Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՏԱՀԱՆԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Փետրվար 18,2006 00:00

Երեկ «Առավոտին» ասաց դաշնակահար Սերգեյ Բաբայանը

Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 20-ին, «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա միջազգային ճանաչման արժանացած ամերիկաբնակ դաշնակահար Սերգեյ Բաբայանի մենահամերգը՝ նվիրված իր պրոֆեսորի՝ Գեորգի Սարաջեւի հիշատակին, իսկ փետրվարի 24-ին նա հանդես կգա Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, որի հասույթը կփոխանցվի Երեւանի ծերանոցներից մեկին: Այս առիթով երեկ Ժուռնալիստի տանը հրավիրվել էր մամուլի ասուլիս:

Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը՝ ուղղված Ս. Բաբայանին:

– Դուք ուսանել եք Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ Լուիզա Մարգարյանի, պետկոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Գեորգի Սարաջեւի, այնուհետեւ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Վերա Գորնոստաեւայի, Լեւ Նաումովի, Միխայիլ Պլետնյովի եւ Լեւ Վլասենկոյի դասարաններում: Պրոֆեսոր Սարաջեւին արժանացնում եք նման ուշադրության, հետաքրքիր է, ձեր մյուս դասախոսների պարագայո՞ւմ էլ նման վերաբերմունք եք դրսեւորում:

– Իմ արվեստում ես առաջին հերթին պարտական եմ Գեորգի Սարաջեւին: Երեւանի Չայկովսկու անվան տասնամյակում, ապա երկու տարի կոնսերվատորիայում ուսանել եմ մեծ մարդու, դաշնակահարի ու մանկավարժի մոտ: Աննկարագրելի են նրա մարդկային որակները: Երբ Ռուսաստանում ծառայում էի սովետական բանակում, պատկերացրեք, ամենամեծ թվով նամակները ստանում էի պրոֆեսորից, որոնցում, բացի առողջականով հետաքրքրվելուց, խորհուրդ էր տալիս, հորդորում, որ չվնասեմ մատներս: Ափսոսում եմ, որ չկարողացա վերջին հրաժեշտը տալ նրան, ափսոսում եմ, որ իմ հանդեպ նման հոգատար անձնավորությունը չկարողացավ տեսնել իմ հաջողությունները: Ինչ խոսք, աշխատում եմ մյուս ուսուցիչներիս նկատմամբ էլ լինել ուշադիր, առանց որոնց չէի կայանա որպես դաշնակահար: Ասեմ, որ իմ բախտը բերել է մանկավարժների հարցում: Գեորգի Սարաջեւը նույն բարձրակարգ ռուսական դպրոցի ներկայացուցիչն էր, ինչ իմ մոսկովյան դասախոսները:

– Դասական արվեստի հայ երկրպագուները, բնականաբար, ծանոթ են ձեր հաջողություններին տարբեր միջազգային մրցույթներում, համերգային շրջագայություններին, համագործակցությանը աշխարհահռչակ սիմֆոնիկ նվագախմբերի ու դիրիժորների հետ: Ինչպե՞ս անել, որ հայ դասական արվեստը, ինչպես, օրինակ, գերմանականը, «գրավի» ողջ աշխարհը եւ, չե՞ք կարծում, որ աշխարհով մեկ սփռված ձեր մակարդակի հայ երաժիշտները պետք է վերջնական վերադառնան հայրենիք:

– Արտերկրում ապրող ու ստեղծագործող հայ երաժիշտներս անգամ մեր բուկլետներում տեղեկացնում ենք ծննդավայրի, ուսման եւ այլնի մասին: Այսինքն, Հայաստան բառը անընդհատ հոլովվում է: Դասական երաժշտարվեստում կոմպոզիտորները մեծ գործեր կարող են անել: Այսօր արտերկրում հայտնի են Կոմիտասի, Բաբաջանյանի, Խաչատրյանի, Մանսուրյանի անունները: Աշխարհում դասական երաժշտության հիմնաքարը դրել են գերմանացիներն ու ավստրիացիները՝ Բախը, Բեթհովենը, Մոցարտը, Շումանը, Բրամսը եւ այլք, եւ ես չեմ կարծում, որ, օրինակ, Բախը խնդիր ուներ հայտարարելու, որ ինքը գերմանացի է: Թող այն տպավորությունը չստեղծվի, թե ես ցածր եմ համարում մեր մշակույթը եւ ասում, որ ժամանակակից կոմպոզիտորներ չունենք: Աշխարհում մշակույթ արտահանելը արդեն քաղաքականություն է, ինչով պետք է զբաղվեն դրան կոչված հաստատությունները: Պետք չէ կասկածել եւ խեթ նայել դրսում ստեղծագործողներին: Նրանցից յուրաքանչյուրը անհատականություն է, որ ունի հայրենիք, ազգային հպարտություն: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, Հայաստանում ունեմ հարազատներ, եւ ո՞վ է ասում, թե բացառվում է իմ վերջնական վերադարձը հայրենիք:

Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել