Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԵՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Փետրվար 21,2006 00:00

Չի
բացառում համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը – 2007-ի խորհրդարանական
ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտի լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում,
ստեղծվում նոր կուսակցություններ, հները փորձում են հստակեցնել իրենց դիրքերը: Եվ
այս իրավիճակում ոմանք քաղաքական դաշտում լուրջ գործոն են համարում Գագիկ Ծառուկյանի
«Բարգավաճ Հայաստանը»: Ձեր կարծիքով ի՞նչ վերադասավորումներ են սպասվում ընտրություններից
առաջ: – Ցանկացած ընտրությունից առաջ քաղաքական վերադասավորումները բնական
են, նաեւ բնական է նոր կուսակցությունների մուտքը քաղաքական դաշտ: Ընթացող գործընթացների
մեջ որեւէ արտառոց բան չկա եւ բոլոր՝ հին թե նոր ուժերը հստակեցնում են իրենց ռեսուրսները՝
2007-ի ընտրություններին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է նորաստեղծ կուսակցություններին,
ապա նման քաղաքական հայտ են ներկայացրել ե՛ւ Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը,
ե՛ւ Արտաշես Թումանյանը, որոնցից յուրաքանչյուրը շարադրել է երկրի զարգացման իր պատկերացումները,
իր ծրագրերը, եւ բոլորն էլ առաջընթաց եւ զարգացում ապահովող ծրագրեր են: Ժամանակը
ցույց կտա, թե որքանո՞վ հնարավոր եղավ այդ ծրագրերը դարձնել իրականություն, որովհետեւ
ինձ ծանոթ չէ որեւէ կուսակցություն, որի ծրագրերում երկրի հեռանկարի համար անընդունելի
գաղափարներ ներկայացված լինեն: Ինչ վերաբերում է կոնկրետ Գագիկ Ծառուկյանին, եթե
ինքը կայուն, անցնցում եւ բարգավաճ Հայաստան ապահովելու գործում իր մասնակցությունը
տեսնում է մեծ քաղաքականություն մուտք գործելու, իր կուսակցությամբ ապագա ընտրություններին
մասնակցելու մեջ, ես դա միանգամայն բնական եմ համարում: Քաղաքական բնականոն գործընթացներ
են ընթանում, եւ միայն խորհրդարանական ընտրություններից հետո պարզ կլինի, թե ո՞րն
էր այս կամ այն կուսակցության իրական կշիռը եւ որքանո՞վ ժողովուրդը վստահեց նրանցից
յուրաքանչյուրի խոսքին եւ գործին: Նշեմ նաեւ, որ այս փուլը քաղաքական վերադասավորումների
միայն սկիզբն է եւ մինչեւ ընտրություններ դեռ շատ ջրեր կհոսեն: – Ասացիք,
թե ժողովուրդն ինքը իր քվեով պետք է լինի որոշողը: Մինչդեռ, ընդդիմությունն այն կարծիքին
է, որ եթե քաղաքական գործընթացները գնան այս սցենարով, ապա 2007-ի ընտրություններին
մասնակցելն իմաստ չի ունենա, որովհետեւ հաջորդ ԱԺ-ն կլինի ամբողջությամբ նշանակովի:
– Ցանկացած քաղաքական ուժ իր պարտությունն աշխատում է որոնել եւ գտնել ոչ
թե սեփական սխալների, այլ դիմացինի մեջ: Ընդդիմությունը երեւի նկատում է, որ իր քաղաքական
վարկանիշն այսօր որոշակիորեն վտանգված է, ուստի կանխազգալով ապագա ընտրություններում
սպասվող բավականին լուրջ մրցակցությունը՝ ընտրություններից շատ առաջ անում է նման
հայտարարություններ: 2007-ի համար քաղաքական պայքարի են դուրս եկել մեծ թվով քաղաքական
ուժեր, որոնք ունեն զգալի քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսներ, եւ անգամ տեսականորեն
հնարավոր չէ, ինչպես ասացիք՝ «նշանակել» խորհրդարանի 131 տեղերը: Կարծում եմ, լինելու
է բավականին լուրջ մրցակցություն, աչալուրջ վերահսկողություն ընտրական հանձնաժողովներում,
յուրաքանչյուր քաղաքական ուժ պայքարելու է իրեն տրված յուրաքանչյուր քվեի համար:
Եվ մտածել, թե ինչ-որ մեկն իր քվեն զիջելու է մյուսին՝ պարզապես անլուրջ է: Այնպես
որ, ինչպես մինչ օրս չի իրականացել ընդդիմության եւ ոչ մի լուրջ կանխատեսում՝ այնպես
էլ տրամաբանական չեմ համարում նրանց կանխատեսումն ապագա ընտրությունների վերաբերյալ:
– Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ ապագա ընտրություններում պայքարը գնալու
է ոչ թե ընդդիմության եւ իշխանության միջեւ, այլ հենց իշխանական ճամբարի կուսակցությունների
միջեւ: Իսկ որոշ ուժեր էլ իրենց քաղաքական հաշվարկը կառուցում են այն հեռանկարով,
թե ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ առկա որոշակի հակասությունները աշխատելու
են իրենց օգտին: – Ոչ թե պայքար, այլ մրցակցություն է գնալու այն բոլոր ուժերի
միջեւ, որոնք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ կներկայացնեն: Ինչ
վերաբերում է նրան, որ որոշ քաղաքական ուժեր հակասություն են փնտրում ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ
Հայաստանի» միջեւ, պետք է հիասթափեցնեմ իրենց քաղաքական ապագան նման հաշվարկի վրա
կառուցող ուժերին: Նրանցից ոմանց ձեռնտու կլիներ, որ իրականում նման հակասություններ
լինեին, որովհետեւ յուրաքանչյուր հակասության արդյունքում շահում է երրորդ ուժը:
Իրականում այդ երկու քաղաքական ուժերի միջեւ որեւէ հակասություն գոյություն չունի:
Ավելին, ես չեմ բացառում, եւ դա իմ անձնական տեսակետն է, որ «Հանրապետականն» ու «Բարգավաճ
Հայաստանը» ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցեն համագործակցված ձեւով:
Իսկ թե համագործակցության կոնկրետ ի՞նչ տարբերակ կընտրվի՝ դա արդեն երկու ուժերը
պետք է միմյանց հետ քննարկեն ու որոշեն: Չեմ բացառում նաեւ, որ ապագա համագործակցության
դաշտը ներառի շատ ավելի լայն քաղաքական սպեկտոր՝ միավորելով երկրի զարգացման հեռանկարի
հարցում ընդհանրություններ ունեցող առողջ քաղաքական ուժերին: – Խոսում եք
հնարավոր համագործակցությունից, մինչդեռ ՀՀԿ առաջին դեմքերը պարբերաբար ակնարկում
են, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդամենը փողի կուսակցություն է: – Հանրապետականում
ես մեկ առաջին դեմք եմ ճանաչում, եւ նա նման բան չի ասել: – Տեսակետ կա, որ
ՀՀԿ-ի քաղաքական ծրագրերի մեջ է մտնում երեք հիմնական՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի
եւ վարչապետի պաշտոնները վերցնելը: Սակայն ակնհայտ է, որ ժողովուրդը չի սիրում այս
իշխանություններին, իսկ Ձեր կարծիքով, ժողովուրդը այնքան սիրո՞ւմ է այս իշխանությանը,
որ նրան տա վստահության քվե: – Ցանկացած կայացած քաղաքական ուժի ծրագրերի
մեջ պետք է լինի իշխանության ձգտումը, այլապես այդ ուժի գոյությունը դառնում է ինքնանպատակ:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ծրագրերին, ապա յուրաքանչյուր ուժ ընտրության է գնալու իր
համար որոշակի նշաձող սահմանած՝ հաշվի առնելով իր հնարավորությունները: Եվ այդ առումով
եթե այսօր 1-2 անդամ ունեցող մարդ-կուսակցությունները մտածում են նախագահ կամ վարչապետ
դառնալու մասին, ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն իր քաղաքական հավակնություններով զիջի որեւէ
կուսակցության: Ամեն ինչ, սակայն, որոշվելու է ընտրությունների արդյունքում եւ կախված
նրանից, թե ՀՀԿ-ն ի՞նչ ներկայություն կունենա ապագա խորհրդարանում՝ հնարավոր կլինի
արդեն կոնկրետ խոսել ձեր նշած խնդիրների մասին: Իսկ ինչ վերաբերում է իշխանությանը
չսիրելուն՝ ոչ մի երկրում էլ, կարծում եմ, իշխանություններին չեն սիրում: Էականն
այն է, թե տվյալ իշխանությունն ինչ է անում ժողովրդի համար: Եթե մի կողմ թողնենք
հուզական մոտեցումներն ու նայենք սթափ, կտեսնենք, որ թե՛ հանրապետության նախագահը
եւ թե՛ կառավարությունը իրենց խոստումները կատարել ու կատարում են: – Գաղտնիք
չէ, որ ՀՀԿ-ի դիրքերը մեծապես կախված են այն հանգամանքից, թե արդյոք պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը 2007-ի ընտրություններին կմասնակցի՞ ՀՀԿ համամասնական ցուցակով:
Նա առայժմ խորհրդավոր լռում է, թեպետ, կարծես, հենց այդ որոշումն էլ պայմանավորելու
է քաղաքական դաշտի վերջնական վերաձեւումը: – Կարծում եմ, պաշտպանության նախարարն
առաջիկայում ինքը կհրապարակի իր որոշումը, այնպես որ՝ չէի ցանկանա ո՛չ ես, ո՛չ էլ
որեւէ մեկն այդ հարցին նրա փոխարեն պատասխաներ: Անգամ, եթե այդ պատասխանը կոնկրետ
ինձ հայտնի է: Քաղաքական գործընթացները զարգանում են բնականոն հունով, եւ որքան անհեռատես
է հապաղելը, նույնքան էլ անհեռատես է քաղաքական գործընթացներից առաջ ընկնելը: Յուրաքանչյուր
գործընթաց արդարացված է ճիշտ ժամանակի եւ պահի մեջ: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել