«ՎիվաՍելլի»
կարգազանց բաժանորդներին պատժել է պետք Բջջային կապի «ՎիվաՍելլ» օպերատորի՝
բաժանորդներին ընձեռած հնարավորությունները՝ անվճար զանգահարել 101, 102, 103 եւ
այլ ծառայություններ, ուղղակի գլխացավանք են դարձել հիշյալ ծառայությունների եւ նրանց
աշխատակիցների համար: Թիվ 101՝ հրշեջ ծառայության աշխատակիցների հավաստմամբ, ամբողջ
օրվա ընթացքում իրենց զանգահարում են մարդիկ, ովքեր կեղծ ահազանգում են այս կամ այնտեղ
բռնկված հրդեհի կամ ինչ-որ արտակարգ իրավիճակի մասին, փորձում են զրույցի մտնել աշխատակիցների
հետ, ծանոթանալ կամ էլ ուղղակի անպատշաճ բառեր ու արտահայտություններ են ուղղում
աշխատակիցների հասցեին: Ըստ մեր զրուցակիցների՝ զանգահարողները տղամարդիկ են, հիմնականում՝
երիտասարդ տարիքի: «Երբեմն փորձում ենք բարեկրթության սահմաններում խնդրել, բացատրել,
որ մեզ չխանգարեն: Մեր բարեկրթությունից ոգեւորված՝ նորից են զանգում: Փորձում ենք
կոպտել՝ սաստելով, որ իրենք կպատժվեն մեզ խանգարելու համար: Այդ դեպքում էլ սկսում
են հայհոյանքներ ու փողոցային արտահայտություններ ուղղել մեզ: Չգիտենք ինչպես վարվենք»,-
ասում է ծառայության աշխատակցուհին: Նրա ասելով՝ իրենք դիմել են ոստիկանություն,
սակայն պարզվել է, որ 102-ը՝ ոստիկանությունն էլ է տառապում այս ցավով: Նույն
իրավիճակից դժգոհ 103՝ շտապօգնության աշխատակիցները պարզել են, որ զանգողներից շատերը
մարզերից են, հիմնականում Շիրակի մարզից. «Խոսակցական բարբառից զգացվում է, որ հիմնականում
գյումրեցիներ են: Այդ զանգերը մեր աշխատանքին շատ են խանգարում, օրը դարձնում են
լարված ու նյարդային: Չգիտենք ինչպես կանխենք այդ չարիքը»,- ասում են շտապօգնության
աշխատակցուհիները: Բոլոր ծառայությունների աշխատակիցներն էլ համոզված էին,
որ անկարգներին «որսալ» իրենք չեն կարող: Թերեւս միակ արդյունավետ միջոցը այն կլինի,
որ ոստիկանությունը՝ համագործակցելով բջջային օպերատորի հետ, պատժի խուլիգան բաժանորդներին:
Որպես օգնություն՝ ստորեւ ներկայացնում ենք նրանցից մի քանիսի հեռախոսահամարները,
որոնք ֆիքսվել են 103 ծառայության հեռախոսահամարի վրա հունվարի 21-ին, ժամը 14.20-ին՝
մի քանի րոպեի ընթացքում: Սրանք շտապօգնության «հիմնական բաժանորդներն» են. 31-83-39,
35-16-27, 88-04-76, 80-51-45: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ