Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՋՋԱՅԻՆ

Փետրվար 21,2006 00:00

ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷԱՊԵՍ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՄԻՄՅԱՆՑԻՑ Հաղորդակցության խնդիրը մեր տարածաշրջանի ամենասուր եւ ցավոտ հարցերից է: Խոսքը հիմնականում երկաթուղային, ճանապարհային եւ մարդկային հաղորդակցության մասին է: Իսկ ինչպիսի՞ն է վիճակը հեռախոսային հաղորդակցության ոլորտում: Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի բջջային կապի շուկայի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ կապի այս տեսակի սակագները տարածաշրջանում արդեն էականորեն չեն տարբերվում միմյանցից: Այս ոլորտում մինչեւ վերջերս միայն Հայաստանն էր ոչ շահեկան վիճակում, ինչը բխում էր «ԱրմենՏելի» մենաշնորհային վիճակից, ինչը հանգեցնում էր գների պայմաններում բջջային կապի ցածր որակի ապահովման: Սակայն Հայաստանում կապի այս տեսակը բուռն վերելք ապրեց երկրորդ օպերատորի՝ «Վիվասելի» շուկա մուտք գործելով: Եթե հաշվի չառնենք գործունեության առաջին շաբաթներին առաջացած խառնաշփոթն ու կապի կաթվածահար վիճակը, ապա հետագայում բջջային կապի որակը մինչ այդ եղածի համեմատ բարելավվեց, սակագները նվազեցին, նախկին մենաշնորհ ունեցող «ԱրմենՏելից» դժգոհությունները վերացան, «Վիվասելի» բաժանորդների թիվն, ըստ ընկերության տվյալների, անցավ 100 հազարից: Այսինքն՝ տեղի ունեցավ այն, ինչ կարելի էր սպասել շուկայական մրցակցության դեպքում: Արդյունքում Հայաստանում բջջային կապի սակագները համարժեք դարձան տարածաշրջանի երկրներում գործող սակագներին: Փորձենք համեմատել ինքներս: Թուրքիա Թուրքիայում գործող օպերատորներից հիմնականը երկուսն են՝ «Թուրքսելը» եւ «Տելսիմը»: Առաջատարը «Թուրքսելն» է: Բնականաբար՝ թուրքական շուկան շատ ավելի մեծ է եւ ընդգրկուն: Օպերատորների առաջարկած ծառայություններն էլ համապատասխանաբար տարբերակված են եւ բազմազան: Կան հատուկ քարտեր բանակայինների, անվտանգության, ոստիկանության եւ ուսանողների համար, որտեղ վերջիններս օգտվում են ավելի ցածր գներով ծառայություններից: «Թուրքսելի» «Ստանդարտ» քարտի ամսական վճարը կազմում է 0,75 նոր թուրքական լիրա կամ մոտ 50 ցենտ: Ցածր բաժանորդավճարի փոխարեն բարձր է խոսելաժամանակը՝ 0,35 նոր թուրքական լիրա (25 ցենտ) ցանցի ներսում եւ 0,50 լիրա (37-38 ցենտ)՝ դեպի այլ օպերատոր զանգի 1 րոպեի համար: «Թուրքսելի» առաջարկած նվազագույն խոսելավճարը կազմում է մինչեւ 0,2 նոր թուրքական լիրա կամ մոտ 15 ցենտ: Վրաստան Վրաստանում գործող հիմնական ընկերությունները երկուսն են՝ «Ջեոսելը» եւ «Մագտիկոմը»: Այս ընկերությունները գրեթե հավասարապես բաժանել են վրացական շուկան: Որոշ առավելություն բաժանորդների թվով ունի «Ջեոսելը»՝ ընդհանուրի մոտ 55 տոկոսը: Մնացածը «Մագտիկոմի» բաժանորդներն են: Վերջինիս SIM քարտի բաժանորդավճարը 5 լարի է (3 դոլար), ինչն անհամեմատ ցածր է հայկական օպերատորների համանման քարտերի բաժանորդավճարից: Սակայն խոսակցության արժեքը ցանցի ներսում եւ դեպի այլ ցանց 0,288 լարի է կամ մոտ 19 ցենտ, ինչն ավելի բարձր է, քան հայկական օպերատորների առաջարկած խոսակցության գները: Նույնն է նաեւ «Ջեոսելի» առաջարկած ծառայությունների բաժանորդավճարի գինը եւ դեպի այլ ցանց խոսակցության արժեքը: Միայն ցանցի ներսում «Ջեոսելն» առաջարկում է փոքր-ինչ ցածր սակագին՝ 0,259 լարի (մոտ 16 ցենտ): Ադրբեջան Տարածաշրջանում մեր հարեւան մյուս երկրում՝ Ադրբեջանում նույնպես գործում են երկու խոշոր ընկերություններ՝ «Ազերսելն» ու «Բաքսելը»: Առաջինն առաջարկում է մի քանի տեսակ քարտեր՝ «Էկոնոմ», «Ստանդարտ», «Բիզնես» եւ այլն: Դրանք միմյանցից տարբերվում են բաժանորդավճարի, րոպեավճարի եւ անվճար խոսելաժամանակի տարբեր պայմաններով: Օրինակ՝ «Էկոնոմ» քարտերի բաժանորդավճարն արժե 4,9 մանաթ, որն, ըստ փոխարժեքի, կազմում է մոտ 4,5 դոլար: Խոսելավարձը նույն ցանցում 0,14 մանաթ է, դեպի այլ ցանց՝ 0,25: Այստեղ գործում է ամսական 10 րոպե անվճար խոսելու ժամանակը: Իսկ, օրինակ, «Ստանդարտ» քարտում բաժանորդավճարը 9,8 մանաթ է (մոտ 9 դոլար), տվյալ ցանցի ներսում խոսելավարձը 0,10 մանաթ, դեպի այլ ցանց զանգի դեպքում՝ դարձյալ 0,25 մանաթ: Այստեղ արդեն գործում է ամսական 25 րոպե անվճար խոսելու ժամանակահատվածը: «Էկոնոմ» քարտի համեմատ այս քարտի բաժանորդավճարն ավելի բարձր է, բայց դա փոխհատուցվում է անվճար խոսելու եւ դեպի այլ ցանց խոսելու ավելի ցածր գնով: Այսինքն, առաջինն առավել ձեռնտու է քիչ խոսացողների, երկրորդը՝ շատ խոսացողների համար: «Ազերսելի» «Բիզնես» քարտն այս առումով ավելի բարենպաստ է շատ խոսելու անհրաժեշտություն ունեցողների համար: Ադրբեջանի մյուս օպերատորի՝ «Բաքսելի» առաջարկած «Կլաս» քարտի բաժանորդավճարն է 7,5 դոլար, խոսելավարձը ցանցի ներսում եւ դեպի այլ ցանց՝ 10 ցենտ: Փաստորեն, Անդրկովկասում ամենացածր սակագներն առաջարկում են Ադրբեջանի «Բաքսելը»: Հայաստան «ԱրմենՏելի» կողմից մատակարարվող բջջային կապի սակագները ներկայումս այսպիսին են՝ SIM քարտի բաժանորդավճարը 5400 դրամ է (12 դոլար) եւ 1 րոպեի խոսելու արժեքը 48 դրամ (10 ցենտ): Կանխավճարային քարտի 1 րոպեի խոսակցության գինն 90 դրամ է (20 ցենտ) ինչպես «ԱրմենՏելի» ցանցում, այնպես էլ այլ օպերատորներին կատարած զանգերի դեպքում: «Վիվասելի» սակագները շատ չեն տարբերվում վերոնշյալից: SIM քարտի ամսավճարը կազմում է 4000 դրամ (9 դոլար), խոսելավարձը 1 րոպեի համար նույն ցանցի ներսում 48 (10 ցենտ) դրամ, դեպի այլ օպերատոր զանգի դեպքում՝ 55 դրամ (12 ցենտ): Կանխավճարային քարտի 1 րոպեի խոսելավարձը նույն ցանցում 90 դրամ է, դեպի այլ օպերատոր զանգի համար՝ 110 դրամ (24 ցենտ): Փաստորեն, «Վիվասելի» գներն ավելի բարձր են միայն դեպի «ԱրմենՏելի» ցանց զանգի դեպքում: Բնականաբար, բջջային կապի օպերատորների առաջարկած ծառայությունների բոլոր տարատեսակներին ու զեղչային տարբերակներին մի նյութում անդրադառնալն անհնար է: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ տարածաշրջանի երկրների կողմից առաջարկվող բջջային կապի հիմնական ծառայությունների սակագները շատ չեն տարբերվում միմյանցից: Ինչ մնում է որակին, ծածկույթի ապահովմանը, բաժանորդների թվին, ընկերությունների տեխնոլոգիական զինվածությանը եւ այլ ցուցանիշներին, ապա դրանք արդեն այլ՝ մասնագիտական մոտեցում պահանջող խոսակցության թեմաներ են: ԱՐԱՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ www.norharevanner.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել