Լրահոս
Օրվա լրահոսը

«Երնեկ էսօր անձրեւ չգա»

Փետրվար 18,2006 00:00

Բնակիչներն
ամեն օր այս երազանքով են ապրում Հարավ-արեւմտյան թաղամասի Անդրանիկի 88 շենքի
առաջին մուտքի տանիքը տեղումների ժամանակ կաթում է: Դրանից ազատվելու համար տարիներ
առաջ բնակիչները խողովակներ են իրար կցել ու այնպես հարմարեցրել, որ ջուրը խողովակով
թափվի դուրս: Այդ խողովակներն անցնում են 9-րդ հարկով ու պատուհանից դուրս գալիս:
Սակայն արդեն մի քանի տարի է՝ խողովակները փտել են, մաշվել ու ճաքճքել: Որոշ
հատվածներ բնակիչները փոխարինել են տան վառարանի խողովակներով, բայց նորից խնդիրը
չի լուծվել: Ցանկացած տեղումների ժամանակ ջուրը խողովակի վնասված տեղերից ծորում
է ու սառցապատում մուտքի աստիճանները: Վերեւի հարկերի բնակիչներն ամեն հարկում դույլեր
ու տաշտեր են դնում՝ ջրի դեմն առնելու համար, սակայն սեփական միջոցներով չեն կարողանում
տանիքի ընդամենը մի քանի մետրանոց խողովակի հարցը մեկընդմիշտ լուծել: Ցրտերն ընկնում
են թե չէ՝ ամեն աստիճանի տակից սուր-սուր սառույցներ են կախվում, որոնք ցանկացած
պահի կարող են թափվել անցնող-դարձողների գլխին ու վտանգավոր հետեւանքներ թողնել:
Սառցապատ աստիճանների վրա հավասարակշռությունը չկարողանալով պահել՝ բնակիչներից մեկը
ընկել է ու կոտրել ձեռքը: Եթե նույնիսկ եղանակը տաք է լինում եւ խողովակից
հոսող ջուրը սառույց չի դառնում, այն այնպես է լճանում մուտքում, որ բնակիչները ռետինե
երկարաճիտ կոշիկներով են ստիպված լինում «լիճն» անցնել՝ աղբը թափելու կամ պարզապես
իջնել-ելնելու համար: Այս առնչությամբ բնակիչները երբեւէ չեն դիմել ոչ թաղապետարան,
ոչ էլ այդ շենքի «Էջմիածին» կոչվող համատիրություն, սակայն «Առավոտի» միջոցով խնդրում
են պատասխանատուներին զբաղվել շենքի տանիքի խնդիրներով եւ ազատել իրենց այդ գլխացավանքից:
Հ. Ջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել