Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԱՎԱԴՍԿՈՅ

Փետրվար 18,2006 00:00

«ԶԱՎԱԴՍԿՈՅ ԴԵՖԵԿՏ» Երաշխիքային սպասարկում՝ առանց երաշխիքի Բժիշկ Հովսեփ Շամախյանը 2004թ. դեկտեմբերին Սայաթ-Նովայի 24 հասցեում գտնվող «Ֆիլիպս» խանութից գնում է «Ռայփուլ» («Whirlpool») ֆիրմայի սառնարան, որը, ի վերջո, նրան հասցնում է դատարան: Գնման օրից 7 ամիս անց՝ երաշխիքային ժամկետի ընթացքում, 465 դոլար արժողությամբ սառնարանը սկսում է չիրականացնել իր հիմնական՝ սառեցման ֆունկցիան: Խանութն ուղարկում է մի քանի մասնագետ, որոնցից առաջինն անսարք դետալը փոխարինում է այլ ֆիրմայի դետալով՝ պատճառաբանելով, թե «Ռայփուլ» ֆիրմայի դետալներ չեն բերվում, իսկ օրեր անց ի հայտ եկած նույն թերությունն արդեն երկրորդ մասնագետը ոչ մի կերպ չի կարողանում վերացնել: Վերջինս նշում է, որ անսարքությունը գործարանային է, եւ պետք է ուղղակի փոխել սառնարանը: Ի դեպ, 2 մասնագետներն էլ հրաժարվում են լրացնել երաշխիքային կտրոնը՝ պնդելով, թե խանութի աշխատողներ չեն ու պահանջում են վճարել իրենց կատարած աշխատանքի եւ փոխված դետալի համար: Խանութի տնօրինությանը հանդիպելու՝ Հ. Շամախյանի փորձերն ապարդյուն են անցնում: «Ամեն անգամ վաճառողներն ասում էին, թե տնօրենը քաղաքում չէ, մենեջեր չկա, իսկ սառնարանը փոխելու պահանջս մերժում էին՝ պատճառաբանելով, որ այն իմ մեղքով է փչացել»,- պատմում է Հ. Շամախյանը: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ «ապրանքը նմանօրինակ նմուշի ապրանքով փոխարինելու» պահանջով բժիշկ Շամախյանը գրավոր դիմում է խանութին, բայց ապարդյուն: Հետո նույն պահանջով հայց է ներկայացնում դատարան: Նրան փաստաբանական օգնություն է տրամադրում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը: Հ/կ-ի աշխատակից Վարդուհի Սարոյանի խոսքերով՝ հայցի մերժման համար պատասխանողը պետք է դատարանում ապացուցի, որ ապրանքի թերությունը սխալ օգտագործման հետեւանքով է առաջացել, ինչն էլ մեզ հետ զրույցում ընդգծում էր «Ֆիլիպս» խանութի վաճառող Աշոտ Ավետյանը: Ըստ նրա՝ սառնարանի անսարքության ամենահավանական պատճառը գերծանրաբեռնված շահագործումն է եղել. «Զավադսկոյ դեֆեկտը» մինչեւ 20 օրը կերեւար, ոչ թե 7-8 ամիս հետո: Էդ «խալադելնիկը» դրել «նագռուզկի» տակ աշխատացրել են, ուզում են չփչանա՞: Ութ ամսում մարդն ա մաշվում-մեռնում…»,- ասում է նա: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Հրաչ Հովհաննիսյան) պատասխանող կողմի՝ «Ֆիլիպս» խանութի սեփականատեր «Նոր վերելք» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Նարինե Ասլանյան) չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգեց: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի ներկայացուցիչ Վ. Սարոյանը վստահ է, որ դատարանը հայցը կբավարարի: Իսկ «Ֆիլիպս» խանութի վարքագիծը նա պայմանավորում է նրանով, որ այսօր պրակտիկայում հազվադեպ է լինում, երբ սպառողը գլխացավանքների գնով փորձում է պաշտպանել իր ոտնահարված իրավունքները. «Մարդիկ գերադասում են վնաս կրել, քան դատարան դիմել»,- շեշտում է նա: ԱՐԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել