Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀԱՆԴԻՊԵՆ «ՍԱՂԱԹԵԼԻ ԿԼՈՒԲՈՒՄ»

Փետրվար 21,2006 00:00

Ավարտվեց
ՀՀ փաստաբանների պալատի 3-րդ ընդհանուր ժողովը ՀՀ
կառավարության նիստերի դահլիճում շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստանի փաստաբանների
պալատի 3-րդ ընդհանուր ժողովին լրատվամիջոցները չէին հրավիրված, թեեւ ինչպես փաստաբանների
պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, այնպես էլ Ամերիկայի իրավաբանների միության ներկայացուցիչ
տիկին Սիմփսոնը կարեւորում էին թափանցիկությունը: Ըստ վերջինիս, «թափանցիկությունը
կնպաստի հանրության վստահության ձեռքբերմանը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ»:
Օրակարգի 5 հարցերից հանվեց երրորդը՝ փաստաբան Վահե Գրիգորյանի հարցը: Ինչպես
հայտնի է, Վահեն 4,5 ամիս պահվեց ԱԱԾ մեկուսարանում: «Հատուկ շնորհակալություն եմ
հայտնում դատարանի այն կազմին, որը օրենքից բխող որոշում կայացրեց»,- ասաց պալատի
նախագահը: Վահե Գրիգորյանին գործընկերները ծափերով դիմավորեցին: Վերջինս մեր մասնավոր
զրույցի ժամանակ հայտնեց, որ առաջիկա օրերին կհրավիրի մամուլի ասուլիս եւ շնորհակալություն
հայտնեց «Առավոտին»՝ իր խնդիրը լուսաբանելու համար: 474 փաստաբաններից գրանցվել էին
240-ը: Փաստաբանները հաստատեցին պալատի կանոնադրությունն ու Վարքագծի կանոնագիրքը:
Ռ. Սահակյանը տեղեկացրեց, որ իր օրոք 3,5 ամսում խորհրդի 6 նիստ են գումարել: Պալատի
նախագահի նախընտրական խոստումը, այն է՝ դրամաշնորհներ եւ գումարներ բերելու, հաջողվել
է. պալատի 2,5 մլն եվրո ծրագիրը հաստատվել է: «Ունենք լուրջ պրոբլեմներ նստավայրի
հետ կապված»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ փաստաբանները պետք է իրենց դպրոցում վերապատրաստվեն
եւ ունենան սերտիֆիկատ: Բանավոր քննությունների համար առաջարկվելու է 2000 թեստ:
«Ձեր ասուլիսները հրավիրեք մեզ մոտ: Գործում է «Սաղաթելի կլուբը» եւ 2 շաբաթը մեկ
ակումբի նիստ ենք անում»,- շարունակեց Ռ. Սահակյանը՝ նկատի ունենալով Փաստաբանների
պալատի սենյակներից մեկը, որն իր անունն է ստացել Շիրվանզադեի դրամայում հիշատակված
ակումբի օրինակով: Պալատի նախագահը զերծ չմնաց նաեւ գործընկերներին քննադատելուց.
«Գիտեմ փաստաբանի, որը իր վստահորդներին «Մալիբուում» է ընդունում»: Այնինչ փաստաբաններից
249-ը իր 2000-ական դրամ տարեկան անդամավճարը չէր վճարել, իսկ ծախսերը շատ են: Օրինակ,
միայն հունվարին հեռախոսակապից օգտվելը 53 հազար դրամ է կազմել: «Փաստաբաններին պետք
է հանել դատարաններից, նրանք պետք է ունենան օֆիս»,- նշեց պարոն Սահակյանը: Մինչ
պալատի նախագահն իրենց խնդիրներից էր խոսում, պատրաստվում էին քվեաթերթիկները՝ պալատի
որակավորման եւ կարգապահական հանձնաժողովների թափուր մնացած անդամների համար: Ռ.
Սահակյանը որակավորման հանձնաժողովի համար առաջարկեց իր երբեմնի մրցակցի՝ Ենոք Ազարյանի
թեկնածությունը, որը 195 կողմով (21 անվավեր) ընտրվեց: Փակ գաղտնի քվեարկությամբ
կարգապահական հանձնաժողովն էլ 194 կողմով ունեցավ իր անդամը՝ Արթուր Ալիխանյանը:
Փաստաբանների համերաշխության դրսեւորման մեկ օրինակ էլ իրենց գործընկերներին՝
Զարուհի Դանիելյանին եւ Արմեն Մանուկյանին շնորհավորելն էր՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել