Վթարային Ստեփանավան Ստեփանավանում երկրաշարժից հետո հարյուրավոր ընտանիքներ մինչ օրս ստիպված են ապրել ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ գտնվող շենքերում: Այսօր Ստեփանավանում 12 բազմաբնակարան շենք համարվում է վթարային: Տասը տարի առաջ «Հայսեյսմշին» կազմակերպության կատարած ուսումնասիրությունների արդյունքում այդ վթարային շենքերը բաժանվել են կարգերի, ըստ որի 2-ը երկրորդ կարգի վթարային է համարվել (դեռ կարելի է ապրել), 8-ը՝ 3-րդ (փլվելու վտանգն ավելի մեծ է), իսկ մյուս 2-ը՝ 4-րդ կարգի (ապրելն արգելվում է օրենքով): Վերջին կարգավիճակի շենքերում, չնայած օրենքի պահանջներին, շարունակում են մարդիկ ապրել: Ստեփանավանի քաղաքապետարանում բացատրում են, որ այդ ընտանիքները բնակարանով ապահովվել են դեռեւս անցյալ տարի՝ առաջնահերթության ցուցակի համաձայն: Շենքում ապրողները չեն հերքում այդ փաստը, բայց ավելացնում են, որ երկրաշարժից հետո իրենց ընտանիքները մեծացել են, երեխաներն ամուսնացել են, ուստի մեկ բնակարանը քիչ է: Չարենցի 179 շենքը համարվում է 3-րդ կարգի, բայց՝ անհապաղ վերանորոգման ենթակա: Այս շենքում 48 ընտանիք է ապրում: Նրանցից շատերն այստեղ են շենքի շահագործման օրվանից՝ արդեն 33 տարի: 77-ամյա Արաքսյա Մարդոյանը իր աղջկա հետ ապրում է շենքի 5-րդ հարկում: Այս հարկի բնակիչները շենքի կիսախարխուլ վիճակի պատճառով ամենից շատ են տուժում: «Շան տանջանք ա սկսվում անձրեւոտ օրերին, մեկ էլ՝ ձնհալի ժամանակ, տանը զոնտիկով ենք ման գալիս, սաղ պոլերին աման-չաման ենք շարում, որ տանը ջրհեղեղ չլինի, հարեւանի տուն չլցվի, կռիվ չսկսվի, ներքեւի հարեւանի հետ էլ ամեն շաբաթ կռվում եմ, նրա տունն էլ ջոգ ա փչանում»,- բողոքում է Ամալյա Մարդոյանը: Շենքում լուրջ խնդիր է նաեւ ներքին կոյուղացանցի եւ ջրատար խողովակների մաշվածությունը: Դրանց հետեւանքով ջուրը լցվում է շենքի հիմքը՝ մեծացնելով առանց այդ էլ փլվելու պատրաստ շենքում ապրելու վտանգը: Քաղաքապետարանում նշում են, որ քաջածանոթ են խնդրին, բայց քաղաքաշինության նախարարությանը դիմելուց բացի՝ ոչինչ անել չեն կարող. տեղական բյուջեի հնարավորությունները սուղ են, իսկ առաջնահերթությունը անտուն մնացածներինն է: Անօթեւան ընտանիքների թիվը Ստեփանավանում ցուցակով 164 է, բացի այդ՝ գոյություն ունի պետական բնակարան չկորցրած, բայց անօթեւան համարվող ընտանիքների եւս մեկ ցուցակ՝ թվով 612: Նրանց մեծ մասն ապրում է վագոն-տնակներում, եւ ՏԻՄ ուշադրության կենտրոնում հենց այսպիսի ընտանիքներն են: Երկու տարի առաջ 3-րդ կարգի վթարային շենքերից մեկի պատշգամբը փլվելու հետեւանքով մի կին մահացավ: Այդ մասին խոսեցին մեկ շաբաթ: Հետո տունը վաճառեցին, նոր տանտերը նոր պատշգամբ կառուցեց, ու բոլորը մոռացան, որ շենքի կիսախարխուլ վիճակը մարդկային կյանք արժեցավ: Իսկ վթարային շենքերում շարունակում են ապրել: ՑՈԼԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ hetq.am-ում