Ղարաբաղ8211Կոսովո. նմանություններ եւ տարբերություններ Հատվածներ ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանի «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցից: – Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան եւ կոսովյան հակամարտությունների «նմանությունը»: – Նախ, երկու դեպքերում էլ Ադրբեջանի եւ Սերբիայի մեջ գոյություն ունեցող ինքնավարությունները՝ համապատասխանաբար կոսովյան ալբանացիների եւ ղարաբաղյան հայերի, վերացվել էին այդ միութենական հանրապետությունների իշխանությունների որոշումներով՝ համապատասխանաբար 1989 եւ 1991 թվերին: Կոնֆլիկտների սկիզբը ե՛ւ Կոսովոյում, ե՛ւ Ղարաբաղում նշանավորվեց Սերբիայի եւ Ադրբեջանի կողմից անձնագրային ստուգման, ֆիլտրացիայի եւ բռնագաղթի ռեպրեսիվ ռազմա-ոստիկանական ռեժիմների կայացմամբ, համապատասխանաբար՝ ալբանական եւ հայկական բնակչությունների նկատմամբ: Երկու դեպքերում էլ միութենական հանրապետությունների՝ Սերբիայի եւ Ադրբեջանի իշխանությունները ի պատասխան Կոսովոյի եւ Ղարաբաղի՝ ինքնորոշվելու քաղաքական պահանջներին, նրանց վախեցնելու եւ կամքը ճնշելու համար նրանց նկատմամբ սկսեցին զանգվածային բռնարարքների դաժան գործողություններ՝ էթնիկ պատկանելության սկզբունքով: Երկու կոնֆլիկտներն էլ միությունների քանդման ընթացքում մի կողմից՝ Հարավսլավիայի, մյուս կողմից՝ ՍՍՀՄ-ի, բերեցին ազգային- ազատագրական շարժումների եւ Կոսովոյի ու Ղարաբաղի բնիկների ինքնորոշմանը: Երկու դեպքերում էլ ազգային-ազատագրական շարժումները սկզբնական շրջանում կրում էին իրրեդենտ (վերամիավորում պահանջող) բնույթ՝ Կոսովոն ուզում էր միանալ Ալբանիային եւ ԼՂ-ն՝ ՀՀ-ին, իսկ հետագայում քաղաքական գործընթացները հանգեցրին նրան, որ երկուսն էլ ցանկացան ստեղծել ազգային հանրապետություններ՝ անկախ նախկին գաղութատիրական Սերբիայից եւ Ադրբեջանից: Հակամարտությունների զինված բազաները նախաձեռնվել են Սերբիայի մետրոպոլ իշխանությունների եւ ՍՍՀՄ-ի ու Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ Կոսովոյի եւ Ղարաբաղի խաղաղ բնակչությունների, ինչն էլ առաջ բերեց ինքնապաշտպանության անկանոն ուժերի պարտադրված ստեղծում՝ կոսովյան ալբանացիների եւ ղարաբաղյան հայերի կողմից: Երկու հակամարտություններում էլ Կոսովոյի ալբանացիներին եւ Ղարաբաղի հայերին պաշտպանում էին համապատասխանաբար կամավորները նրանց սահմանակից եւ արյունակից Ալբանիայից եւ Հայաստանից: – Մի քանի խոսք էլ, խնդրեմ, տարբերությունների մասին: – Որպես տարբերություն պետք է նշեմ այն փաստը, որ ի տարբերություն Կոսովոյի ադմինիստրատիվ ղեկավարության, ԼՂՀ-ն ստեղծվել էր ՍՍՀՄ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանական հանրապետության ստեղծմանը զուգահեռ՝ ՍՍՀՄ-ի ապաինտեգրացման արդյունքում եւ առանց կոնֆլիկտային գոտի օտարերկրյա ռազմական խաղաղապահ ուժեր մտցնելու: ԼՂՀ-ի ինքնորոշման հանրաքվեն անց էր կացվել համաձայն ՍՍՀՄ 1990թ.-ի «Միութենական հանրապետության՝ ՍՍՀՄ կազմից դուրս գալու» օրենքին համաձայն: Տարբեր են նաեւ կրակի դադարեցման ռեժիմների պահպանման միջոցները: Կոսովոյի դեպքում՝ միջազգային խաղաղապահների վերահսկողությամբ, իսկ Ղարաբաղի դեպքում՝ ԼՂ Հանրապետության, ՀՀ եւ Ադրբեջանի կանոնավոր բանակների մասնակցությամբ՝ առանց միջազգային ուժային կառույցների ներգրավման: – Այսպիսով, ինչպե՞ս կգնահատեք կոսովյան եւ ղարաբաղյան հակամարտությունների նմանություն-տարբերությունները: – Անցկացնելով քաղաքական, իրավական եւ պատմական զուգահեռներ այդ կոնֆլիկտների միջեւ, զերծ մնալով կողմերի էթնոկրոնական բնութագրումներից, կարելի է որոշակի վերապահումներով պնդել, որ Կոսովոն, Ալբանիան եւ Սերբիան իրենց ընդհանուր բնութագրական սխեմատիկ զուգահեռներով կարող են համադրվել Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Այլ խոսքերով, կոնֆլիկտային վերլուծության տեսակետից Կոսովոյի ալբանացիների հանդեպ Սերբիան հանդես եկավ շովինիստական գաղութատիրության նույն դերում, ինչպես Ադրբեջանը՝ ԼՂ հայերի հանդեպ: