Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԵՐԸ ՊԵՏՔ ՉԵ՞Ն

Փետրվար 18,2006 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԵՐԸ ՊԵՏՔ ՉԵ՞Ն Հյուրանոցների տերերը՝ կարգ ստանալու համար, չեն շտապում դիմել կառավարությանը Հյուրանոցներին աստղ շնորհելու ՀՀ կառավարության որոշումն արդեն մեկ տարի է՝ ինչ ուժի մեջ է մտել, սակայն մինչ օրս աստղ ստանալու համար ընդամենը մեկ հյուրանոց է հայտ ներկայացրել, այն էլ «ծագումով» ոչ հայկական: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ խոսքը իտալական «Կոնգրես» հյուրանոցի մասին է: Վերջինս համեստություն է արել եւ դիմել է նախարարությանը 3 աստղ ստանալու համար, մինչդեռ պարոն Ապրեսյանի խոսքերով, մի քանի պահանջներ որակավորման կարգին համապատասխանեցնելու դեպքում «նույնիսկ 4-ի էլ կձգեր»: Մի քանի օրից նախարարությունը հանդիսավոր պայմաններում աստղերը կհանձնի հյուրանոցին: Մյուս հյուրանոցների անտարբերությունը կառավարության աստղերի նկատմամբ՝ պարոն Ապրեսյանը պատճառաբանեց, թե համակարգը նոր է ներդրվում եւ հյուրանոցային բիզնեսով զբաղվողները «ամոթով» չմնալու համար ջանում են իրենց ծառայությունների որակը բարձրացնել եւ հետո նոր միայն հայտ ներկայացնել: Մեզ մոտ աստղերը մի տեսակ կորցրել են իրենց փայլն ու նշանակությունը, քանի որ առանց որակավորում անցնելու իրենց ճակատը աստղերով են զարդարում անգամ միհարկանի եւ տարրական հարմարություններից զուրկ հյուրանոցները, աստղային հիվանդությամբ են տառապում նաեւ սուպերմարքեթները, բենզալցակայանները, էժանագին մոթելները, նույնիսկ ամենախղճուկ կրպակները: Եվ եթե միջազգային չափանիշներով ամենաբարձր կարգը 5-ն է, մեզ մոտ 6-7, անգամ տասը աստղանի օբյեկտների կարելի է հանդիպել: Ըստ Մ. Ապրեսյանի, հյուրանոցային տնտեսություններից բացի, իրենք չեն կարող որեւէ այլ օբյեկտի կեղծ աստղերը հանել, քանի որ առեւտրի մասին օրենքը չի արգելում. «Մեկը կարող է իր խանութին աստղ կպցնել, մյուսը՝ փիղ»: Զբոսաշրջության մասին օրենքով արգելվում է օգտագործել որակավորման կարգեր, որոնք կառավարության կողմից հաստատված չեն: Պարոն Ապրեսյանն այդպես էլ չհստակեցրեց՝ առանց որակավորվելու աստղ փակցրած հյուրանոցներին կաստղազրկե՞ն, թե՞ ոչ, եւ միայն ասաց, որ ինքնագործունեությամբ զբաղվող տնտեսվարողները կտուգանվեն բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով. «Քանի որ համակարգը նոր է ներդրվել, չենք ուզում միանգամից կոշտ միջոցների դիմել եւ տնտեսվարող սուբյեկտին վնասել: Իրենք իրենց աստղ շնորհած հյուրանոցների տերերին զգուշացրել ենք, որ հանեն եւ եթե ցանկանում են որակավորման կարգ ստանալ՝ հայտ ներկայացնեն: Նրանք պետք է նախապես ծանոթանան կարգի պայմաններին ու պահանջներին, որպեսզի հետո հայտը չմերժենք»: Ի դեպ, եթե այս կամ այն հյուրանոցը աստղերը «ափաշքյարա» չի փակցնում, ապա ինտերնետում իր հյուրանոցային համալիրը զբոսաշրջիկների համար գովազդելիս աստղեր անպայման փակցնում է՝ այդկերպ ապատեղեկատվություն տալով վերջիններիս: Մ. Ապրեսյանի մեկնաբանմամբ, որակավորման նպատակն է աջակցել զբոսաշրջիկներին ընտրության հարցում, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը եւ նպաստել հյուրանոցային բիզնեսի մրցակցությանը: Որակավորման կարգ ստանալու չափանիշները յուրաքանչյուր երկրում տարբեր են: Եթե ծովափնյա երկրների 5 աստղանի հյուրանոցներից պահանջվում է ճաշացանկում անպայման ունենալ ծովային ցանկացած ուտեստ, ապա մեր 5 աստղանին, սահմանված չափանիշներով, պետք է ամռանը պարտադիր թարմ միրգ ունենա, ձմռանը՝ չիր: Բացի այդ, բարձրակարգ հյուրանոցները, կարգում սահմանված պահանջների համաձայն, պետք է պարտադիր ունենան լողավազան, օդափոխման համակարգ, ավտոմեքենաների կայանատեղի, օբյեկտի շրջակայքը պետք է լինի բարեկարգ, մանր ապրանքների եւ անձնական հիգիենայի պարագաների վաճառակետ, ամառային, ձմեռային այգիներ, սենյակները կահավորված լինեն համապատասխան կահույքով եւ այլն: Կառավարության որոշումը վերաբերում է նաեւ հանգստյան տներին, հյուրանոցատիպ հանգրվաններին, առողջարաններին, մոթելներին, զբոսաշրջային տներին, ճամբարային համալիրներին: Մ. Ապրեսյանի ներկայացմամբ, կարգը կորոշի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության որակավորման բաժնի ստորաբաժանումների ներկայացուցիչներից, զբոսաշրջության հարցերով զբաղվող հ/կ-ների անդամներից, սանիտարահիգիենիկ բաժնի աշխատակիցներից, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից ու նկարիչ- ճարտարապետներից բաղկացած գնահատող հանձնաժողովը: Կառավարության չափորոշիչները «քարացած» չեն եւ Մ. Ապրեսյանի խոսքերով՝ դեռ կատարելագործվելու տեղ ունեն: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել