Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ

Փետրվար 18,2006 00:00

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արմեն Հարությունյանի ընտրության առնչությամբ «Մարդու իրավունքի եւ ազատության» կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանն ասաց. «Կոնկրետ նրա դեմ բացարձակ ոչինչ չունենալով՝ պետք է ասեմ, որ Արմեն Հարությունյանն իր (գոնե հասարակության աչքի առջեւ տեղի ունեցած) գործունեության ողջ ընթացքում երբեւէ չի զբաղվել մարդու իրավունքներով: Նա իրավաբան է եւ, ինչպես ինքը հայտարարեց՝ պատրաստվում է գործել օրենքների շրջանակում: Մինչդեռ դա իրավապաշտպանություն չէ: Իրավապաշտպանը չպիտի գործ ունենա Հայաստանի կամ որեւէ երկրի օրենքների հետ՝ նրա գործը մարդուն ի ծնե տրված իրավունքների եւ միջազգային նորմերի հետ է: Օրենքները տարբեր են լինում, եւ իրավապաշտպանները կոչված են ոչ թե օրենքների շրջանակներում պաշտպանել մարդկանց, այլ պաշտպանել պաշտպանության կարիք ունեցող մարդկանց: Օրինակ՝ ֆաշիստական Գերմանիայում օրենքների շրջանակում էին հալածում հրեաներին: (Մեր կողմից հավելենք եւս մի օրինակ՝ Հայաստանում հանրահավաքներն արգելում էին եւ դրանց մասնակիցներին ձերբակալում ամբողջատիրական, սովետական շրջանի օրենքներով.- Ա. Ի.): Ի՞նչ է, մարդը պետք է իրավաբանությունից ելնելով չպաշտպանե՞ր այդ օրենքներին զոհ դարձածների շահերը»: Նոր Պաշտպանի վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի գնահատականն էր. «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն այնպիսին է, որ անկախ անձից՝ ստիպված է լինելու գործել: Տվյալ դեպքում, իշխանությունն, իհարկե, ցանկացավ ընտրել այնպիսի մարդու, որը ինչպես ասել էի նախապես՝ կլինի ցուցափեղկ: Սակայն չեմ ուզում առաջ ընկնել՝ ժամանակը ցույց կտա: Մի առիթով էլ եմ ասել, որ Հայաստանի պես երկրներում Մարդու իրավունքների պաշտպանը կարող է արժանանալ երկու ճակատագրի. կա՛մ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի ճակատագրին՝ եթե փորձի գործել, կա՛մ էլ կվարկաբեկվի: Տեսնենք, թե նոր Պաշտպանի հետ ինչ կլինի առաջիկայում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել