Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծել վստահության մթնոլորտ

Փետրվար 18,2006 00:00

Ստեղծել վստահության մթնոլորտ «Վերջերս առանձին անհատների եւ կազմակերպությունների մակերեսային, չկշռադատված, սիրողական մոտեցումների պատճառով խեղաթյուրվում են ջավախքահայության խնդիրները»,- երեկ հայտարարեց «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: Ողջ քննարկումը, որին պետք է մասնակցեին նաեւ Վրաստանից ժամանած պաշտոնյաներ եւ հյուրեր, անցավ «անվստահության մթնոլորտը» ցրելու անկեղծ ցանկությամբ: Ճիշտ է, Վրաստանից ակնկալվող հյուրերն այդպես էլ տեղ չհասան, քանի որ ճանապարհին բուքն ու բորանը խանգարել էին: Ներկա էր միայն ՀՀ-ում Վրաստանի դեսպանը, որը քննարկման առաջին մեկուկես ժամը համեստորեն լռեց: Ինչպես տեղեկացանք պարոն Վարդապետյանից, սա առաջին, բայց ոչ վերջին քննարկումն էր, եւ այսուհետ դրանք շարունակվելու են՝ ընդգրկելով հարցերի լայն շրջանակ: Երեկ, օրինակ, քննարկվում էին ջավախքահայերի կրթական խնդիրները: Համընդհանուր արտագաղթից եւ գործազրկությունից հետո կրթությանն առնչվող հարցերը թերեւս ամենակարեւորն են, որոնց առաջ այսօր կանգնած են ջավախքցիները: Որպես ապացույց բերվեցին բազմաթիվ խոսուն թվեր եւ փաստեր: Ընդհանուր առմամբ, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ներկայումս գործում է 116 հայկական դպրոց՝ 21 հազար աշակերտով: Սակայն վերջին տասը տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով խորացած արտագաղթի արդյունքում առաջին դասարանցիների թվի կտրուկ նվազումն արդեն տագնապալի բնույթ է կրում: 1994-2004թթ. գրեթե կրկնակի չափով պակասել է Ախալքալաքի շրջանի հայկական դպրոցների առաջին դասարանցիների թիվը: 1994թ.-ի 1880 աշակերտի փոխարեն նրանց թիվը 2004-ին դարձել էր արդեն 943: Քիչ ավելի բարվոք էր Նինոծմինդայի շրջանի վիճակը: Այստեղ 1994-ին սովորել է 581 առաջին դասարանցի, իսկ 2004-ին՝ 460: Ներկաներից մեկը՝ ծնունդով ախալցխեցի ազատամարտիկ եւ պարուսույց Գագիկ Գինոսյանը, պատմում էր, որ 20-րդ դարի սկզբին Ախալցխայում եղել է միայն 7 հայկական դպրոց: ԽՍՀՄ փլուզման շրջանում քաղաքում մնացել էր 4 դպրոց, որոնցից մեկը հայկական, երկուսը՝ ռուսական եւ մեկը՝ վրացական: Արդեն այսօր Ախալցխայում կա 4 վրացական եւ մի հայկական դպրոց: Քննարկման ժամանակ կազմակերպիչները փորձում էին մեղմորեն շրջանցել սուր անկյունները, նույնիսկ «մշակութային ինքնավարության» մասին էին զգուշորեն խոսում, սակայն սուր անկյունների առանձնահատկությունն այն է, որ երբ դրանք կան՝ միշտ հիշեցնում են իրենց մասին: Ջավախքում դրանք առանձնապես շատ են: Փոխադարձ անվստահությունը, որ կա վրացական կառավարության եւ ջավախքահայության միջեւ, ավելի է սրում իրավիճակը: Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը, որը նախորդ ամառ եղել է Ջավախքում, ֆիլմ նկարել այդ տարածաշրջանի մասին, եւ ավելին՝ «զրուցել բոլոր գործող անձանց հետ»՝ «պետք է վերջնականապես ասենք, որ ընդունում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ոչինչ չենք ուզում, բացի մշակութային ինքնավարությունից, որ Վրաստանի նյարդերն անընդհատ չսղոցվեն: Մեկընդմիշտ հրաժարվենք այն մտքերից եւ խոսքերից, որ կարող է լինել Ջավախք՝ Վրաստանից դուրս»: Ըստ պարոն Ասատրյանի, այդ դեպքում ամեն ինչ նորմալ կլինի: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել