Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է դիմել Արմեն Հարությունյանին

Փետրվար 21,2006 00:00

Եթե Հայաստանը իրավական երկիր
լիներ, եւ օրենքի առջեւ բոլորը հավասար լինեին, ապա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար
կկրեր վարչական պատասխանատվություն: Սկզբի համար կտուգանվեր նվազագույն աշխատավարձի
տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով: Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ
օրենքի՝ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ
դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն
տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»: Րաֆֆի Հովհաննիսյանը (եւ նրան միացած
72 հայտնի մտավորականներն ու 2000-ից ավելի շարքային քաղաքացիները), օրինակ, իրավունք
ուներ ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը (21 հարցերից բաղկացած հարցաշարի միջոցով)
երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդուց: Առավել եւս, որ այդ տեղեկությունը (որը
Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրել է կոչել «Հանրային հաշվետվության քաղաքացիական պահանջագիր»)
չի պարունակում պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք: Նույն «Տեղեկատվության
ազատության մասին» (ՏԱ) օրենքով, պաշտոնյան պարտավոր էր տեղեկություն ստանալու համար
իրեն դիմած անձին պատասխանել 5 օրվա ընթացքում, իսկ եթե «հարցման մեջ նշված տեղեկությունը
տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել, ապա այդ տեղեկությունը
դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում»: Նկատենք, որ Ր. Հովհաննիսյանի
հարցաշարն առաջին անգամ հանձնվել է ՀՀ նախագահի նստավայր՝ 2005թ. դեկտեմբերի 9-ին,
ապա երկրորդ անգամ նույն հարցաշարը, արդեն ավելի քան երկու հազար մարդու ստորագրությամբ,
հանձնվել է նախագահական նստավայր նույն թվականի դեկտեմբերի 19-ին: Իսկ դա նշանակում
է, որ համաձայն ՏԱ օրենքի, վաղուց անցել են բոլոր հնարավոր ժամկետները, որոնց շրջանակներում
պարոն Հովհաննիսյանն ու իր համախոհները պիտի ակնկալեին «ծանոթանալ» իրենց «փնտրած
տեղեկությանը»: Նույն օրենքի համաձայն, եթե տեղեկության տրամադրումը հետաձգվում է,
ապա հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմողին պետք է գրավոր տեղեկացնել
հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: Եթե գրավոր
հարցումը մերժվում է, ապա՝ միայն գրավոր, պարտադիր հիմնավորված եւ օրենքին համապատասխան:
Ստիպված ենք նկատել, որ այս դեպքում միանշանակորեն խախտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի
եւ եւս ավելի քան 2000 մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքը. նրանց հարցմանը
չեն պատասխանել ոչ 5 եւ ոչ էլ 30 օրում, գրավոր հարցմանն ի պատասխան գրավոր մերժում
չեն տրամադրել ու չեն նշել հարցումը մերժելու իրավական հիմքերը: Ըստ էության, անտեսելով
ՀՀ օրենքները, այդքան մարդու հարցումը որեւէ պատասխանի չի արժանացել ՀՀ օրենսդրության
երաշխավորի կողմից: Չհաշված, իհարկե, նախագահի մամլո խոսնակի հայտարարությունը, թե
«նախագահն անհեթեթություններին չի պատասխանում»: Իմիջիայլոց, այն քաղաքացիները,
ում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտվել է, կարող են դիմել խախտողի վերադասին
(այս դեպքում՝ երեւի թե Պուտինին դա հնարավոր չէ), դատարան, մարդու իրավունքների
պաշտպանին: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ.
Իմիջիայլոց, նկատենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը
պատասխանել էր Տ. Ուրիխանյանի կողմից պարոն Հովհաննիսյանին ուղղված ցինիկ հակահարցաշարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել