Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԵՐ

Փետրվար 21,2006 00:00

ՓԱՍՏԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մեջբերումներ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցից՝ Հայաստանում 2005-ին մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանի Հելսինկյան կոմիտեն առաջին անգամ կազմած իր այս զեկույցում նշում է, թե «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք սահմանափակում են Պաշտպանի գործունեության հնարավորությունները: Ասենք, օրենքի 7-րդ հոդվածը բացառում է դատական մարմինների եւ դատավորների դեմ ներկայացված բողոքների քննումը պաշտպանի կողմից. «Այսինքն՝ պաշտպանը զրկվում է այնպիսի անձանց օգնելու հնարավորությունից, ում նկատմամբ խախտվել է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով եւ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը: Պաշտպանը չի կարողանա արձագանքել դատական վարույթներում անպատեհ ձգձգումների կամ դատապաշտպանի իրավունքի մերժման խնդիրներին»: Մինչդեռ արդար դատաքննության իրավունքը հիմնարար իրավունք է, ու բոլոր մյուս իրավունքների եւ ազատությունների իրականացման նախապայման. «Այսպիսով, պաշտպանի հսկողության ոլորտից դուրս է մնում իշխանության 3 թեւերից մեկը»: Մեջբերված է նաեւ մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը Ռոբերտ Քոչարյանին նամակ էր հղել, ուր հայտնել էր, թե ԱԱԾ աշխատակիցները գաղտնալսում են գրասենյակի հեռախոսներն ու տարածքը, եւ հետեւում աշխատակազմի աշխատակիցներին: ՏԻՄ ընտրություններ եւ հանրաքվե Զեկույցում գնահատական կա, թե «գործադիր իշխանությունը շարունակում է էական ազդեցություն ունենալ ընտրական հանձնաժողովների աշխատանքի վրա, քանի որ բոլոր մակարդակի հանձնաժողովներում նախագահներ ու քարտուղարներ դարձան իշխող կոալիցիայի ներկայացուցիչները՝ այդպես էլ չերաշխավորելով անկախ եւ բազմակարծիք ընտրական հանձնաժողովների գործունեություն»։ ՏԻՄ ընտրությունների առնչությամբ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նշում է. «Արձանագրվեցին նույն ընտրակեղծիքներն ու խախտումները, որոնք տեղի էին ունենում 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում՝ լցոնումներ, բաց քվեարկություններ, ընտրակաշառք, վստահված անձանց եւ դիտորդներին ահաբեկում» եւ այլն: Շուրջ 30 էջ կազմող այս զեկույցում հանգամանալից շարադրված են ինչպես այս, այնպես էլ այլ գնահատականները հիմնավորող փաստերը: Նշված է, թե ամենահամատարած խախտումները կատարվել են ընտրացուցակների հետ: Եվ մեջբերված է մի օրինակ Էջմիածնից. «ԱԺՄ-ական ներկայացուցչի ջանքերով թիվ 19/15 տեղամասում հայտնաբերվել էր, որ Էջմիածնի Մաշտոցի 59 շենքի 58-րդ բնակարանից, ժամը 12.30-ի դրությամբ, ավելի քան 60 ընտրող է մասնակցել ընտրությանը: Կեղծիքը հայտնաբերելու պահին շարունակվելիս է եղել այդ հասցեում գրանցվածների հոսքը, եւ նրանցից շատերը չեն կարողացել պատասխանել, թե որտեղ է գտնվում այդ հասցեն»: Ընտրացուցակներից դուրս են մնացել անձինք, որոնց անունները մշտապես ընդգրկված են եղել, փոխարենը հայտնվել են վաղուց մահացած անձանց անուններ. «Օրինակ՝ ըստ «Ընտրությունը քոնն է» կազմակերպության զեկույցի՝ Կռիլովի 6 հասցեի նախկին բնակիչ, 20 տարի առաջ մահացած Ջիլբերտ Հակոբյանի անունը, որը երբեք ընտրացուցակներում ներառված չի եղել։ Արարատ գյուղական համայնքի 18/01 տեղամասում մի դիտորդի եւ վստահված անձի ջանքերով հայտնաբերվել են 220 մահացածների անուններ: Ընտրացուցակում եղել են ԱՄՆ-ում բնակվող քաղաքացիների անուններ, որոնց դիմաց դրված են եղել ստորագրություններ»: Հանրաքվեի առնչությամբ մատնանշված են փաստեր, որ հանրապետության գրեթե բոլոր ընտրատեղամասերում առավոտյան 8-ին նախապես լցոնված քվեատուփերը բերվել են տեղամաս. «Օրինակ, Վարդենիսի 23/42 տեղամասում «Ազգային միաբանության» կողմից դիտորդական առաքելություն իրականացրած Վաղինակ Պետրոսյանն առավոտյան 7-ն անց 53 րոպեին, այսինքն՝ քվեարկությունը դեռ չսկսած, մտնելով ընտրատեղամաս՝ արձանագրել է, որ քվեատուփը կիսով չափ լիքն է եղել»: Խոսքի ազատություն Այս բաժնում հիշատակված է «Ա1+»-ի եթերազրկումը ու նաեւ այն, որ «չնայած ԵԽԽՎ բոլոր բանաձեւերում (մասնավորապես՝ ԵԽԽՎ թիվ 1361 (2004), թիվ 1405 (2004)) ՀՀ իշխանություններից պահանջվում էր «հնարավորինս շուտ արդարացի պայմաններ ստեղծել «Ա1+» հեռուստակայանին հեռարձակման արտոնագիր շնորհելու համար»՝ 2005-ի ընթացքում չանցկացվեց հեռուստահաճախականությունների մրցույթ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նշում է, թե «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի հետ պատահածից հետո «բոլոր հեռուստաալիքները գտնվում են գրաքննության տակ: Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների դիտարկումները վկայում են, որ չի ապահովվում բազմակարծությունը, առկա է նաեւ ներքին գրաքննություն»: Առանձին ենթաբաժնում՝ «Բռնություններ լրագրողների նկատմամբ», հիշատակված է, որ 2005-ի նոյեմբերի 24-ին ոստիկանության մի կապիտան խոչընդոտել էր «Ա1+»-ի լրագրող Դիանա Մարկոսյանի մասնագիտական գործողություններին եւ հարվածել նրան: Իսկ 2005թ. դեկտեմբերի 6-ին էլ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանից եւ «Չորրորդ իշխանություն» թերթի լուսանկարիչ Գագիկ Շամշյանից էին Նոր Հաճընի ոստիկանները փորձել խլել լուսանկարող սարքերը եւ լրագրողներին տեղափոխել բաժանմունք: Հավաքներ Նշվում է, որ թեեւ 2005թ. հոկտեմբերի 3-ին փոփոխվել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը, սակայն պահպանվել են զանգվածային հրապարակային միջոցառման արգելման որոշ վիճահարույց հիմքեր, ինչպես օրինակ՝ «հավաստի տվյալների առկայությունն այն մասին, որ միջոցառման անցկացումը իրական վտանգ է սպառնում անձանց կյանքին կամ առողջությանը»: Բացի այդ՝ փոփոխությունների հետեւանքով «արգելվում է զանգվածային միջոցառման անցկացումը ՀՀ նախագահի նստավայրից այնքան հեռավորության վրա, որքան ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նշում է, որ չնայած որոշ բարելավումներին՝ օրենքի ընդհանուր հայեցակարգը չի փոխվել. «Այն շարունակում է մնալ ոչ թե հանրահավաքների ազատության երաշխիքները ամրապնդող, այլ հրապարակային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը սահմանափակող բնույթի»: Նշված է, թե մինչ հանրաքվեն՝ հանրահավաքներ ու երթեր քիչ են անցկացվել 2005-ին. «Սակայն անցկացվածները զուգորդվել են իշխանությունների կողմից կամայական գործողություններով, ոստիկանական հետապնդումներով»: Իսկ հանրաքվեի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանները կրկին բռնություն են կիրառել, չեն թույլատրել հանդիպում փաստաբանների հետ եւ այլն: Մեջբերված են տվյալներ, թե հանրաքվեի արդյունքների դեմ կազմակերպված ցույցերին մասնակցելու համար ոստիկանական բաժանմունքներ են տարվել ընդդիմադիր կուսակցությունների 40-ից ավելի քաղաքացիներ: Դատարաններ եւ այլ հարցեր «Դատարանները, որպես մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ապահովման մեխանիզմ՝ 2005-ի ընթացքում եւս արդյունավետ չեն գործել»,- գնահատված է զեկույցում: Նաեւ նշված է, որ սահմանադրական փոփոխություններից հետո պահպանվեց 1995-ին ամրագրված այն դրույթը, ըստ որի՝ Արդարադատության խորհրդի առաջարկած դատավորներին նշանակում կամ նրանց լիազորությունները դադարեցնում է ՀՀ նախագահը. «Այսինքն՝ վերջնական որոշում կայացնողը նախագահն է»: «Խղճի ազատություն» բաժնում մասնավորապես նշված է, թե 19 Եհովայի վկաներ Հայաստանից եւ 1-ը՝ Ղարաբաղից դատապարտվել են ազատազրկման՝ հերթական զինվորական զորակոչից խուսափելու համար։ Զեկույցում անդրադարձներ կան նաեւ խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի փաստերին եւ նշված է, թե դեռեւս վերացված չեն դրանց հնարավորությունը չբացառող երեւույթները՝ ասենք, «սահմանված չէ ոստիկանության կողմից հարցաքննության վարման սպառիչ կանոնակարգը»: Խոշտանգումների փաստերով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական օրենսդրությամբ նախատեսված պատիժ չի կիրառվել նաեւ 2005-ին: Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Զեկույցում կատարված է հանգամանալից անդրադարձ սեփականության իրավունքի խախտումներին. «Պետության կարիքների համար, առանց մրցույթի, հողամասեր են տրամադրվել 7 ձեռնարկությունների, որոնք ունեն իշխանության ամենաբարձր օղակների «տանիքը». ծրագիրը հովանավորում է անձամբ նախագահը։ Հայտնի է, որ «Վիզկոն» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը նախկին բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանն է, իսկ «Գրիար» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը՝ Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիշա Հարությունյանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել