարությունը ազգին համոզեր, որ երկիրը առաջադեմ եւ մրցունակ գիտական օրգանիզմ ունենալու մեծ (շատ մեծ) կարիք ունի, հակառակն է կատարվում. մի բուռ անճարակներ են նրանց համոզում, որ երկրի ղեկավարությունը գոնե եղածը պահպանի: Էն էլ մեր «բալդի ծառաների» աշխատավարձերով: Մի՞թե սա աբսուրդ չի: Չտեսած-չլսված աբսուրդ, երբ պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի ղեկավարությունը (հասկանալով դա, թե՝ ոչ) տանում է գիտությունը ոչնչացնելու-արմատախիլ անելու քաղաքականություն՝ բառիս բուն իմաստով: Նա ոչնչացնում է այն միակ զենքն ու զրահը, որով նա կարող է իր ազգային անվտանգությունն ապահովել: Չհասկանալ այս մեկին գումարած մեկի թվաբանությունը եւ խոսել գիտության առաջընթացի բարձրագույն մաթեմատիկայի մասին, անհիմն է ու ծիծաղելի: Մանավանդ, երբ այդ «բարեփոխումը» (այսինքն՝ ոչնչացումը) հանձնարարում է մարդկանց, որոնք միայն քանդելու գործի գերազանցիկներ են: Նախ եւ առաջ հասկանալ է պետք, որ գիտությունը ոչ ակադեմիկոսն է անում, ոչ՝ պրոֆեսորը: Գիտությունը անում են Գիտնականները, որոնք կարող են լինել նաեւ «շարքային» գիտության թեկնածուներ: Այդպիսիները, ի տարբերություն ակադեմիկոս կամ պրոֆեսոր լինելու «տեղեկանք» ունեցողների, միջազգային հանրությանը ներկայացնում են Գիտելիք եւ միջազգային շուկաներում մրցունակ գործեր, որոնք մեզ՝ հայերիս համար, եղել եւ հավերժ մնալու են որպես ազգի անսպառ հարստությունների աղբյուր: Գիտության բարեփոխումը նրա կարիքներն ու ցավերը չհասկացող մարդկանց (այդ թվում՝ գիտության եւ կրթության նախարարության չինովնիկներին կամ Ազգային ժողովի պատգամավորներին) հանձնարարելը կարող է դառնալ նրան կրտելու լավագույն միջոց: Այնպես որ, քանդելուց առաջ պետք է հասկանալ, թե մինչեւ հիմա ովքեր եւ ինչպես են պայքարել (եւ շարունակում են պայքարել) գիտության դեմ: Համոզված եմ, որ եթե երկրի ղեկավարությունը իրական ցանկություն ունենար գիտությամբ առաջնորդվելու, ապա նա այդ խնդիրը վաղուց լուծած կլիներ եւ ոչ թե այն կործանման եզրին հասցրած: Նաեւ հասկանալ է պետք, որ ոչ ստրուկը, ոչ այսքան երկար տարիներ ստորացումների վիճակում պահվող մեկը, ինչպիսին Հայաստանի գիտության եւ արվեստի մարդն է, մեծ արժեք ունեցող գործ ծնել չի կարող: Այլ ճշմարտություն՝ մարդկության պատմությանը հայտնի չէ: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել