Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժամանակն

Փետրվար 21,2006 00:00

Ժամանակն է դիմել Արմեն Հարությունյանին Եթե Հայաստանը իրավական երկիր լիներ, եւ օրենքի առջեւ բոլորը հավասար լինեին, ապա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար կկրեր վարչական պատասխանատվություն: Սկզբի համար կտուգանվեր նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով: Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»: Րաֆֆի Հովհաննիսյանը (եւ նրան միացած 72 հայտնի մտավորականներն ու 2000-ից ավելի շարքային քաղաքացիները), օրինակ, իրավունք ուներ ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը (21 հարցերից բաղկացած հարցաշարի միջոցով) երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդուց: Առավել եւս, որ այդ տեղեկությունը (որը Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրել է կոչել «Հանրային հաշվետվության քաղաքացիական պահանջագիր») չի պարունակում պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք: Նույն «Տեղեկատվության ազատության մասին» (ՏԱ) օրենքով, պաշտոնյան պարտավոր էր տեղեկություն ստանալու համար իրեն դիմած անձին պատասխանել 5 օրվա ընթացքում, իսկ եթե «հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում»: Նկատենք, որ Ր. Հովհաննիսյանի հարցաշարն առաջին անգամ հանձնվել է ՀՀ նախագահի նստավայր՝ 2005թ. դեկտեմբերի 9-ին, ապա երկրորդ անգամ նույն հարցաշարը, արդեն ավելի քան երկու հազար մարդու ստորագրությամբ, հանձնվել է նախագահական նստավայր նույն թվականի դեկտեմբերի 19-ին: Իսկ դա նշանակում է, որ համաձայն ՏԱ օրենքի, վաղուց անցել են բոլոր հնարավոր ժամկետները, որոնց շրջանակներում պարոն Հովհաննիսյանն ու իր համախոհները պիտի ակնկալեին «ծանոթանալ» իրենց «փնտրած տեղեկությանը»: Նույն օրենքի համաձայն, եթե տեղեկության տրամադրումը հետաձգվում է, ապա հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմողին պետք է գրավոր տեղեկացնել հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: Եթե գրավոր հարցումը մերժվում է, ապա՝ միայն գրավոր, պարտադիր հիմնավորված եւ օրենքին համապատասխան: Ստիպված ենք նկատել, որ այս դեպքում միանշանակորեն խախտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ եւս ավելի քան 2000 մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքը. նրանց հարցմանը չեն պատասխանել ոչ 5 եւ ոչ էլ 30 օրում, գրավոր հարցմանն ի պատասխան գրավոր մերժում չեն տրամադրել ու չեն նշել հարցումը մերժելու իրավական հիմքերը: Ըստ էության, անտեսելով ՀՀ օրենքները, այդքան մարդու հարցումը որեւէ պատասխանի չի արժանացել ՀՀ օրենսդրության երաշխավորի կողմից: Չհաշված, իհարկե, նախագահի մամլո խոսնակի հայտարարությունը, թե «նախագահն անհեթեթություններին չի պատասխանում»: Իմիջիայլոց, այն քաղաքացիները, ում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտվել է, կարող են դիմել խախտողի վերադասին (այս դեպքում՝ երեւի թե Պուտինին դա հնարավոր չէ), դատարան, մարդու իրավունքների պաշտպանին: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ. Իմիջիայլոց, նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը պատասխանել էր Տ. Ուրիխանյանի կողմից պարոն Հովհաննիսյանին ուղղված ցինիկ հակահարցաշարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել