Մահ՝ վտարման արդյունքում Վտարված բնակիչները՝ իրավազուրկ Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանին են դիմել Բուզանդի փողոցի վտարվածները: «Կողբացի 28 հասցեի շենքը, որտեղ ապրում էր հիմնադիր ընտանիքը 1930թ. եւ Վարդանյանները` 9 անձով, տարածքի համատեղ սեփականատերերն էին: Այդ բազմաբնակարան եւ բնակիչների կողմից սեփականաշնորհված շենքի տակի հողը՝ առանց սեփականատերերին տեղյակ պահելու եւ նախապատվության իրավունքով գնման առաջարկելու, Կենտրոն թաղապետարանը 1000 քմ-ն 5000 դոլարով վաճառեց «Անուր» ՍՊԸ-ին, որը չնչին գումարներով փորձեց ազատել տալ շենքը եւ շուկայականից ցածր գնով, դատարանի միջոցով խլեց հանրային կարիքների անվան տակ»,- գրում են վտարվածները: Վտարում իրականացնողները չեն ստորագրել պայմանագիր, փոխհատուցումն ըստ էության չի տրված: Մնում է, որ իրավաբանները պատասխանեն՝ արդյո՞ք առանց իրավական փաստաթղթի վտարումը հանցագործություն չէ: «Պուշկինի 34 հասցեի Եդիգարյանների սեփական տունը կառուցվել է 130 տարի առաջ իրենց նախապապի կողմից, որը գնելով՝ 612.2 քմ այդ հողատարածքի վրա կառուցել էր բնակելի երկկողմանի ճակատային տուն՝ 265.8 քմ, որտեղ բնակվել են սերնդե-սերունդ: Շենքն իբրեւ պատմական եւ մշակութային հուշարձան արգելվում էր քանդել եւ պահպանվելու էր պետության կողմից»: Պետությունը փոխհատուցեց 5 ընտանիքների, այն դեպքում, երբ այն ունեցել է 12 վարձակալ: Եդիգարյան քույրերը իրենց սեփականության իրավունքի խախտման հարցով դիմեցին դատարան: Դատարանը, ըստ նամակագիրների, չճանաչեց անգամ Եդիգարյանների ժառանգական իրավունքը: «Վտարումն իրականացնելու ժամանակ կտրուկ սրվեց Նորա Եդիգարյանի առողջական վիճակը: Կանչված շտապ օգնությունը անթույլատրելի համարեց մահամերձ կնոջ վտարումը, որին պատգարակով էին հանում պապական տնից: ԴԱՀԿ-ին դա չէր հետաքրքրում. մի քանի ժամ անց Եդիգարյանը մահացավ»: Մի՞թե կատարվածը սպանություն չէր: Նամակագիրները նշում են Պապյանների, Ղասաբյանների, Բաղդասարյանների, Մկրտչյանների վտարումները՝ տարաբնույթ ձեւերով ու իրավախախտումներով: «Դատարաններում անօրինական գործողությունների զոհն ենք դարձել»,- գրում են անտուն ու իրավազուրկ դարձածները՝ ակնկալելով հարցի վերջնական լուծում: Ռ. Մ.