Բարի գալուստ Հայաստան Ճշմարիտ պատմություն այն մասին, թե ամերիկացի Քեւինին ամառվա շոգին խաշ են հյուրասիրել Հենց այն պահին, երբ նա վերջացրեց օճառել գլուխը, ջրի հոսքը ցնցուղի մանր ծակոտիներից դադարեց։ Կաթ, կաթ, կաթ… Երգեցին վերջին կաթիլները, եւ ցնցուղը լռեց։ Քեւինը քարացավ՝ վեր պարզած ձեռքերով։ Բաց կանաչ փրփուրը հոսեց քունքերով եւ, ընկնելով ձախ աչքի վրա, փակեց այն։ Քեւինը սկսեց հերթով պտտել բոլոր ծորակները։ Դրանք հինգն էին՝ երեքը լոգարանինը, երկուսը՝ լվացարանինը։ Ծորակները պատասխանեցին լռությամբ։ Մնում էր եւս մեկ ելք. ամբողջ կոկորդով գոռալ ամերիկյան ստուգված «Help»-ը, սակայն Քեւինն անհարմար զգաց. ժամը գիշերվա երկուսն է, բոլորը քնած են։ Քեւինը նստեց լոգարանի ծայրին եւ ցուցամատով ականջից թափ տվեց փրփուրը։ Եթե նա հայ լիներ, ապա մի լավ կհայհոյեր «Ջրմուղին», նաեւ՝ «ջրի մարդուն»: Քանի որ խոսք գնաց ջրի մասին, այս երկուսին կմիացներ նաեւ հարեւանին, որը մեկ շաբաթ առաջ ջրել էր առաստաղը, եւ այս «վինեգրետը» կհամեմեր ավանդական հայկական գանգատներով կառավարությունից, որը բոլորովին չի մտածում ժողովրդի մասին։ Սակայն, ի դժբախտություն իրեն, Քեւինն ամերիկացի էր։ Մի քանի ամիս առաջ նրա՝ Միչիգանի համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանողի խելքին փչեց կապվել Խաղաղության կորպուսի հետ, եւ ահա արդյունքը. նա կանգնած է անջուր լոգարանի մեջտեղում, եւ փրփուրը հոսում է դեմքով։ Ոչ, Քեւինը չէր բարկանում, ոչ մի նման բան։ Եթե սա պատահեր, ասենք, վաղը, նա նույնիսկ կծիծաղեր։ Սակայն 17-ժամյա թռիչքից հետո նա միայն մի բան էր ուզում՝ լողանալ եւ հնարավորինս շուտ անկողին մտնել։ Բայց ամերիկացին որոշում է, Հայաստանը՝ տնօրինում։ Մի 2 ժամ առաջ բնակարանի տերը, ուր նա պատրաստվում էր ապրել 3 ամիս, դիմավորեց Քեւինին օդակայանում, գրկեց եւ ձեռքը սեղմեց այնպիսի ջերմությամբ, կարծես սիրելի բարեկամին էր դիմավորում երկար տարիների բաժանումից հետո։ Գեւորգը՝ տանտերը, Քեւինին նստեցրեց սպիտակ «Ժիգուլին», բերեց տուն, կիսահայերենով, կիսաժեստերով բացատրեց, թե որտեղ է Քեւինի սենյակը, որտեղ է լոգարանը եւ մաղթեց բարի գիշեր՝ խորհրդավոր տեսքով ասելով, թե վաղը նրան շուտ կարթնացնի։ «Ի՞նչու»,- ժպտաց Քեւինը։ «Խաշ»,- շշնջաց Գեւորգը եւ գնաց քնելու։ Վերադառնանք անջուր ցնցուղին. Քեւինը սրբիչով գլխից եւ մարմնից սրբեց փրփուրը եւ որոշեց առիթը ներկայանալու դեպքում խնդրել մանրամասն թրեյնինգ էքստրեմալ լոգարանային իրավիճակներում։ Վաղ առավոտյան Քեւինը բացեց աչքերը եւ տեսավ Գեւորգի ժպտացող թուխ դեմքը՝ երկար բեղերով եւ թավ հոնքերով. «Արա, Քեւին ջան, խաշը, խաշը բաց կթողնես»։ Ժամը 8-ի կողմերը սկսեցին հավաքվել հյուրերը, մեծամասամբ՝ տղամարդիկ։ Ոմանց ձեռքին օղու շիշ կար՝ թերթով փաթաթած։ Տանտիրուհին՝ Կարինեն, բերեց արգանակով սպիտակ ափսեները, որոնցից գոլորշի էր բարձրանում։ Գեւորգի աղջիկը՝ Ռինան բացատրեց, որ բարակ հացը կոչվում է լավաշ, այն պետք է մանրել եւ լցնել ագարակի, այսինքն՝ խաշի մեջ։ Քեւինը սկսեց հացը փշրել արգանակի մեջ, ջանաց չշնչել սխտորի հոտը, որի հանդեպ երբեք էլ ջերմ տրամադրված չէր եղել։ Մի քանի գդալ ուտելուց հետո սրտխառնոց զգաց։ Սխտորահոտախառն գոլորշին տաքացրեց դեմքը, աչքերը լցվեցին արցունքով։ Նա գնաց խոհանոց՝ պայթյունավտանգ խառնուրդի վրայից ջուր խմելու։ «Քեւին ջան,- տանտերը խոհանոց մտավ օղու շիշը ձեռքին,- ախր դու սխալ ես խաշն ուտում։ Օղիով է պետք, օղիով»։ Բավականին խոշոր կումից հետո նրան թվաց, թե ստամոքսի մեջ արագ գործողության ռումբ նետեցին։ Պայթյունը ցնցեց ողջ օրգանիզմը, եւ կրակը սպառնաց դուրս ժայթքել բոլոր ծակոտիներից։ Մինչ Գեւորգը կհասցներ ինչ-որ բան ասել, Քեւինը դուրս թռավ տնից։ Գեւորգի մի հարկանի սեփական տան փոքրիկ բակը դուրս էր գալիս հենց փողոց։ Չնայած դեռ առավոտյան 9-ը չկար, փողոցում անսովոր աշխուժություն էր տիրում։ Երեխաները՝ ձեռքերին ջրով լի դույլեր, ջրամաններ, Կոկա-կոլայի պլաստմասսայե շշեր, աղաղակելով վազվզում էին՝ Վարդավառի օրն էր։ «Ջրին նվիրված հայկական տոն»,- շշնջաց Քեւինը. «Արագ, ետ տուն»։ Բայց՝ չհասցրեց, եւ գիշերն այդքան ցանկալի հայկական ջուրը լցվեց խաշով եւ օղիով «թունավորված» խեղճ ամերիկացու գլխին։ «Հիվանդ, հիվանդ»,- իր սակավ հայերենով փորձեց երեխաների հռհռոցը ծածկել Քեւինը՝ ձեռքերով պաշտպանվելով սառը ջրից։ «Ոչինչ, ոչինչ, օգնում է»,- կատարյալ ցնծության մեջ ավելի բարձր ծիծաղեցին երեխաները։ Լիովին թաց, հիվանդ կոկորդով եւ այրվող ստամոքսով Քեւինն անօգնական նստեց մայթին: ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ