«ԱրմենՏելի» քարտերը ստիպում են ծխել Իսկ ընկերությունն այդ մասին տեղյակ չէ «Սլիմ» ծխախոտի գովազդային պաստառների վրա նշված է, որ եթե գնեն հենց այդ ֆիրմայի ծխախոտները, տուփի ընդգծված մասը կտրեն ու ներկայացնեն ընկերության գրասենյակ, կարող են շահել բջջային հեռախոսներ եւ «ԱրմենՏելի» «իզիի» վերալիցքավորման քարտ: Ընդ որում, պաստառում նաեւ շահելու մեծ հավանականությունն ընդգծելու համար նշված է, որ կարող են բաշխել 5400 քարտ: Այն, որ «Սլիմը» որպես շահում առաջարկում է ոչ թե, ասենք, «ՎիվաՍելլի» «ալո», այլ հենց «ԱրմենՏելի» քարտերը, եւ որ այդ քարտերի թիվը բավականին մեծ է, ենթադրվում էր, որ ծխախոտ արտադրող ընկերությունը համագործակցում է «ԱրմենՏելի» հետ, հատկապես, որ պաստառներում հստակորեն երեւում է «իզի» քարտը: Սակայն ընկերության լրատվականից ճշտեցին, որ «ԱրմենՏելը» «Սլիմի» հետ ոչ մի պայմանագիր չունի, «Սլիմն» իր նախաձեռնությամբ եւ իր կամքով է «ԱրմենՏելի» անունը հիշատակել սեփական գովազդում, ինչը «ԱրմենՏելին» ոչնչով չի վնասում: «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում, որը սահմանափակում է ծխախոտային արտադրանքի իրացման արգելքները, ասվում է. «Արգելվում է ծխախոտային ցանկացած արտադրատեսակի անվանումը կամ ապրանքային նշանը կրող ապրանքների (կարճաթեւ վերնաշապիկներ, գլխարկներ, մարզական վերնաշապիկներ, արեւապաշտպանիչ հովհարներ, ուսապարկեր, որոնք կրելիս կամ գործածելիս աչքի են զարնում եւ տեսանելի են դիմացինին) տարածումը, վաճառքը կամ որպես պարգեւատրում (մրցանակ) առաջարկելը»: Սակայն նկարում պատկերված գովազդային պաստառում ծխախոտ արտադրող ընկերությունը գայթակղում է ծխախոտամոլներին հենց նման շահումներով՝ առաջարկելով ծխել՝ հանուն ընկերության լոգոյով գրիչների, շապիկների ու ժամացույցների: Առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը ծխախոտի մասին ցանկացած միջոցառման ժամանակ հանդիսավոր ազդարարում է, թե «ծխախոտի դեմ պայքարում ակնհայտ առաջընթաց կա»: Սակայն այդ առաջընթացը, բացի Բազարչյանից ու ոլորտում ընդգրկված հ/կ-ներից, ոչ ոք չի նկատում: Ծխախոտային ընկերությունների ցանկացած գովազդային ակցիային, անկախ այն բանից՝ շահումը մեծ է, թե փոքր, հազարավոր քաղաքացիներ են մասնակցում: Այդ ակցիաները բնականաբար մղում են օրական 1 տուփի փոխարեն ծխել 2-ը, 3-ը, դրանք երբեմն գայթակղում են նաեւ չծխողներին, իսկ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարողները դրա դեմ գործնականում որեւէ քայլ չեն ձեռնարկում: Ծխախոտի սահմանափակումների մասին վերը նշված օրենքն արգելում է ծխել վարորդներին, ծխախոտ վաճառել անչափահասներին կամ վաճառել այն բաց տուփերով, հատիկով: Բայց այդ դրույթներից եւ ոչ մեկը չի կիրառվում, ավելին՝ մինչեւ այսօր չի ստեղծվել համապատասխան մարմին, որը, ասենք, կարգելեր վարորդներին ծխել: Մոտ կես տարի առաջ պարոն Բազարչյանը օրենքի չկիրառվելը բացատրում էր, թե դեռ 100 օր էլ չի անցել, ինչ փաստաթուղթը ուժի մեջ է մտել, այսքան շուտ տարբերությունը չեք զգա: Սակայն այսօր էլ օրենքի առկայությունը բացարձակապես չի զգացվում, որովհետեւ այն պարզապես չի գործում: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ