ՎԵՐՋԸ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾԻՆ ՀԱՍԱՆ Մարդու իրավունքների պաշտպանը կոալիցիայի նվերն է անպաշտպաններին Խորհրդարանը երեկ նման էր ոչ թե քաղաքական մարմնի, այլ՝ հարցեր լուծելու համար հրավիրված «սխոդկայի», քանի որ ԱԺ նիստերի դահլիճ էին ժամանել նույնիսկ նրանք, ովքեր միայն համապատասխան ձայներ ապահովելու համար են գալիս, եւ չէին էլ թաքցնում, որ եկել են «շեֆի» պատվերը կատարելու: Ակնհայտ էր, որ այս անգամ արդեն կոալիցիայի չորրորդ կողմը հարցը խիստ էր դրել՝ ոչ միայն քվեարկել հօգուտ Արմեն Հարությունյանի, այլեւ այդ քվեարկության ապացույցները ներկայացնել: Թերեւս սա էր պատճառը, որ կոալիցիայի մյուս երեք կողմերը երեկ ընդդիմանում էին եւ համառորեն այդպես էլ չընդունեցին Վիկտոր Դալլաքյանի առաջարկն այն մասին, որ յուրաքանչյուր մերժվող թեկնածուի անվան վրա ուղղակի մեկ գիծ քաշել եւ ոչ թե զիգզագներ անել կամ նկարչական այլ տրյուկներ: Սակայն քվեարկությունից հետո մեզ հաջողվեց պարզել, որ նկարչություն, այնուամենայնիվ, եղել է, քանի որ եւ ՀՀԿ-ն, եւ ՕԵԿ-ը, եւ ՀՅԴ-ն, նաեւ՝ ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավորը» պարզապես պարտավորված են «զեկուցել», որ իրենց խոստացած ձայները տվել են Արմեն Հարությունյանին: Եվ ահա թե ինչ է ստացվել այդ «գծագրությունից». ՀՀԿ-ից նրանք, ովքեր դեմ են քվեարկել Հրանտ Խաչատրյանին` ուղիղ գիծ են քաշել, ՕԵԿ-ականները վերեւից ներքեւ են գիծ քաշել, դաշնակցականները՝ ներքեւից-վերեւ, ՄԱԿ-ը երկու գծով է «ոչ» ասել, իսկ «Ժողպատգամավորը»՝ երեք զուգահեռ գծերով: Այս «գծագրության» արդյունքում երեկ երեկոյան իշխանությունները եւ նրանց հարողները տոնեցին հերթական պատվերի իրենց հաղթանակը: Իսկ մինչ այդ խորհրդարանական խումբ-խմբակցությունները փորձում էին ընտրություններին քաղաքական գործընթացի ձեւ տալ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը պիտի լինի արհեստավարժ, քաղաքական կոնյունկտուրայից դուրս. «Նաեւ ինչ-որ տեղ քաղաքականությունից, քաղաքական կյանքից, քաղաքական կողմնորոշումներից մի քիչ ավելի հեռացված աստիճանի»: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի կարծիքով, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանը ընտրվում է վեց տարով, ճիշտ չէ այսօր հայտարարել, թե նա ընդդիմության կամ իշխանության թեկնածուն է, որովհետեւ պարզ չէ, թե վեց տարվա ընթացքում ով կլինի ընդդիմություն եւ ով՝ իշխանություն: «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը իր ելույթը բավականին հետաքրքիր էր կառուցել եւ արդյունքում ստացվեց, որ պարոն Գեղամյանը շահագրգիռ էր ավելի շատ պաշտպանել ՀՀ նախագահին, քան թեկնածուներից որեւէ մեկին. «Եթե պաշտպանված չէ երկրի առաջին դեմքը, ապա ի՞նչ կարելի է խոսել սովորական շարքային քաղաքացիների պաշտպանվածության մասին»: Հիմնավորումը հետեւյալն էր՝ Ռոբերտ Քոչարյանին ստիպում են օրինազանցություններ անել, եւ որպես փաստ ներկայացվեց բաց քվեարկությունը, այն, որ նա մինչ օրս չի հրամանագրում ԿԸՀ-ում «ԱՄ» անդամին եւ այլ օրինակներ. «Խեղճը Ռամբույեից գալով՝ անհապաղ հավաքեց խորհրդարանական կոալիցիային եւ իր իսկ կողմից գովերգված սահմանադրական փոփոխությունների հոդված 83.1-ը խախտեց, ուր ուղղակիորեն գրված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը դա ԱԺ-ի մենաշնորհն է եւ պարտականությունը: Բա՜ որ ընդդիմությունը այս ամբիոնից ասում էր, որ այս իշխանությունների պարագայում ի՞նչ տարբերություն, հինն է, թե նորը, միեւնույն է՝ խախտելու են, հենց նաեւ այս դեպքը նկատի ուներ»: Ըստ Արտաշես Գեղամյանի, Քոչարյանը առաջին հերթին անպաշտպան է իր շրջապատից, եւ այս պարագայում նրան ավելի լավ կպաշտպանի ոչ թե իր թեկնածուն, այլ՝ Հրանտ Խաչատրյանը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր հերթին հայտարարեց. «Ես հորդորում եմ բոլորիդ, որ դեռ երեխան չծնված` չթաղենք, այսինքն, խոսքը վերաբերում է այն ինստիտուտին, որը մենք փորձում ենք ստեղծել ձեզ հետ միասին: Այստեղ խոսում են հաթաթաներից, Քոչարյանը կանչեց-վախեցրեց եւ այլն: Այդ ժամանակներն անցել են, ոչ մեկը ոչ մեկին չի վախեցնում: Յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ունի իր սկզբունքային մոտեցումները»: Իրենք՝ թեկնածուները եւս խոսեցին, եւ, ըստ էության, Արմեն Հարությունյանը գրեթե կրկնեց իր նախորդ անգամվա ասածներն այն մասին, որ ինքը սկզբունքային է: Իսկ Հրանտ Խաչատրյանի ելույթը խիստ հակասական էր, նրա ելույթի պահին նույնիսկ ոմանք վախեցան եւ սարսռացին, քանի որ օմբուդսմենի թեկնածուն, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, որ ինքը ոգեկոչել է իր զինակից եւ գաղափարակից բոլոր ընկերներին. «Ինձ համար դժվար էր ընդդիմության բանկից հանել իմ քաղաքական ողջ կապիտալը եւ դնել խորհրդարանի բանկում: Այդ դժվարությունը հաղթահարելու ճանապարհը ես տեսա ոգեկոչելու եւ դիմելու Մովսես Գորգիսյանին, Աշոտ Նավասարդյանին, Սամվել Շահմուրադյանին, Արթուր Մկրտչյանին, Վիգեն Շիրինյանին, Լեոնիդ Ազգալդյանին, Շահեն Մեղրյանին»: Հետո էլ հայտարարեց, որ իրեն հարկավոր է ընդունել ոչ թե որպես ընդդիմության թեկնածու, այլ՝ ընդդիմության առաջարկած թեկնածու: Եվ հրավիրեց քաղաքական չեզոքության: Վերջում էլ հայտարարեց` «այս անգամ էլ օգնության կանչելով Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին՝ ես ձեզ առաջնորդում եմ դեպի քվեարկություն»: Քվեարկության ավարտից հետո ելույթ ունենալով՝ նորընտիր մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ ինքն իրեն այնպես կպահի եւ այնպես կաշխատի, որ որեւէ պատգամավոր չի փոշմանի իր ընտրության համար: Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է դեմ գնալ եւ իշխանության, եւ ընդդիմության թեւերին, եթե դրանք կխախտեն մարդու իրավունքները: Եթե նախորդ անգամ Արմեն Հարությունյանին հենց Հրանտ Խաչատրյանն էր հարցնում՝ սիրո՞ւմ է այն մարդկանց, ում ինքը պատրաստվում է պաշտպանել, ապա երեկվա ընտրությունից հետո այդ հարցը Արմեն Հարությունյանին ոչ ոք չտվեց: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ