Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՇՈՐԵՐԸ ՍԻՐՈՒՆ ԵՆ

Փետրվար 21,2006 00:00

ԿԱՐԵՎՈՐԸ՝
ՇՈՐԵՐԸ ՍԻՐՈՒՆ ԵՆ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Գագիկ Ծառուկյանն օրերս լրագրողների հետ զրույցի ընթացքում դժգոհեց. «Ինքնըստինքյան
օլիմպիադան դուք բոլորդ էլ տեսաք, բայց ոչ մի լրագրող չբարեհաճեց գոնե գրել Ծառուկյանի
աշխատանքը: Դուք այդպիսի լրագրողներ եք, ասեմ ձեզ: Գոնե լավատես չեք… Մեր ազգը
ներկայացվում էր Թուրինում, որ նայելով իրենց հագուկապով, իրենց ամեն ինչով, գոնե
գրեիք, որ որոշ փոփոխություն կա»: Մի լրագրող հիշեցրեց, թե այնուամենայնիվ՝ հաջողություն
չի գրանցվել, եւ պրն Ծառուկյանն առարկեց. «Եթե քո երկիրը մտնում է 200 երկրի կողքին…
200-ից ասենք թե մտնում էր տասնյակի մեջ իրենց հագուկապով, իրենց մասնակցությամբ,
իրենց հագուստի գեղեցկությամբ, դա ոչ մեկդ… Միայն մասնակցությունը գրեիք, որ իրոք
հագուկապը տեղը, որ դուք հպարտ եք, որ հայ եք, որ ձեր երկիրը մասնակցում է»: …
Բանից պարզվում է, մենք ազգովի թյուրիմացության մեջ ենք եղել: Մինչեւ Գագիկ Ծառուկյանի
բացահայտումներով լի այս հարցազրույցը՝ կարծում էինք, թե մեր օլիմպիականները գնացել
են օլիմպիադա: Պարզվում է՝ նրանք գնացել են դեֆիլեի՝ նորաձեւության ցուցադրության:
Այդ դեպքում արժե առաջարկել, որ հաջորդ մրցումներին ուղարկեն ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին:
Իմ կարծիքով՝ նա շատ լավ է հագնվում, ճաշակով: Գագիկ Ծառուկյանը նաեւ դժգոհեց.
«Եթե Հայաստանում 2 ամիս է ձմեռ, եթե չկար ֆինանսավորում, չկային սպորտդահլիճներ,
մեդալները որտեղի՞ց են լինելու»: Անգամ ինձ պես սպորտից հեռու մարդուն չէր կարող
չզարմացնել այս հայտնագործությունը: Պարզվում է, որ լեռնադահուկային սպորտը պարապում
են մարզադահլիճներո՞ւմ: Բա Ծաղկաձո՞րը, բա Թեղենիսի գագա՞թը, բա Արայի լե՞ռը, բա
Արագա՞ծը, բա ճոպանուղի՞ն: Էտ էլ նի՞խտ: Համ էլ ինչ կա որ՝ քանի որ Գագիկ Ծառուկյանը
պատրաստվում է այսուհետ ավելի հաճախ գալ խորհրդարան, եւ ոչ միայն այնժամ, երբ նրան
կկանչեն որեւէ վճռորոշ քվեարկության՝ կարող է Ազգային ժողովին օրենք ընդունել տալ,
որով ձմեռը Հայաստանում դառնա 12 ամիս: Սակայն մեդալնե՜րն ինչ թիթիզություն
են. շորերը տեղն է, հերիք է, էլի՛: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել