Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱԴԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Փետրվար 18,2006 00:00

ԿԱՆԱԴԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԳԱՂՏՆԻՔԸ Մայրաքաղաքում կառուցվելու է նոր էլիտար թաղամաս, բայց նախագծի պատասխանատուներն առայժմ դա գաղտնի են պահում: Վերջին շրջանում մի քանի էլիտար թաղամասեր են կառուցվել: Դրանց շինարարությունը դեռ չավարտած՝ նախագծի հեղինակներն արդեն գովազդային հայտարարություններ էին սկսել տարածել եւ նույնիսկ հատակագիծը միայն ցույց տալով՝ բնակարանները վաճառել: Վահագնի թաղամասի դեպքում էլ դեռ շենքերի նախագիծը չպատրաստած՝ արդեն այդ մասին ստույգ խոսակցություններ էին պտտվում եւ ամեն օր հեռուստատեսությամբ կոչ էր արվում Վահագնի թաղամասում թեկուզ մի ոտնաչափ հող ունենալու համար շտապել հայտ ներկայացնել: Ոչ մի թաղամասի շինարարություն իրենից «կոմերցիոն» գաղտնիք չի ներկայացրել, միայն, այսպես կոչված, «Կանադական» թաղամասի կառուցումն է, որի նախագիծն առայժմ հույժ գաղտնի է պահվում, իսկ անշարժ գույքի գործակալությունները դրա վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն «կոմերցիոն գաղտնիք» են համարում: Մեր հավաստի աղբյուրի տեղեկատվությամբ՝ այն, որ նման թաղամաս կառուցվելու է, դա հաստատ է, բայց այդ մասին նախագծի ներկայացուցիչները չեն խոսում, որովհետեւ պատճառներ ունեն: Խնդիրն այն է, որ մյուս բոլոր էլիտար թաղամասերը վաճառվում էին սովորական սկզբունքներով. այն մարդիկ, անկախ նրանից՝ հայ են, ռուս, թե տաջիկ, ովքեր ի վիճակի են վճարել 1 քմ տարածքի համար սահմանված գինը, կարող էին դառնալ այդ թաղամասում բնակարանի տեր: Սակայն Կանադական թաղամասի դեպքում վաճառքն այլ կերպ է իրականանալու: Ավելին՝ դա նույնիսկ վաճառք չի լինելու, այլ նախագիծն իրականացնողները «սիմվոլիկ» գումարով՝ 1 քմ-ն 2000 դոլարով, տարածքը բաժանելու են իրար մեջ: Կանադական թաղամասում ապրելու են ամենահեղինակավոր հայերը. այսպիսի նպատակ են իրենց առջեւ դրել նախագծի հեղինակները: Հաշվի առնելով, որ նման սկզբունքով ընտրությունը մեր երկրում շատերին «թասիբի» կգցի՝ արդեն կարելի է պատկերացնել, թե թաղամասի առաջին բնակարանները վաճառելու օրերին հանրապետությունում ինչ «արյունահեղություններ» կլինեն: Թե ինչու են նոր թաղամասը կոչելու «Կանադական» եւ ինչով է այն նման լինելու Կանադային, պարզ չէ: Չի բացառվում, որ զուտ այս աղմուկից (Կանադական թաղամասի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է) խուսափելու համար թաղամասի անունը հետագայում փոխվի: Բացի այդ, մոտ երկու տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Երեւանում «Լաս Վեգաս» կոչվող թաղամաս է լինելու, որն ամեն ինչով «մինի» Լաս Վեգասն է հիշեցնելու: Այդ ժամանակ խոսքն ավելի շատ գնում էր Փարաքարի ճանապարհի մասին, որովհետեւ կարծիք կար, որ այդ թաղամասը հենց Ծովակալ Իսակովի փողոցում է կառուցվելու, մանավանդ որ ամենակարեւոր «դետալները»՝ խաղատները կային: Բայց Կանադական թաղամասի կառուցման համար, մեր տեղեկություններով, նախատեսել են ավելի կենտրոնական տարածք, ասենք՝ Մոնումենտի մոտ: Այս թաղամասի շինարարությունն արդեն մանրից սկսված է, բայց անշարժ գույքի ոչ մի գործակալությունում չցանկացան մանրամասներ հայտնել: Գործակալություններից մեկի տնօրենը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հայտնեց, որ «թեեւ բոլորս էլ գիտենք՝ ինչի մասին է խոսքը, բայց մեզ հարցնողներին գերադասում ենք ցրել, որովհետեւ սիրուն բան չի ստացվի, իզուր խոսակցություններ պիտի լինեն»: Մեր տեղեկություններով՝ անցյալ տարի Կանադական թաղամասի մասին «Առավոտին» որոշ տեղեկություններ տրամադրած գործակալություններից մեկի տնօրենին նախագծի պատասխանատուները մի լավ «շշպռել» են ու հորդորել՝ առանց իրենց թույլտվության անգամ պատահական հարցնողներին որեւէ ինֆորմացիա չտրամադրել: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ իսկապես, Կանադական թաղամասի կառուցման համար հողհատկացում եղել է: Թե ինչ տարածքով է եղել հողհատկացումը, քաղաքապետարանից առայժմ չկարողացան ասել՝ խոստանալով այդ մասին տեղեկատվություն տրամադրել առաջիկայում: Միայն քաղաքապետարանը հաստատեց մեր ունեցած տեղեկատվությունը, որ այն ընդգրկում է նաեւ Մոնումենտի Բաբայան փողոցի մի հատվածը, բայց թե մինչեւ ուր է ձգվում՝ առայժմ պարզ չէ: Լրատվական ծառայության ղեկավարը քաղաքապետարանի մասնագետներից ճշտեց, որ այս պահին Կանադական թաղամասին հատկացված հողատարածքում շինարարական աշխատանքներ են կատարվում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել