«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ Երեկ խորհրդարանական պատմության մեջ երկրորդ անգամ խորհրդարան էր եկել գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Պարոն Ծառուկյանի այցը իսկական իրադարձություն դարձավ ոչ միայն խորհրդարանական լրագրողների, այլեւ պատգամավորների համար: Մի քանի րոպե խորհրդարանում ներկա բոլորը կենտրոնացել էին այդ փաստի վրա: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանին ընտրելուց հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց չհեռանալ եւ պատասխանել լրագրողների հարցերին: Հարցերը առաջին հերթին վերաբերում էին նրա նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Գործարարը վերահաստատեց իր մտադրությունը՝ ուժեղացնել կուսակցությունը, կառույցներ ստեղծել հանրապետության տարբեր մարզերում եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ասաց. «Մենք կուսակցություն ենք ստեղծել եւ այդ կուսակցությամբ պետք է զբաղվենք»: Գագիկ Ծառուկյանին հարցրին՝ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ կուսակցությունը գլխավորելու է Վիկտոր Դալլաքյանը: Պատասխանեց. «Ես հայտարարում եմ, որ մեր դռները բաց են, եւ կապ չունի, դիմություն-ընդդիմություն, բոլոր այն մարդիկ, ովքեր ընդունված են ժողովրդի կողմից՝ պիտանի են մեր քաղաքական գործունեությանը, ինձ համար կապ չունի, մեզ մոտ դռները բաց են: Ես ընդհանրապես ոչ մեկին առաջարկություն չեմ արել, չեմ էլ անելու, մարդիկ՝ նայելով մեր ծրագրերը, մեր գաղափարը, մեր կուսակցությունը, ինքնըստինքյան, եթե կցանկանան, թող գան»: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ կուսակցություն է լինելու «Բարգավաճ Հայաստանը» եւ ո՞ւմ համար: Ասաց, որ դա լինելու է ժողովրդի համար, ոչ մեկին չի ծառայելու եւ լինելու է կուսակցություն՝ ժողովրդի համար: Անուններ չտրվեց, ասաց, որ պատրաստվում են կուսակցության բոլոր գրասենյակները, եւ շուտով նաեւ անդամների անունները հայտնի կլինեն. «Պետք է ընդգրկված լինեն այնպիսի մարդիկ, որոնք ի ծնե քաղաքական գործիչներ են ե՛ւ գաղափարով, ե՛ւ ապրած կյանքով, բայց հիմա իրենք կարիք ունեն ուշադրության, տնտեսական ուժի, եւ համատեղ մենք դա կիրականացնենք: Պետք է ընդգրկված լինեն այնպիսի մարդիկ, որոնք ժողովրդի կողմից հարգանք են վայելում՝ իրենց ապրած կյանքով, եւ վստահություն են ներշնչում: Այսօր Ծառուկյան Գագիկը այդ կուսակցությունը ստեղծել է ոչ թե նրա համար, որ Ծառուկյան Գագիկին պաշտոն է պետք կամ ինչ-որ ակնկալիք ունի: Դուք այսօր շատ լավ տեսնում եք, որ պարոն Ծառուկյանը իր ապրած կյանքով եւ աշխատանքով անում է ամեն ինչ՝ կայացման, զարգացման, բարելավման համար: Ես կուզենայի, որ մեր հարգելի լրագրողները եւ ժողովուրդը մեկնաբանությունները ճիշտ անեն: Ամեն ինչ փողի մեջ չի, հարգելի լրագրողներ»: Հետաքրքրվեցինք, թե բացի փողից, ի՞նչն է լինելու «Բարգավաճ Հայաստանի» երաշխիքը. «Իմ կուսակցության երաշխիքը լինելու է աշխատանքը, գործը, հավատքը, եթե կուսակցությունը մի հայտարարություն արեց, ինքնըստինքյան այդ հայտարարությունը անմիջապես իրականանալու է»,- պատասխանեց Գագիկ Ծառուկյանը: 2007-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության ակնկալիքների մասին հարցին Գագիկ Ծառուկյանը չուզեց առայժմ պատասխանել, ասաց, որ դրա պատասխանը կտա ժողովուրդը: Կուսակցության հիմնադիր համագումարը կհրավիրվի մինչեւ օգոստոս ամիսը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ