«Երնեկ էսօր անձրեւ չգա» Բնակիչներն ամեն օր այս երազանքով են ապրում Հարավ-արեւմտյան թաղամասի Անդրանիկի 88 շենքի առաջին մուտքի տանիքը տեղումների ժամանակ կաթում է: Դրանից ազատվելու համար տարիներ առաջ բնակիչները խողովակներ են իրար կցել ու այնպես հարմարեցրել, որ ջուրը խողովակով թափվի դուրս: Այդ խողովակներն անցնում են 9-րդ հարկով ու պատուհանից դուրս գալիս: Սակայն արդեն մի քանի տարի է՝ խողովակները փտել են, մաշվել ու ճաքճքել: Որոշ հատվածներ բնակիչները փոխարինել են տան վառարանի խողովակներով, բայց նորից խնդիրը չի լուծվել: Ցանկացած տեղումների ժամանակ ջուրը խողովակի վնասված տեղերից ծորում է ու սառցապատում մուտքի աստիճանները: Վերեւի հարկերի բնակիչներն ամեն հարկում դույլեր ու տաշտեր են դնում՝ ջրի դեմն առնելու համար, սակայն սեփական միջոցներով չեն կարողանում տանիքի ընդամենը մի քանի մետրանոց խողովակի հարցը մեկընդմիշտ լուծել: Ցրտերն ընկնում են թե չէ՝ ամեն աստիճանի տակից սուր-սուր սառույցներ են կախվում, որոնք ցանկացած պահի կարող են թափվել անցնող-դարձողների գլխին ու վտանգավոր հետեւանքներ թողնել: Սառցապատ աստիճանների վրա հավասարակշռությունը չկարողանալով պահել՝ բնակիչներից մեկը ընկել է ու կոտրել ձեռքը: Եթե նույնիսկ եղանակը տաք է լինում եւ խողովակից հոսող ջուրը սառույց չի դառնում, այն այնպես է լճանում մուտքում, որ բնակիչները ռետինե երկարաճիտ կոշիկներով են ստիպված լինում «լիճն» անցնել՝ աղբը թափելու կամ պարզապես իջնել-ելնելու համար: Այս առնչությամբ բնակիչները երբեւէ չեն դիմել ոչ թաղապետարան, ոչ էլ այդ շենքի «Էջմիածին» կոչվող համատիրություն, սակայն «Առավոտի» միջոցով խնդրում են պատասխանատուներին զբաղվել շենքի տանիքի խնդիրներով եւ ազատել իրենց այդ գլխացավանքից: Հ. Ջ