Սնամեջ հաղթանակներ Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները երեկ Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց, թե Եվրոպական հանձնաժողովը չի ֆինանսավորի «Կարս-Ախալքալաք» երկաթգծի կառուցումը եւ առհասարակ ԵՄ-ն դեմ է տարածաշրջանում ՀՀ մասնակցությունը բացառող նախագծերում մասնակցություն ունենալուն: Տիկին Բենիտայի այս հայտարարությունը, անշուշտ, կարելի էր գնահատել իբրեւ Հայաստանի հերթական դիվանագիտական հաղթանակ: Սակայն բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ «Կարս-Ախալքալաքի» նախաձեռնողները, ֆինանսավորման առումով, կարծես թե հեշտությամբ յոլա են գնում նաեւ առանց ԵՄ-ի: Այսինքն՝ վերոհիշյալը դիվանագիտական հաղթանակ է այնքանով, որ Հայաստանում ոմանց համար հաճելի է գիտակցել, որ «Կարս-Ախալքալակը» կառուցվում է ոչ թե Եվրամիության, այլ ուրիշ կազմակերպությունների փողերով: «Համագործակցությունը եղել եւ մնում է Եվրամիության առաջնային նպատակներից մեկը: Առանց տարածաշրջանային համագործակցության՝ Հարավային Կովկասում չի լինի կայունություն եւ բարգավաճում»,- թեմայի համատեքստում շարունակեց ԵՄ արտաքին կապերի հանձնակատարը: Երեկվա հաջորդ դիվանագիտական հաղթանակն այն էր, որ ըստ տիկին Ֆերերո-Վալդների, ԵՄ-ն դեմ չէ Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը: «Մենք միշտ կողմ ենք էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը եւ կարծում ենք, որ Հայաստանն իրավունք ունի դիվերսիֆիկացնել էներգիայի իր աղբյուրները»,- ասաց ԵՄ հանձնակատարը: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Բենիտա Ֆերերո-Վալդները հաջորդաբար նշեցին, որ իրենց առանձնազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Տիկին հանձնակատարը մասնավորապես ասաց, որ ԵՄ-ն շարունակում է Իրանի հետ բանակցությունները: «Հուսով ենք, որ Իրանը կօգտվի ՌԴ տարածքում միջուկային վառելիքի վերամշակման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունից եւ այդպիսով՝ փոխզիջումային լուծում գտնելու հնարավորություն կստեղծվի: Մենք ակնկալում ենք, որ Իրանն իրեն մեկուսացման մեջ չի դնի»,- ասաց Ֆերերո-Վալդները: Նա անդրադարձավ նաեւ Թուրքիայի թեմային՝ նշելով, որ այդ երկրի հետ ԵՄ բանակցությունների սկսման համաձայնությունը ենթադրում է Հայաստանի հետ սահմանի բացում: «Դա հարց է, որը պետք է լուծվի բանակցությունների գործընթացում»,- նշեց հյուրը: Դա էլ ձեզ՝ մեր երրորդ սնամեջ հաղթանակը: «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը Հայաստանի առջեւ բացում է նոր հեռանկարներ տարբեր ասպարեզներում: Այս նախաձեռնության մեջ ներգրավումը կնպաստի Հայաստանի ինտեգրմանը միացյալ եվրոպական շուկային»,- ի ամփոփումն՝ ավետեց եվրատիկինը: Տ. Ա.