Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՊԵՏՔ Է

Փետրվար 21,2006 00:00

Բայց՝ ժողովրդավարության պայմաններում,- ասում են ընդդիմադիրները

ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգ մշակելու փորձերը վաղուցվա պատմություն ունեն: Այդպիսի մի փորձ 1994-95 թվականներին արել էր ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախագահությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը, որը կոչված էր մշակել ռազմական հայեցակարգ, մոբիլիզացիոն ծրագիր: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ԱԳ նախարարության հետ համատեղ աշխատող մի խումբ էր ստեղծվել, որը համապատասխան ծրագրեր էր մշակել, փաստաթղթեր էր ներկայացրել: Բայց երբ բանը հասել էր փաստաթուղթն ընդունելուն՝ չէր ընդունվել մի քանի պատճառով: Օրինակ՝ ռազմական դոկտրինը չէր ընդունվել, որովհետեւ 97թ.-ին դեռ հայտնի չէր եղել, թե այդ դոկտրինն ով է իրավասու ընդունել: «Այն ժամանակ անգամ այդ գաղափարը օրենքից հանվեց, որովհետեւ ռազմական դոկտրին հաստատելու իրավասություն Սահմանադրությամբ նախագահին տրված չէր: Ազգային անվտանգության հայեցակարգ ներկայացրել էր նաեւ Վարդան Օսկանյանը՝ 1998-ին: Մենք պաշտպանության նախարարությունում դրա նախագիծը ստացել էինք, բայց դա էլ այդպես էլ մնաց թղթի վրա՝ որպես նախագիծ, ու անգամ չքննարկվեց: Թե՝ ինչո՞ւ, պետք է հարցնել ՀՀ նախագահին ու անվտանգության խորհրդին»,- երեկ մեր զրույցի ժամանակ ասաց ՀՀ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախկին նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Անցած ուրբաթ օրը գումարվեց ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը, կարծես թե, վերջապես կարող է վաղուց սպասված այդ փաստաթուղթը շրջանառության մեջ դնել: Ընդհանրապես այն, որ ազգային անվտանգության հայեցակարգը պետք է հիմնված լինի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա՝ ՀՀ պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը հայտարարել էր դեռ 2005թ. դեկտեմբերին՝ պատասխանելով «Երկիր» շաբաթաթերթի ընթերցողների հարցերին. «Մեր հայեցակարգում կան արժեքներ, որոնք մեզ համար մնայուն են. դա ժողովրդի անվտանգության եւ ժողովրդավարության ապահովումն է…»։ Նույնը նա կրկնեց նաեւ անցած ուրբաթ՝ «…առանց ժողովրդավարության չի կարող լինել անվտանգություն»:

Այս դիտարկման հետ համաձայն էին փաստաթղթի մշակման վերաբերյալ իրենց տեսակետները մեզ հետ կիսած ընդդիմադիր քաղաքական գործիչները, ովքեր միաժամանակ պնդում էին, թե նկատի ունենալով այն, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող՝ մշակվելիք հայեցակարգը մնալու է միայն թղթի վրա, ինչպես ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի դիտարկմամբ, «որեւէ պետություն, որը չունի ազգային անվտանգության հայեցակարգ՝ չի կարող խոսել ազգի գոյատեւման մասին: Բայց այսօր խոսել ազգային անվտանգության հայեցակարգի մասին՝ անհեթեթ է»:

Վահան Շիրխանյանը եւս ազգային անվտանգության հայեցակարգի մշակումն ուղղակիորեն պայմանավորեց Հայաստանում ժողովրդավարական համակարգի կայացմամբ. «Ազգային անվտանգության հիմնական բաղադրիչները, որոնք պետք է նման փաստաթղթի ձեւավորման համար նախադրյալ լինեին՝ նախեւառաջ՝ տնտեսական, ինֆորմացիոն, պարենային, էներգետիկ անվտանգություն, Հայաստանում խախտված են: Սրանք բոլորը կամ խիստ նվազել են, կամ ուղղակի գոյություն չունեն: Ազգային անվտանգության հայեցակարգը նախեւառաջ, ճիշտ ասաց հանձնաժողովի նախագահը, մարդու, քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար է: Բայց Հայաստանում խախտված է նաեւ այս սկզբունքը: Հայաստանում այս իրավիճակում չի կարող ձեւավորվել հասարակություն՝ փոխօգնության, համերաշխության, հանդուրժողականության հիման վրա»: Պատասխանելով մեր այն հարցադրմանը, թե՝ այդ դեպքում, իր կարծիքով, ի՞նչ փաստաթուղթ կարող է ներկայացնել այս միջգերատեսչական հանձնաժողովը, պարոն Շիրխանյանն ասաց. «Դա կարող է լինել տեսական փաստաթուղթ, որի մեջ կլինեն, ասենք՝ բոլոր հիմնական դրույթներն ու գլուխները՝ ռազմական, տեխնոլոգիական, ինֆորմացիոն, տնտեսական անվտանգություն, ինչպես գրված է շատ երկրների համար, բայց Հայաստանի պայմաններում դրանք իրագործելի չեն լինելու: Իշխանությունները դա գրանցելու են իբրեւ եւս մեկ «առաջընթաց»՝ Հայաստանն ունի ազգային անվտանգության հայեցակարգ, եւ վերջ: Այդպիսի ընդունված փաստաթղթերը, եթե դրանք լրջորեն են մշակված, գործնականում կիրառում են իշխանական կոնկրետ շրջանակներ, իսկ դա նրանցից ոչ մեկին ձեռնտու չէ: Այսինքն՝ նման հայեցակարգ ունենալը ժողովրդին ձեռնտու է, իսկ իշխանություններին՝ ոչ, որովհետեւ դա կարող է սահմանափակել իշխանությունների գործառույթները»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել