Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն

Փետրվար 21,2006 00:00

ՀՀԿ-Ն ԵՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ Չի բացառում համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը – 2007-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտի լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում, ստեղծվում նոր կուսակցություններ, հները փորձում են հստակեցնել իրենց դիրքերը: Եվ այս իրավիճակում ոմանք քաղաքական դաշտում լուրջ գործոն են համարում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»: Ձեր կարծիքով ի՞նչ վերադասավորումներ են սպասվում ընտրություններից առաջ: – Ցանկացած ընտրությունից առաջ քաղաքական վերադասավորումները բնական են, նաեւ բնական է նոր կուսակցությունների մուտքը քաղաքական դաշտ: Ընթացող գործընթացների մեջ որեւէ արտառոց բան չկա եւ բոլոր՝ հին թե նոր ուժերը հստակեցնում են իրենց ռեսուրսները՝ 2007-ի ընտրություններին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցություններին, ապա նման քաղաքական հայտ են ներկայացրել ե՛ւ Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ Արտաշես Թումանյանը, որոնցից յուրաքանչյուրը շարադրել է երկրի զարգացման իր պատկերացումները, իր ծրագրերը, եւ բոլորն էլ առաջընթաց եւ զարգացում ապահովող ծրագրեր են: Ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ հնարավոր եղավ այդ ծրագրերը դարձնել իրականություն, որովհետեւ ինձ ծանոթ չէ որեւէ կուսակցություն, որի ծրագրերում երկրի հեռանկարի համար անընդունելի գաղափարներ ներկայացված լինեն: Ինչ վերաբերում է կոնկրետ Գագիկ Ծառուկյանին, եթե ինքը կայուն, անցնցում եւ բարգավաճ Հայաստան ապահովելու գործում իր մասնակցությունը տեսնում է մեծ քաղաքականություն մուտք գործելու, իր կուսակցությամբ ապագա ընտրություններին մասնակցելու մեջ, ես դա միանգամայն բնական եմ համարում: Քաղաքական բնականոն գործընթացներ են ընթանում, եւ միայն խորհրդարանական ընտրություններից հետո պարզ կլինի, թե ո՞րն էր այս կամ այն կուսակցության իրական կշիռը եւ որքանո՞վ ժողովուրդը վստահեց նրանցից յուրաքանչյուրի խոսքին եւ գործին: Նշեմ նաեւ, որ այս փուլը քաղաքական վերադասավորումների միայն սկիզբն է եւ մինչեւ ընտրություններ դեռ շատ ջրեր կհոսեն: – Ասացիք, թե ժողովուրդն ինքը իր քվեով պետք է լինի որոշողը: Մինչդեռ, ընդդիմությունն այն կարծիքին է, որ եթե քաղաքական գործընթացները գնան այս սցենարով, ապա 2007-ի ընտրություններին մասնակցելն իմաստ չի ունենա, որովհետեւ հաջորդ ԱԺ-ն կլինի ամբողջությամբ նշանակովի: – Ցանկացած քաղաքական ուժ իր պարտությունն աշխատում է որոնել եւ գտնել ոչ թե սեփական սխալների, այլ դիմացինի մեջ: Ընդդիմությունը երեւի նկատում է, որ իր քաղաքական վարկանիշն այսօր որոշակիորեն վտանգված է, ուստի կանխազգալով ապագա ընտրություններում սպասվող բավականին լուրջ մրցակցությունը՝ ընտրություններից շատ առաջ անում է նման հայտարարություններ: 2007-ի համար քաղաքական պայքարի են դուրս եկել մեծ թվով քաղաքական ուժեր, որոնք ունեն զգալի քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսներ, եւ անգամ տեսականորեն հնարավոր չէ, ինչպես ասացիք՝ «նշանակել» խորհրդարանի 131 տեղերը: Կարծում եմ, լինելու է բավականին լուրջ մրցակցություն, աչալուրջ վերահսկողություն ընտրական հանձնաժողովներում, յուրաքանչյուր քաղաքական ուժ պայքարելու է իրեն տրված յուրաքանչյուր քվեի համար: Եվ մտածել, թե ինչ-որ մեկն իր քվեն զիջելու է մյուսին՝ պարզապես անլուրջ է: Այնպես որ, ինչպես մինչ օրս չի իրականացել ընդդիմության եւ ոչ մի լուրջ կանխատեսում՝ այնպես էլ տրամաբանական չեմ համարում նրանց կանխատեսումն ապագա ընտրությունների վերաբերյալ: – Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ ապագա ընտրություններում պայքարը գնալու է ոչ թե ընդդիմության եւ իշխանության միջեւ, այլ հենց իշխանական ճամբարի կուսակցությունների միջեւ: Իսկ որոշ ուժեր էլ իրենց քաղաքական հաշվարկը կառուցում են այն հեռանկարով, թե ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ առկա որոշակի հակասությունները աշխատելու են իրենց օգտին: – Ոչ թե պայքար, այլ մրցակցություն է գնալու այն բոլոր ուժերի միջեւ, որոնք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ կներկայացնեն: Ինչ վերաբերում է նրան, որ որոշ քաղաքական ուժեր հակասություն են փնտրում ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, պետք է հիասթափեցնեմ իրենց քաղաքական ապագան նման հաշվարկի վրա կառուցող ուժերին: Նրանցից ոմանց ձեռնտու կլիներ, որ իրականում նման հակասություններ լինեին, որովհետեւ յուրաքանչյուր հակասության արդյունքում շահում է երրորդ ուժը: Իրականում այդ երկու քաղաքական ուժերի միջեւ որեւէ հակասություն գոյություն չունի: Ավելին, ես չեմ բացառում, եւ դա իմ անձնական տեսակետն է, որ «Հանրապետականն» ու «Բարգավաճ Հայաստանը» ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցեն համագործակցված ձեւով: Իսկ թե համագործակցության կոնկրետ ի՞նչ տարբերակ կընտրվի՝ դա արդեն երկու ուժերը պետք է միմյանց հետ քննարկեն ու որոշեն: Չեմ բացառում նաեւ, որ ապագա համագործակցության դաշտը ներառի շատ ավելի լայն քաղաքական սպեկտոր՝ միավորելով երկրի զարգացման հեռանկարի հարցում ընդհանրություններ ունեցող առողջ քաղաքական ուժերին: – Խոսում եք հնարավոր համագործակցությունից, մինչդեռ ՀՀԿ առաջին դեմքերը պարբերաբար ակնարկում են, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդամենը փողի կուսակցություն է: – Հանրապետականում ես մեկ առաջին դեմք եմ ճանաչում, եւ նա նման բան չի ասել: – Տեսակետ կա, որ ՀՀԿ-ի քաղաքական ծրագրերի մեջ է մտնում երեք հիմնական՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի պաշտոնները վերցնելը: Սակայն ակնհայտ է, որ ժողովուրդը չի սիրում այս իշխանություններին, իսկ Ձեր կարծիքով, ժողովուրդը այնքան սիրո՞ւմ է այս իշխանությանը, որ նրան տա վստահության քվե: – Ցանկացած կայացած քաղաքական ուժի ծրագրերի մեջ պետք է լինի իշխանության ձգտումը, այլապես այդ ուժի գոյությունը դառնում է ինքնանպատակ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ծրագրերին, ապա յուրաքանչյուր ուժ ընտրության է գնալու իր համար որոշակի նշաձող սահմանած՝ հաշվի առնելով իր հնարավորությունները: Եվ այդ առումով եթե այսօր 1-2 անդամ ունեցող մարդ-կուսակցությունները մտածում են նախագահ կամ վարչապետ դառնալու մասին, ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն իր քաղաքական հավակնություններով զիջի որեւէ կուսակցության: Ամեն ինչ, սակայն, որոշվելու է ընտրությունների արդյունքում եւ կախված նրանից, թե ՀՀԿ-ն ի՞նչ ներկայություն կունենա ապագա խորհրդարանում՝ հնարավոր կլինի արդեն կոնկրետ խոսել ձեր նշած խնդիրների մասին: Իսկ ինչ վերաբերում է իշխանությանը չսիրելուն՝ ոչ մի երկրում էլ, կարծում եմ, իշխանություններին չեն սիրում: Էականն այն է, թե տվյալ իշխանությունն ինչ է անում ժողովրդի համար: Եթե մի կողմ թողնենք հուզական մոտեցումներն ու նայենք սթափ, կտեսնենք, որ թե՛ հանրապետության նախագահը եւ թե՛ կառավարությունը իրենց խոստումները կատարել ու կատարում են: – Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ի դիրքերը մեծապես կախված են այն հանգամանքից, թե արդյոք պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2007-ի ընտրություններին կմասնակցի՞ ՀՀԿ համամասնական ցուցակով: Նա առայժմ խորհրդավոր լռում է, թեպետ, կարծես, հենց այդ որոշումն էլ պայմանավորելու է քաղաքական դաշտի վերջնական վերաձեւումը: – Կարծում եմ, պաշտպանության նախարարն առաջիկայում ինքը կհրապարակի իր որոշումը, այնպես որ՝ չէի ցանկանա ո՛չ ես, ո՛չ էլ որեւէ մեկն այդ հարցին նրա փոխարեն պատասխաներ: Անգամ, եթե այդ պատասխանը կոնկրետ ինձ հայտնի է: Քաղաքական գործընթացները զարգանում են բնականոն հունով, եւ որքան անհեռատես է հապաղելը, նույնքան էլ անհեռատես է քաղաքական գործընթացներից առաջ ընկնելը: Յուրաքանչյուր գործընթաց արդարացված է ճիշտ ժամանակի եւ պահի մեջ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել