Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կարելի է հողեր… գնել

Փետրվար 21,2006 00:00

Թուրքիայում հողային շուկան դառնում
է ավելի մատչելի Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի արդարադատության հանձնաժողովը
հավանություն է տվել հողային սեփականության մասին օրենքի փոփոխության նախագծին, որի
համաձայն օտարահպատակները իրավունք են ստանում հողային սեփականություն ձեռք բերել
Թուրքիայում: Համաձայն նախագծի, ինչպես Թուրքիայի հետ համապատասխան պայմանագիր
կնքած, այդպես էլ՝ պայմանագիր չունեցող որեւէ երկրի հպատակ իրավունք է ստանում մինչեւ
2,5 հեկտար (25 000 մ3) հողային սեփականություն ձեռք բերել: 2,5 հեկտարից ավելի հողատարածք
գնելու համար (մինչեւ 30 հա) անհրաժեշտ է Թուրքիայի կառավարության հավանությունը:
Հանձնաժողովը որոշում է կայացրել համապատասխան փոփոխություններ կատարել կադաստրի
մասին օրենքում: Կառավարություն-զինվորականություն հակասություններ Այս
օրենքի նախագիծը շատ կարեւոր նշանակություն ունի Թուրքիայի համար եւ հանդիսացել է
կառավարություն-զինվորականություն լարվածության պատճառ: Զինվորականությունը դեմ էր
օրենքի ընդունմանը, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հատուկ ելույթ է
ունեցել ԹԱՄԺ հանձնաժողովում, մի շարք առաջարկներ ներկայացրել, որոնցից ընդունվել
է միայն մեկը, այն է՝ օտարահպատակներին արգելվում է հողային սեփականություն վաճառել
այսպես կոչված “զինվորական շրջաններում: Զինվորականության դիրքորոշումը պաշտպանել
է նաեւ մայր ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը: Զինվորականության
հիմնական անհանգստությունը կապված է նրա հետ, որ օրենքի ընդունումով օտարահպատակները
կարող են մեծ հողատարածքներ գնել, եւ, ինչպես նշել է ՊՆ ներկայացուցիչը՝ “օրենքի
ընդունումից առաջ որեւէ հետազոտություն չի արվել, եւ այս նախագծով, օրինակ, 88% լեռնային
նահանգ հանդիսացող Հաքքյարին ամբողջովին կանցնի օտարահպատակներին: Մյուս անհանգստությունը
կապված է նրա հետ, որ նախագիծը որեւէ տարբերություն չի դնում հողային սեփականության
ձեռք բերման հարցում Թուրքիայի հետ փոխադարձ համաձայնություն կնքած երկրների (ներկայումս
Թուրքիայի հետ նման պայմանագիր են կնքել 88 երկիր) եւ նման պայմանագիր չունեցող երկրների
հպատակների միջեւ (35 երկիր): Նախագիծը եւ Հայաստանի քաղաքացիները Ուշագրավ
է, որ այդ կապակցությամբ հանձնաժողովի նիստին ՊՆ ներկայացուցիչը հատուկ նշել է, թե
“Հայաստանի հետ փոխադարձ համաձայնություն չկա: Հայաստանի քաղաքացին Թուրքիայում ձեռնարկություն
բացելով՝ կարող է հողային սեփականության տեր դառնալ, այն էլ՝ սահմանամերձ շրջաններում:
Այս առումով հիմնական անհանգստությունը կապված է ոչ թե Գերմանիայի կամ Ֆրանսիայի
քաղաքացիների հետ, քանի որ, օրինակ, նույն Գերմանիայի քաղաքացիներն արդեն վաղուց
բազմաթիվ սեփական հողատարածքներ ունեն Թուրքիայում, նույնիսկ Անթալիայի շրջանում
արդեն մի քանի տարի է, ինչ գործում են հատուկ “գերմանական գյուղեր, որոնց բնակչությունը
հիմնականում թոշակառու գերմանացիներն են, այլ երեք ժողովուրդների հետ՝ հույների,
հայերի եւ սիրիացիների: Հանձնաժողովի նիստում, առարկելով նախագծի ընդունմանը,
Ժողովրդա-Հանրապետական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Նուրի Սայգունը հատուկ ուշադրություն
է դարձրել այն հանգամանքին, որ արդեն ներկայումս Հաթայի նահանգի (Ալեքսանդրեթի սանջակ,
որի նկատմամբ մինչեւ վերջերս Սիրիան պաշտոնական հավակնություն ուներ) մշակվող հողերի
7% պատկանում է սիրիացիներին: Թուրքիայում հողային սեփականություն ունեցող
օտարահպատակների տեսակետից՝ առաջին տեղը պատկանում է հույներին, սակայն այն առանձնահատկություններ
ունի: Խնդիրը նրանում է, որ 1955թ. 6-7 սեպտեմբերի, Կիպրոսի դեպքերից հետո Թուրքիան
լքած հույներից շատերը գոնե դե-յուրե պահպանեցին իրենց սեփականությունը: Հանձնաժողովի
քննարկման ժամանակ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ Հունաստանը, հանդիսանալով ԵՄ անդամ,
Էգեյան կղզիներում սեփականության ձեռք բերման խնդրում սահմանափակումներ է կիրառում
թուրքերի նկատմամբ: Զինվորականության առավել մեծ անհանգստությունը կապված
է Հարավ-արեւելյան Անատոլիայի հետ, քանի որ հողի գինն այնտեղ Ստամբուլի կամ Կոնիայի
նահանգների հետ համեմատ ավելի էժան է եւ այդ շրջանի բնակչության հիմնական խնդիրը
կապված է ոռոգվող հողերի հետ, որոնց անցումն օտարահպատակներին կարող է լուրջ սոցիալական
դժգոհության հիմք հանդիսանալ: Հաշվի առնելով, որ նոր օրենքի համաձայն հայերը նույնպես
կարող են հող գնել այդ շրջանում, որը մինչ այդ ոչ պաշտոնապես նրանց արգելված էր,
ապա այդ դժգոհությանը կարող է ավելանալ լուրջ քաղաքական երանգ: Նախագծի ընդունումը
անհանգստություն է պատճառել նաեւ ազգայնական շրջանակներում, որոնք արդեն պատրաստվում
են մեղադրել իշխող Արդարության եւ Զարգացման կուսակցության կառավարությունը դավաճանության
մեջ, քանի որ այս նախագծով վերանում է «հողը միայն թուրքերին» սկզբունքը: Ովքեր
են ողջունում նախագիծը Առարկելով ազգայնականներին՝ Թուրքիայի լիբերալ
շրջանակները, ողջունելով օրենքի նախագիծը որպես կարեւոր քայլ ԵՄ լիիրավ անդամակցության
ճանապարհին, հիշեցնում են, որ անհանգստության լուրջ հիմք չկա, քանի որ նախկինում
էլ օտարահպատակը կարող էր հողային սեփականության տեր դառնալ Թուրքիայի քաղաքացու
հետ հիմնադրված համատեղ ձեռնարկության միջոցով, իսկ թե այդ ճանապարհով ինչքան հողեր
անցել են համատեղ ձեռնարկությունների՝ որեւէ լուրջ ուսումնասիրություն չի կատարվել:
Օրենքը պարզապես թույլ է տալիս օտարահպատակին հողի սեփականատեր դառնալ ոչ թե համատեղ
ձեռնարկության միջոցով, այլ՝ ուղղակիորեն: Դ-ր ԱՐՍԵՆ ԱՎԱԳՅԱՆ
www.norharevanner.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել