Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անվճար

Փետրվար 21,2006 00:00

Անվճար հեռախոսակապը՝ «գժվացնելու» միջոց «ՎիվաՍելլի» կարգազանց բաժանորդներին պատժել է պետք Բջջային կապի «ՎիվաՍելլ» օպերատորի՝ բաժանորդներին ընձեռած հնարավորությունները՝ անվճար զանգահարել 101, 102, 103 եւ այլ ծառայություններ, ուղղակի գլխացավանք են դարձել հիշյալ ծառայությունների եւ նրանց աշխատակիցների համար: Թիվ 101՝ հրշեջ ծառայության աշխատակիցների հավաստմամբ, ամբողջ օրվա ընթացքում իրենց զանգահարում են մարդիկ, ովքեր կեղծ ահազանգում են այս կամ այնտեղ բռնկված հրդեհի կամ ինչ-որ արտակարգ իրավիճակի մասին, փորձում են զրույցի մտնել աշխատակիցների հետ, ծանոթանալ կամ էլ ուղղակի անպատշաճ բառեր ու արտահայտություններ են ուղղում աշխատակիցների հասցեին: Ըստ մեր զրուցակիցների՝ զանգահարողները տղամարդիկ են, հիմնականում՝ երիտասարդ տարիքի: «Երբեմն փորձում ենք բարեկրթության սահմաններում խնդրել, բացատրել, որ մեզ չխանգարեն: Մեր բարեկրթությունից ոգեւորված՝ նորից են զանգում: Փորձում ենք կոպտել՝ սաստելով, որ իրենք կպատժվեն մեզ խանգարելու համար: Այդ դեպքում էլ սկսում են հայհոյանքներ ու փողոցային արտահայտություններ ուղղել մեզ: Չգիտենք ինչպես վարվենք»,- ասում է ծառայության աշխատակցուհին: Նրա ասելով՝ իրենք դիմել են ոստիկանություն, սակայն պարզվել է, որ 102-ը՝ ոստիկանությունն էլ է տառապում այս ցավով: Նույն իրավիճակից դժգոհ 103՝ շտապօգնության աշխատակիցները պարզել են, որ զանգողներից շատերը մարզերից են, հիմնականում Շիրակի մարզից. «Խոսակցական բարբառից զգացվում է, որ հիմնականում գյումրեցիներ են: Այդ զանգերը մեր աշխատանքին շատ են խանգարում, օրը դարձնում են լարված ու նյարդային: Չգիտենք ինչպես կանխենք այդ չարիքը»,- ասում են շտապօգնության աշխատակցուհիները: Բոլոր ծառայությունների աշխատակիցներն էլ համոզված էին, որ անկարգներին «որսալ» իրենք չեն կարող: Թերեւս միակ արդյունավետ միջոցը այն կլինի, որ ոստիկանությունը՝ համագործակցելով բջջային օպերատորի հետ, պատժի խուլիգան բաժանորդներին: Որպես օգնություն՝ ստորեւ ներկայացնում ենք նրանցից մի քանիսի հեռախոսահամարները, որոնք ֆիքսվել են 103 ծառայության հեռախոսահամարի վրա հունվարի 21-ին, ժամը 14.20-ին՝ մի քանի րոպեի ընթացքում: Սրանք շտապօգնության «հիմնական բաժանորդներն» են. 31-83-39, 35-16-27, 88-04-76, 80-51-45: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել