Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կդառնա՞

Փետրվար 21,2006 00:00

Կդառնա՞ Էրդողանը նախագահ Բանակը կողմ է, ընդդիմությունը՝ դեմ, Էրդողանը`… Վերջին օրերին Թուրքիայի օրակարգի հիմնական հարցերից մեկը նախագահական ընտրություններն են, որոնք տեղի կունենան ներկայիս նախագահ Ահմեդ Նեդջեդ Սեզերի պաշտոնավարման ժամկետի լրացումից հետո, այսինքն՝ 2007 թ. մայիսին: Թուրքիայի նախագահական ընտրությունների պատմությունը բավականին հետաքրքիր է: Բազմաթիվ են զինվորական հեղաշրջումից հետո նախագաh ընտրված, ավելի ճիշտ՝ իրենք իրենց նախագաh հայտարարած անձինք: Կարելի է ասել՝ Թուրքիայի պատմության մեջ զինվորական ծագում չունեցող նախագաhներից առաջինը Ջելալ Բայարն էր, իսկ երկրորդը՝ Թուրգութ Օզալը: Այս երկու քաղաքական գործիչները նախագահ դարձան իրենց քաղաքական կուսակցությունների հաջողության շնորհիվ: Այն ժամանակ նույնպես Թուրգութ Օզալի հրաժարվելը «Մայր հայրենիք» կուսակցությունից եւ նախագաhական ընտրություններին իր թեկնածությունը դնելը բավականին մեծ արձագանք էր ունեցել: Հետագայում Թուրքիան ունեցավ նախագահներ, որոնք ընդհանրապես կապ չունեին ոչ մի քաղաքական կուսակցության հետ: Նրանք ընտրվել էին, քանի որ այն ժամանակվա կոալիցիոն կառավարությունները պարզապես չէին կարողացել ինչ-որ կոնկրետ քաղաքական գործչի շուրջ ընդհանուր եզրակացության գալ ու նրան առաջարկել որպես նախագահի թեկնածու: Այս նախագահներից էին՝ Ֆահրի Քորություրքը եւ ներկայիս նախագահ Ահմեդ Նեդջեդ Սեզերը: Թուրքիայում նախագահի պաշտոնը ընկալվում է առավելապես որպես ձեւական պաշտոն: Ընդհանրապես ժողովուրդը նախագահական աթոռի վրա ուզում է տեսնել մի քանի օտար լեզուների տիրապետող, միջազգային էթիկայի կանոններին ծանոթ, ներկայանալի արտաքին ունեցող մի քաղաքական գործչի, որին ուղեկցում է հագնվելու բարձր ճաշակ ունեցող, իրեն ավելորդ խոսակցություններից հեռու պահող, մի խոսքով՝ ներկայանալի ու ժամանակակից մի թուրք կին: Ո՞վ է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը Այս օրերին Անկարայում տեղի ունեցող բոլոր քաղաքական զրույցների կամ բամբասանքների հետեւում թաքնված է մի հարց՝ արդյոք տեղի կունենա՞ն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ: Իսկ ամենահետաքրքրող հարցը հետեւյ ալն է՝ արդյոք վարչապետ Թայիփ Էրդողանը կլինի՞ նախագահի թեկնածուներից մեկը, իսկ եթե այո, ապա կընտրվի՞ նա արդյոք: Եվ ի՞նչ կլինի հետո, ի՞նչ նոր փոփոխություններ կլինեն Թուրքիայի քաղաքական կյանքում: Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը (Ժողովրդահանրապետական կուսակցությունը) կողմնակից է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ըստ նրանց՝ դա միակ ճանապարհն է, որը կարգելի վարչապետ Թայիփ Էրդողանին՝ նախագահ ընտրվել: Սակայն շատ քաղաքագետների ու փորձագետների կարծիքով՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար առկա չեն ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական նախադրյալներ, ավելին, եթե տեղի ունենան այդ ընտրությունները, դրանք ոչ մի արդյունքի չեն բերի: Այժմ խորհրդարանի տեղերի 65 տոկոսը գտնվում է AKP-ի (Արդարություն եւ Առաջադիմություն կուսակցության) ձեռքում, իսկ ընտրություններից հետո այս թիվը հավանաբար ընդլայնվելու է, ոչ թէ նվազելու, որը ընդդիմադիրները չեն ուզում ընդունել: Ընդդիմության կողմից օրակարգում բարձրացված հարցերից մեկն էլ Էրդողանի կնոջ գլխաշորն է: Որոշ շրջանակներ պնդում են, թե նախագահի կինը չի կարող կրել այն գլխաշորը, որը խորհրդանիշն է հետադիմականության: Ի՞նչ է ասում բանակը Թուրքական բանակը միշտ հանդես է եկել որպես հիմնական Թուրքիայի աշխարհիկ համակարգի պաշտպան եւ անհրաժեշտության դեպքում պարբերաբար միջամտել է երկրի քաղաքական կյանքին: Վերջին տասնամյակներում, մասնավորապես՝ 1997 թվականին, թուրքական բանակը, անհանգստանալով իշխանության ղեկը պահող կառավարությունների իսլամիստական աշխարհայացքներից, ու ընկալելով դրանք որպես սպառնալիք, Թուրքիայի հանրապետության աշխարհիկ համակարգին եւ սահմանադրության հիմնական սկզբունքներին, արգելակել է նրանց գործունեությունը: Թայիփ Էրդողանը, հանուն Եվրամիության անդամակցության, փորձում է որոշ չափով վերացնել բանակի ազդեցությունը Թուրքիայի քաղաքական կյանքում: Սակայն պարզ է, որ զինվորականները միշտ էլ պատրաստ են ու զգոն: Ըստ թուրքական «Radikal» թերթի, բանակը Թայիփ Էրդողանի ընտրվելու հավանականությունից անհանգիստ չէ: Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի կնոջ գլխաշորին, սահմանադրության մեջ որեւէ օրենք չկա, որը արգելում է նրան կրել այն: «Բանակի համար կարեւոր է ոչ թե այն, թե ով է լինելու նախագահ, այլ այն, թե նախագահը կարողանալո՞ւ է պահպանել Թուրքիայի աշխարհիկ համակարգը եւ սահմանադրության սկզբունքները», ասվում է թերթում: Ճիշտ է, Էրդողանը դեռ ոչ մի բան չի արտահայտում իր թեկնածության մասին: Սակայն առկա է նաեւ հետեւյալ կարծիքը, որ եթե Էրդողանը դառնա նախագահ, ներկայիս արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը կղեկավարի կուսակցությունը եւ հետեւաբար 2007 թվականի աշնանը կայանալիք ընտրություններից հետո, եթե հաջողվի կուսակցության ձայների մեծամասնությունը հավաքել (որը չի բացառվում)՝ Գյուլը կդառնա վարչապետ: Սակայն շատ են այն թուրք քաղաքագետները եւ լրագրողները, որոնք մտածում են, թե Էրդողանը կղեկավարի կուսակցությունը եւս 4 տարի, իսկ որպես նախագահի թեկնածու կառաջարկի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Առընչին: Շատ հավանական է թեկնածությունը դնելու դեպքում Էրդողանի՝ նախագահ դառնալը, անկախ նրանից՝ տեղի կունենա՞ն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ: Եվ ի՞նչ է ցանկանում Էրդողանը Շատերի կարծիքով՝ Էրդողանը այնքան էլ ոգեւորված չէ այս հեռանկարով. վերջապես՝ Թուրքիան նախագահական համակարգով կառավարվող երկրներից չէ: Նույնիսկ կարելի է հիշել «Մայր հայրենիք» կուսակցությունից հրաժարվելու գնով նախագաh դարձած Թուրգութ Օզալի քաշած դժվարությունները, երբ նրան ընդհանրապես ուշադրություն չէր ցուցաբերվում նորապաշտոն վարչապետների կողմից: Մի խոսքով՝ Թուրքիայում կարող են վարչապետ դառնալ միայն այն քաղաքական գործիչները, որոնք ունեն բավականին մեծ քաղաքական ուժ, իսկ վարչապետից նախագահ դառնալը ոչ միայն բարդ չէ, այլեւ երբեմն՝ ոչ ցանկալի: ԱԼԻՆ ՕԶԻՆՅԱՆ www.norharevanner.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել