Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽՈՒԺԱՆ

Փետրվար 21,2006 00:00

«ԽՈՒԺԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՇԵՖՈՒՀԻՆ» ՓԱԽԱԾ ՉԷ Ռուզաննա Ադամյանը օրեր առաջ «Առավոտի» խմբագրությունում էր Առքուվաճառքի պայմանագրերից տուժածներն օրերս մամուլի ասուլիս էին հրավիրել ու հավաստիացնում էին, որ Հայաստանում «քցող» բրոքերներն այնքան են շատացել, որ արդեն խմբավորում են կազմել: Նրանք նույնիսկ հրապարակեցին հանցավոր խմբավորման «շեֆուհու» անունը՝ Ռուզաննա Ադամյան, որը, տուժածների ներկայացմամբ՝ իրեն է ենթարկում շարքային բրոքերներին ու համապատասխան հրահանգներ տալուց բացի՝ նրանց ապահովում կապերով: Հատուկ Ռուզաննայից եւ «խուժան» բրոքերներից պաշտպանվելու համար նրանցից տուժածները համախմբվել են ու ստեղծել «Թափառաշրջիկ բրոքերներից տուժածների նախաձեռնող խումբ»՝ Ֆլորա Շախգուլյանի ղեկավարությամբ: Ասուլիսի օրը նա պնդում էր, որ Ռուզաննան հիմա «փախած» է: Սակայն այդ մասին հրապարակումներից հետո մի կին էր դիմել «Առավոտի» խմբագրություն, թե «ես էլ եմ Ռուզաննա Ադամյան, եթե իմ մասին է խոսքը՝ ես փախած չեմ, այստեղ եմ»: Ռուզաննայի պատմելով՝ ինքը խայտառակ է եղել. «Ես մեծ շրջապատ ունեմ, քանի օր է՝ ինձ անընդհատ զանգում են, թե թերթ կարդացե՞լ ես, էդ քո՞ մասին են գրել, ես էլ եմ շփոթված, չգիտեմ՝ ի՞նձ են նկատի ունեցել, թե՞ ուրիշ Ռուզաննայի, գուցե թյուրիմացություն է եղել»: Որոշ մանրամասներ ճշտելուց հետո պարզվեց, որ ոչ մի շփոթմունք էլ չկար. խոսքը հենց նույն մարդու մասին էր: Սակայն Ռուզաննա Ադամյանը պնդում է, որ ինքը բրոքեր չէ, երբեւէ չի եղել եւ մտադիր էլ չէ հետագայում բրոքերությամբ զբաղվել: «Դրանք ուղղակի կեղտոտ շանտաժիստներ են, փողի հոտ են առել, իմացել են, որ նաղդ 30 հազար դոլար ունեմ, ուզում են փող կորզել, էդքան բան»,- ասուլիսավորների մասին այսպես արտահայտվեց հակառակ կողմը: (30 հազար դոլարը մեկ այլ պատմություն է եւ բուն խնդրի հետ անմիջական կապ չունի): Ըստ Ռուզաննայի, խմբավորում ստեղծել է ոչ թե ինքը, այլ՝ իր նախկին ամուսինը՝ Արամ Միրզաբեկյանը, որը «բրոքերներից տուժածներ» անվան տակ իր շուրջն է հավաքել մի խումբ մարդկանց ու որոշել հեշտ ճանապարհով՝ զրպարտելով փող աշխատել: «Ես նույնիսկ կարող եմ ասել, թե որտեղ են նրանք հավաքվում, խոսքները մեկ անում, պայմանավորվում ու որոշում իմ դեմ դուրս գալ»,- «Առավոտին» ասաց Ռ. Ադամյանը: Թեեւ ասուլիսի կազմակերպիչների ցանկում Արամ Միրզաբեկյանի անունը չկար, բայց Ռուզաննան համոզված է, որ այս ամբողջ պատմության ետեւում հենց նա է թաքնված: Արամ Միրզաբեկյանը նախկինում հենց բրոքերությամբ է զբաղվել եւ առքուվաճառքի գործարքներ կնքել: Սակայն 2005-ի հոկտեմբերից Ռուզաննան նրանից պաշտոնապես ամուսնալուծվել է՝ ստանձնելով 2 անչափահաս երեխաների խնամքը: «Քանի որ ունեցածս գույքը ամուսնուս բաժին չեղավ, ոչ մի բան չստացավ, անգամ բնակարանիցս իրան բաժին չհասավ, քանի որ սկեսրայրս ամբողջը ինձ էր տվել ու գրանցել իմ անունով, ինքը հիմա մուռ ա պահել ու որոշել ա էդ ճանապարհով ունեցած-չունեցածս թալանել»,- պատմեց Ռ. Ադամյանը: Նրա ներկայացմամբ՝ «երեխեքիս հարբեցող հոր հարձակումներից, խոշտանգումներից ազատելու համար ստիպված տանս դուռը հիմա փակել եմ ու ապրում եմ հորեղբորս տանը», ահա թե ինչու բրոքերներից տուժածների համար նա «փախածի» տպավորություն է ստեղծում: Իր խոսքերի ճշմարտացիությունն ապացուցելու համար Ռ. Ադամյանը մատնացույց արեց իր փաստաբանին՝ Նարիման Միրզաբեկյանին: Թեեւ վերջինիս ազգանունը Ռուզաննայի նախկին ամուսնու ազգանունից է, բայց Ռուզաննան վստահեցրեց, որ դա սոսկ պատահական զուգադիպություն է՝ «ազգակցական ոչ մի կապ չկա, մենք բարեկամներ չենք»: Հիշեցնենք, որ բրոքերներից տուժածները ողջ ասուլիսի ժամանակ պնդում էին, որ բրոքերների «շեֆը» սերտորեն համագործակցում է նոտարի ու ոստիկանության հետ ու վերեւների հետ լուրջ կապեր ունի: Չի բացառվում, որ նրանք հենց նկատի ունեին նախկինում դատախազի պաշտոն ունեցած Միրզաբեկյանին, որն այժմ Ռուզանի փաստաբանն է: Պարոն Միրզաբեկյանը մեզ հետ զրույցի ժամանակ ներկայացրեց իր պաշտպանյալի հետ առնչվող փաստաթղթերի մի ամբողջ տրցակ: Պարզվում է՝ Ռուզանի դեմ, որպես խարդախի, արդեն 4 մեղադրանք կա: Փաստաբանի խոսքերով՝ «ես հասկանում եմ, որ շատ խառը պատմություն է ստացվել եւ այդ առքուվաճառքի գործարքների հետ կապված Ռուզանի դեմ կարող է նորանոր մարդիկ հայտնվեն ու խմբակային տպավորություն ստեղծեն՝ պնդելով, թե նա 10 հազար դոլար մեզ պարտք է, թե խաբել է, մեր տունը վաճառել է, բայց կան փաստաթղթեր, կա օրենք. մարդը պարտքով գումար է տվել, ունի լիազորագիր, ըստ որի, եթե պարտքը չվերադարձնեն, կարող է բնակարանը տնօրինել, ունի ստացական, ինչի՞ մասին է խոսքը: Վերաքննիչը Ռուզաննայի օգտին վճիռ է կայացրել, թող վճիռը բողոքարկեին»: Մարտի 2-ին Ռուզաննա Ադամյանի դեմ գործը քննվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանում: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել