Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԾՈՒ ԶԵԿՈՒՅՑ

Փետրվար 18,2006 00:00

ԿԾՈՒ ԶԵԿՈՒՅՑ Երեկ ՀՀ խորհրդարանը վերջապես ՀՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան ընտրեց: ՀՀ առաջին ու նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին այդ պաշտոնում փոխարինելու եկավ Արմեն Հարությունյանը: Երեկ իր ընտրությունից հետո նա, պատասխանելով այն հարցին, թե ինքը կներկայացնի՞ առաջին օմբուդսմենի «2005թ. տարեկան զեկույցը Մարդու իրավունքների առաջին պաշտպանի գործունեության եւ Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների մասին», երկմտել էր՝ «Կծանոթանամ, հետո՝ կերեւա»: Թերեւս արժե նաեւ, որ մենք էլ ծանոթանանք այդ զեկույցի վերջնական տարբերակին՝ թեկուզ համառոտ բովանդակությամբ, որը մեզ տրամադրել է ՀՀ առաջին օմբուդսմենը: Այստեղ ներառված են 2005թ.-ին ՀՀ պետական տարբեր օղակների ու գերատեսչությունների կողմից մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման կոնկրետ փաստեր՝ ըստ պատկան մարմինների. ոստիկանություն, դատական համակարգ, արդարադատության նախարարություն, պաշտպանության նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն, ՏԻՄ-եր, սոցիալական ոլորտ եւ այլն: Զեկույցում ներկայացված վիճակագրական տվյալները վկայում են, որ նախկին օմբուդսմենի ստացած գրավոր բողոքների շարքում քանակապես գերակշռում են բողոքները ոստիկանության, դատախազության, արդարադատության նախարարության եւ դրա գերատեսչությունների դեմ։ «Քանի դեռ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, խախտելով մարդու իրավունքները, մնում են անպատիժ, հասարակության վստահությունն առ իշխանություն ավելի է նվազելու եւ ավելի երկար է դարձնելու ճանապարհը դեպի իրավական պետության կայացում»,- վերոհիշյալի վերաբերյալ ասված է զեկույցում: Այստեղ առանձին անդրադարձ կա այս գերատեսչություններին ու մասնավորապես ՀՀ ոստիկանությանը: Նախկին օմբուդսմենի ունեցած տվյալները հիմք են տվել նրան հանգելու այն հետեւության, որ ՀՀ ոստիկանությունն իր ստորաբաժանումներով, այնուամենայնիվ, պահպանողական է իր այն գործելակերպում, որը հանգեցնում է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտմանը. «Դա հատկապես վերաբերում է հանցագործության բացահայտման նպատակների անվան տակ անձին ապօրինի բերման ենթարկելուն, ապօրինի անազատության պայմաններում պահելուն, ձեւական արձանագրությամբ վարչական կալանք կիրառելուն, քննությանը խորթ մեթոդների գործադրմանը, բնակարանի ապօրինի խուզարկությունը զննության արձանագրությամբ քողարկելուն եւ նմանաբնույթ այլ խախտումներին: Դրան նպաստում է նման խախտումների նկատմամբ դատախազական մարմինների հանդուրժողականությունը, ինչը երբեմն արդարացվում է հանցագործության բացահայտման շահերով: 2005-ին, օրինակ, արդարացված չէին «Արդարություն» դաշինքի կողմից Արմավիրում կազմակերպված ուսուցողական միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը տեղի ոստիկանության միջամտությունը եւ նման միջոցառումների խափանումը: Այդպիսի անօրինական միջամտության կապակցությամբ դատախազությանը տրվել է համապատասխան հաղորդում, սակայն հաղորդմանը տրված ընթացքը չի կարող պատշաճ համարվել: Սա նշանակում է, որ հակառակ սահմանադրական այն սկզբունքին, որ ոստիկանությունը, որպես զինված ուժերի բաղկացուցիչ մաս, չի միջամտում երկրի քաղաքականությանը, այնուամենայնիվ, քաղաքականացված է եւ իշխանությունների կողմից, քաղաքական իրավիճակի սրման դեպքերում, օգտագործվում է քաղաքական նպատակներով»: Ըստ զեկույցի, կան ԴԱՀԿ ծառայության մեղքով դատական ակտերի չկատարման դեպքեր, հատկապես այն ժամանակ, երբ պարտապանն այս կամ այն պետական մարմինն է՝ կադաստր, քաղաքապետ, նախարարություն: Իսկ քրեակատարողական հիմնարկներում «դեռեւս առկա են որոշ անընդունելի պայմաններ եւ երբեմն հանդիպող անթույլատրելի վերաբերմունք։ Ի հայտ են գալիս արտոնյալներ, որոնք ուզած ժամանակ կարող են տեսակցություններ ունենալ հարազատի, բարեկամի, ընկերոջ կամ ցանկացածի հետ, հեռախոսով կապվել դրսի աշխարհի հետ, խցում ունենալ ռադիո, հեռուստացույց, իրենց հայեցողությամբ հանձնուք ստանալ եւ ազատորեն օգտվել այլ իրավունքներից: Այդ ամենը նրանց տրվում է ոչ անհատույց կերպով: Պաշտպանի եւ արդարադատության նախարարությանն առընթեր Հասարակական դիտորդական խմբի կողմից արձանագրվել են դաժան վերաբերմունքի դեպքեր (ծեծ, հոգեբանական ճնշումներ, նվաստացումներ), որոնց մասին հաղորդումները չեն ստացել համարժեք արձագանք, այլ ընդհակառակը՝ նկատվել է դրանք քողարկելու միտում»: Դատախազությանը վերաբերող հատվածում եւս կոնկրետ փաստեր կան. «Բողոքներից մեկում նշվում է, որ կալանավորված, 2 անչափահաս երեխաների մայրը մեղադրվում է որպես սպանության դրդիչ»: Այս բողոքը մանրամասնորեն ներկայացնելով, Լ. Ալավերդյանը ամփոփել է. «Այս դեպքը բավարար է՝ պնդելու, որ դատարանը կատարում է դատախազության թելադրանքը, քրեակատարողական հաստատությունը նույնպես անձին ապօրինի պահում է անազատության մեջ դատախազության պահանջով»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել