Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ԿԻՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԱՄՆ-ՈՒՄ

Փետրվար 21,2006 00:00

Հայկական
ֆիլմերի փառատոն՝ Սան Ֆրանցիսկոյում Երեւանյան կինոթատրոններում (մասնավորապես՝
«Մոսկվա» եւ «Նաիրի») կարծես ավանդույթ է դարձել հայ կինոռեժիսորների աշխատանքներին
անդրադառնալ փառատոնից փառատոն կամ մրցույթից մրցույթ («Ոսկե ծիրան», «Ես եմ», «Կին»,
«Մասնավոր հայացք»): Վերջին տարիներին, երբ շարժ եղավ հայ կինոարվեստում, կինոթատրոնների
էկրաններին բարձրացան Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա», Գագիկ Հարությունյանի
«Յարխուշտա», «Որոգայթ», Զոհրաբ Բեկ Գասպարենցի «Առաքել» ֆիլմերը, այն էլ կարճ ժամանակով:
Մինչդեռ արտերկրում ապրող ու ստեղծագործող հայազգի կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանի «Արարատը»,
Ալեքսանդր Աթանեսյանի «Սրիկաները» նկարները ցուցադրվեցին երկար ժամանակ: Տեղացի կինոռեժիսորները
հավանաբար ճիշտ են նկատում, որ պետք է լինել սփյուռքահայ, որպեսզի նկարահանած ժապավենը
առաջին արձագանքները հայրենիքում գտնի, հետո նոր՝ արտերկրում: «Առավոտը» անդրադարձել
է հայաստանցի կինոռեժիսորների աշխատանքներին, ինչպես նաեւ նրանց ֆիլմերի (այդ թվում
եւ վավերագրական) մասնակցությանը կինոփառատոներին ու մրցույթներին: Փետրվարի վերջին
Սան Ֆրանցիսկոյում կկայանա հայկական ֆիլմերի 4-րդ փառատոնը, որ կազմակերպել է տեղի
հայ համայնքը՝ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետ: Վավերագրող կինոռեժիսոր Մարիամ Օհանյանի
«Հայ կինը եւ քաղաքականությունը» վավերագրական ֆիլմը եւս կմասնակցի հիշյալ փառատոնին:
Ի դեպ, ոչ Մարիամը, ոչ էլ հայկական կինոաշխարհի հայտնի գործիչները (այդ թվում՝ Կինոգործիչների
միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը, Ազգային ֆիլմադարանի ղեկավար Գարեգին Զաքոյանը)
փառատոնի անցկացման ժամկետների մասին ոչինչ չգիտեին: Ինչ վերաբերում է Մ. Օհանյանին,
հայ կինոհանդիսատեսը նրան հիմնականում ճանաչում է որպես հայաստանյան «Կին» փառատոնի
տնօրեն, մինչդեռ վերջինս վեց ֆիլմի հեղինակ է ու մասնակից Իրանի, Անապայի հեղինակավոր
կինոփառատոների: Մեզ հետ զրույցի սկզբում կինոռեժիսորը նշեց, որ եթե այսօր
Հայաստանում կինոարտադրություն կա, ապա դա վավերագրական կինոն է, որը մրցունակ է
համաշխարհային շուկայում, ավելի քան խաղարկայինը: Ըստ Մ. Օհանյանի, Հայաստանում կինոարտադրությանը
ֆինանս չի տրամադրվում, չեն նկարվում բարձրակարգ ֆիլմեր ու, բնականաբար, շուկա էլ
չկա. «Պետք է ձեւավորենք այդ շուկան: Անհրաժեշտ է փոքր ֆիլմերին ուշադրություն դարձնել
(նկատի ունի վավերագրական, կարճամետրաժ նկարները- Ս. Դ.) եւ, համոզված եմ, որ դրանք
գումար կբերեն: Գուցե այդ դեպքում պետությունը աջակցի մեզ մեծ՝ լայնամետրաժ խաղարկային
ֆիլմեր նկարահանելու: Եվ ամենացավալին՝ մեզանում վերացել է մեծ էկրանով ֆիլմ դիտելու
կուլտուրան»: Կինոռեժիսորը առաջարկում է ստեղծել ֆորում կամ ինտերնետում բացել կայք,
որտեղ կցուցադրվեն, կխոսվեն եւ տեղ կգտնեն հայաստանցի կինոռեժիսորների գործերը. «Սա
մեծ հաշվով պահանջում է պետության որոշակի աջակցություն, որի առկայության դեպքում
կձեւավորվի լուրջ ֆիլմ դիտելու մշակույթը»: Ըստ մեր զրուցակցի, պարտադիր չէ, որ ֆիլմերը
ցուցադրվեն մեծ դահլիճներում. «Թող լինեն փոքր սրահներ, որտեղ կկայանան ֆիլմերի ցուցադրությունները,
քննարկումները եւ միայն այդ միջոցով կձեւավորվի կինոհանդիսատես»: Խոսելով պետական
աջակցության մասին, Մ. Օհանյանը բերեց Ֆրանսիայի օրինակը. «Այդ երկրի կինոթատրոններում
ցուցադրվող ֆիլմերի միայն 30%-ն է արտերկրի արտադրության: Այսկերպ են վարվում ոչ
միայն Ֆրանսիայում, այլեւ Եվրոպայի այլ երկրներում, առաջինը ներկայացնելով իրենց
կինոարտադրանքը, հետո նոր՝ դրսինը»: Թե ինչու երեւանյան կինոթատրոններում
չի ցուցադրվում մեր կինոարտադրանքը՝ կանդրադառնանք առաջիկայում, իսկ Մ. Օհանյանին
զրույցի վերջում ուղղված հարցին՝ ինչպե՞ս անել, որ 21-րդ դարում ունենանք ֆիլմ դիտելու
կուլտուրա, նա խորհուրդ տվեց TV-ներով ժամանակ առ ժամանակ ցուցադրել խորհրդային տարիներին
ստեղծված կինոռեժիսոր Ալլա Սուրիկովայի «Մարդը Կապուցիների պուրակից» ֆիլմը, որտեղ
գլխավոր հերոսը՝ կինոմեխանիկը ամերիկյան խուլ գյուղերից մեկում առաջին անգամ ֆիլմ
է ցուցադրում. «Առաջին անգամ կինո են բերում այդ վայրը, մարդիկ սկսում են դիտել,
ընկալել եւ այդպես հիմք է դրվում կինո դիտելու մշակույթի»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել