Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն բարեխիղճ մրցակցության

Փետրվար 18,2006 00:00

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատրաստվում է հրապարակել անցյալ տարվա գործունեության հաշվետվությունը:

Հաշվետվության նախնական տարբերակն արդեն մեր տրամադրության տակ է: Ըստ այդմ, անցյալ տարի հանձնաժողովն օրենքը խախտած մի շարք տնտեսվարող սուբյեկտների տուգանել է մոտ 235.5 մլն դրամով, որից արդեն 166.5 մլն-ը պետբյուջե է փոխանցվել: Այն, որ 2005-ը բավականին բուռն է եղել հանձնաժողովի համար, ցույց են տալիս նաեւ նախանցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատությունները. 2004-ին նույնպիսի տուգանքներից պետբյուջե է փոխանցվել 17 մլն դրամ: Ընդամենը 4-5 տարի առաջ մի շարք ապրանքատեսակների շուկաներում գերիշխող դիրք ունեցողները կարող էին թերեւս իրենց թույլ տալ անբարեխիղճ մրցակցության գնալ: Այսօր բավական է ոտնահարվի որեւէ ընկերության շահերը՝ միանգամից դիմում են հանձնաժողով ու խնդրում պատժել անբարեխիղճ մրցակցին: Թե որքանով է հիմնավորված լինում նրանց պատկերացումները խախտման մասին, այլ հարց է, բայց, հանձնաժողովի տվյալներով՝ այդ բողոքներից շատերը հիմնականում դառնում են լուրջ ուսումնասիրման առարկա եւ պատճառ հանդիսանում նորանոր տուգանքների: Գործերին հետեւելիս նկատելի էր, որ հանձնաժողովին համոզելու համար, թե մրցակցի նկատմամբ ոչ մի անբարեխիղճ գործուներություն էլ չեն ծավալել՝ տնտեսվարող սուբյեկտները հաճախ ստիպված էին լինում վարձել հանրապետության լավագույն իրավաբանների:

Դիմում-բողոքների հիման վրա եւ սեփական նախաձեռնությամբ շուրջ 60 ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ են կատարվել, ընդ որում՝ վերլուծվել է մրցակցության իրավիճակը այնպիսի արդիական եւ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքային շուկաներում, ինչպիսին են մսամթերքի եւ կաթնամթերքի, կենցաղային քիմիայի ոլորտները, ինչպես նաեւ բնական գազի եւ բաշխիչ ցանցերով էլեկտրաէներգիայի մատակարարման շուկաները, եւ հայտնաբերվել անբարեխիղճ մրցակցության մի շարք փաստեր, օրինակ՝ ապրանքանիշի անօրինական օգտագործում: Հանձնաժողովի կողմից բացահայտված անբարեխիղճ մրցակցության յուրօրինակ դրսեւորումներից է «Աերոֆլոտ-ռուսաստանյան ավիաուղիներ» ԲԲԸ-ի կազմակերպած «Աշուն-2005» ակցիան, որն ընկերության վրա ավելի թանկ նստեց, քան դրա համար նախատեսել էին. ակցիայի պայմանների մասին հայ սպառողներին ինչպես հարկն է չտեղեկացնելու եւ օրենքը խախտելու համար ընկերությունը տուգանվեց 100 հազար դրամով: Ոչ պատշաճ որակ ապահովելու համար 2004 թվականի «GSM» ծառայությունների մատուցումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով մի կլորիկ գումար պետբյուջե փոխանցեց նաեւ «ԱրմենՏելը»:

2005-ը հաջող տարի էր ոչ միայն հանձնաժողովի, այլեւ նրա մամուլի քարտուղարի համար, որի շնորհիվ գործունեության թափանցիկության եւ հրապարակայնության համար «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությանը հանձնաժողովը ճանաչվեց ՀՀ ամենաթափանցիկ գերատեսչություն: Թե այս տարի ինչ հակամրցակցային գործեր են բացահայտվելու, առայժմ դժվար է ասել, թեեւ այս տարվա գործունեության ծրագիրն արդեն ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով եւ արժանացել հավանության:

Հ. Ջ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել