Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղի

Փետրվար 21,2006 00:00

Ղարաբաղի խնդիրը գլոբալ խոչընդոտ չէ Եվ այդ պատճառով էլ առայժմ լուծում չի պարտադրվում ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը շաբաթ օրը «Ազդակ» ակումբում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում ստատուս քվոն հավերժ պահպանելն անհնար է, եւ դա է վկայում համաշխարհային փորձը: Իբրեւ օրինակ, նա ներկայացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության վիճակը, երբ Իսրայելը նույնիսկ 30 տարի անց ստիպված էր վերադարձնել հողերը: Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, ազգամիջյան այն հակամարտությունները, որոնց ընթացքում արձանագրվել են տարածքային փոփոխություններ, ի վերջո բերվել են մինչեւ հակամարտությունը եղած վիճակին: Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, առայժմ միջազգային հանրությունը Ղարաբաղի հակամարտության պարագայում ճնշումներ չի գործադրի: Կան առանձին ճնշման փորձեր, որ, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, բխում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առանձին շահերից, բայց դրանք միասնական նպատակաուղղվածություն չունեն: Դրա պատճառը, դիվանագետի կարծիքով, այն է, որ Ղարաբաղի հակամարտությունը միջազգային առումով դեռեւս չի դարձել շոշափելի պրոբլեմ եւ գլոբալ խոչընդոտ. «Գուցեեւ լավ է, որ այդպես է: Բայց այն պահից սկսած, երբ Ղարաբաղն արդեն կդառնա միջազգային հանրության համար ավելի հետաքրքրական եւ կարեւոր խնդիր, մեզ որեւէ լուծում կպարտադրվի»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ պարտադրված լուծումը, նրա կարծիքով, ամենեւին չի բխի Հայաստանի շահից: Թեպետ հանդիպման թեման ղարաբաղյան հակամարտությունն էր, սակայն չեն շրջանցվել նաեւ ՀՀՇ-ին վերաբերող հարցերը: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ ՀՀՇ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին, քանի որ կանգնած է երկընտրանքի առաջ՝ վերսկսել քաղաքական ակտիվությունը կամ տրվել լիակատար մոռացության: Նախկին ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ ՀՀՇ-ն ամբողջությամբ գիտակցում է այդ իրողությունը եւ մտածում է ճիշտ քայլ կատարել: Իսկ ՀՀՇ ներկայիս պասիվությունը Ալեքսանդր Արզումանյանը պայմանավորում է հասարակական պահանջարկի բացակայությամբ: Միեւնույն ժամանակ վստահ է, որ ՀՀՇ-ն բավական պահանջարկ ունեցող կուսակցություն է քաղաքական դաշտի մյուս խաղացողների շրջանում: Այդ պահանջարկը, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, բավական յուրօրինակ արտահայտություն է ստանում, որի նմանն աշխարհում գոյություն չունի: Ըստ նրա, ընդդիմությունը հանրահավաքներ է հրավիրում եւ փոխանակ քննադատելու այն իշխանությանը, որից իշխանություն են պահանջում, քննադատում է ՀՀՇ-ին. «Բռնցքամարտում դա կոչվում է մենամարտ ստվերի դեմ: Հիմա ՀՀՇ-ն ստվեր է, բայց շարունակում են այդ ստվերի դեմ պայքարել»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը: Նրա գնահատմամբ, այդ իրավիճակում կուսակցությունը միանգամայն ճիշտ է վարվում, որ դադար է վերցրել: Նախկին ԱԳ նախարարը գտնում է, որ դա հասարակությանը կօգնի ավելի հստակ գիտակցել՝ ինչն ինչոց է եւ ով ով է: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել