Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարգեւատրվեցին մայրենին անաղարտ պահողները

Փետրվար 21,2006 00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, փետրվարի 21-ը
հայտարարվել է մայրենի լեզվի պահպանման օր: Այս տարվանից մայրենիի տոնը կնշվի նաեւ
Հայաստանում: Այդ օրը ՀՀ դպրոցներում կկազմակերպվեն բաց դասեր եւ զանազան
միջոցառումներ՝ նվիրված մայրենի լեզվին: Մայրենիի տոնի առիթով երեկ «Առնո
Բաբաջանյան» համերգասրահում, ԱԺ կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ
Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր միջոցառում: Ըստ կազմակերպչի,
մայրենիի նկատմամբ անտարբերությունը նման է դասալքության, երբեմն՝ դավաճանության:
«Մենք պետք է մայրենիի նկատմամբ անսահման սեր եւ հոգածություն ցուցաբերենք: Դրանցից
մեկը՝ պետական տոնացույցում մեր անկախության, հանրապետության, հաղթանակի տոների կողքին
ունենալ մայրենիի տոնը: Մայրենին դասվել է սրբության սրբոցների դասին: Մենք պարտավոր
ենք պահել, պահպանել, սովորել եւ օգտագործել մեր մայրենին»,- նշեց Հ. Հակոբյանը:
Անդրադառնալով արեւմտահայերենի եւ արեւելահայերենի միաձուլման խնդրին, նշեց. «Խնդիրն
իրոք առկա է, սակայն չէի ուզենա, որ մենք հակադրվենք եւ այսպիսի հակադրություն առաջանա
մեր լեզվի նկատմամբ: Մեր լեզվի երկու ճյուղերն են, եւ այդ հարցերը ավելի հեշտ ձեւով
կարող են լուծվել: Ես կարծում եմ, որ արդեն 12-ամյա դպրոցի 8-րդ կամ 9-րդ դասարանում
պետք է մեսրոպյան ուղղագրություն ուսուցանել մեր երեխաներին՝ անգլերենի, ֆրանսերենի
եւ ռուսերենի կողքին»: Երեկ տոնի առիթով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ,
շնորհակալագրերով պարգեւատրվեցին մեր մայրենին անաղարտ պահող 12 անձինք: Հ. Հակոբյանը
նշեց, որ եթե 100-ներով եւ 1000-ներով էլ նման պարգեւներ հանձնվեին, միեւնույն է,
քիչ կլիներ: Վարչապետի շնորհակալագրին արժանացան արձակագիր, նկարիչ Աղասի Այվազյանը,
հենց Հրանուշ Հակոբյանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը,
ՀՀ առաջին հաղորդավարուհի Նառա Շլեպչյանը եւ այլք: Մայրենիի համար շնորհակալագրեր
էր պատրաստել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նրա խոսքը երազների շարքից
էր. «Մեր քաղաքակրթությունը միգուցե այն աստիճանի հասնի, ինչպես Ֆրանսիայում
է, տարեվերջին հանրապետության նախագահը տուգաներ հատկապես պետական պաշտոնյաներին,
որոնք տարվա ընթացքում աղավաղել են մայրենին»: Հ. Հակոբյանը խոստացավ, որ կհասնեն
նրան, որ մեր երկրում նույնիսկ պատիժներ կսահմանեն: Լեզվի տեսչության պետ
Լավրենտի Միրզոյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է հասնել նրան, որ պատժվեն այն
մարդիկ, որոնք կոպիտ ժարգոնային արտահայտությունները հեռուստատեսային գովազդների
միջոցով «խցկում» են եթեր: Տեսչության պետը ասաց, որ գովազդի մասին օրենքում նշվում
է միայն, որ գովազդի լեզուն հայերենն է: «Հիմա նոր օրենքի նախագիծ ենք պատրաստել,
որը կառավարությունում է եւ վարչապետի հանձնարարությամբ մեկ անգամ եւս վերամշակվում
է: Նոր օրենքի ընդունումից հետո այդ օրենսդրական բացերը կվերանան»,- նշեց Լ. Միրզոյանը:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆՀ. Գ. Գովազդի լեզվի
եւ «Լեզվի մասին» օրենքի խախտման դեպքերի մասին կարդացեք մեր թերթի շաբաթ օրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել